Ջրի բերած՝ «Վեոլիա»-յի տարած

ՎՃԱՐԵ՛Ք, ԶԻ ԱՅԼ ՃԱՐ ՉՈՒՆԵՔ

Հիշո՞ւմ եք՝ կար ժամանակ, երբ «ջրի գին» ասելուց ու լսելուց էժանության վտակներ էին հոսում մարդկանց երակներում: Բայց դրա անունը հիմա կարոտախտ է, որով քսակդ չի լցվում:
 
Ցնցող նախադեպ կարելի է համարել «Վեոլիա ջուր» ՓԲԸ օրինակը. մրցույթում  շահելուց անմիջապես հետո ավելի քան 5 տարի սպառողների գրպանը սողոսկելու պահանջ ներկայացնել՝ թանկացման տեսքով:
 
Այսքանից հետո կանոնավոր ջրամատակարարման ու ջրահեռացման իր պարտականությունը կատարելը մի՞թե պարտադիր է: Վկան անցած 7-8 ամիսների ընթացքու մ ամենատարբեր թաղամասերից հնչող դժգոհություններն են և «Վեոլիա ջրի» քար անտարբերությունը:
Եվ ինչո՞ւ ջանան կամ մտահոգվեն. առանց դրա էլ մինչև 2022 թվականն ամեն ամ ջրի գինը թանկանալու է: 
 
Երբ անցյալ աշնանը տեղեկացվում էր, որ 2017-ի հունվարից «Վեոլիա Ջուր»-ը դառնում է խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական օպերատորը՝ առաջիկա 15 տարիների համար, լավ ակնկալիքներ չունեինք՝ մեր տառապանքի փորձով: Բայց երբ ֆրանսիական ջրամատակարարն ու ջրահեռացնողը հայաստանցիներին «ողջունեց» թանկացման պահանջով՝ մարդիկ տարակուսեցին, դժգոհեցին ու… համակերպվեցին: Քչերը միայն խորացան մանրամասների մեջ: 
 
Ցրտաշունչ 2017-ն, այդպիսով, դիմավորեցինք ջրի նոր սակագնով. բնականաբար՝ թանկացած: Հյուընկալ տանտիրոջ պատրաստակամությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խմելու ջրի նոր վարձակալի՝  «Վեոլիա ջուր» ՓԲԸ պահանջի հիման վրա 2017 թ• հունվարի 1-ից ջրի սակագինը սահմանեց 180 դրամ (խմելու ջրի մատակարարում՝ 153 դրամ, ջրահեռացման սակագինը՝ 27 դրամ):
 
2017-ին, դեռ մատը մատին չխփած սրանք միանգամից 10 դրամով թանկացրին իրենց հետագա ոչ լիարժեք գործունեությունը: Ու քանի որ ախորժակն ուտելուց է բացվում՝ 2018 թվականի համար ևս 14 դրամանոց թանկացում են պահանջում: է ՀԾԿ հանձնաժողովն էլ հայտն ընդունել է վարույթ և 90–օրյա ժամկետում պարտավորվել է քննարկել ու կայացնել համապատասխան որոշում։ Սպառողների աչքում «հերոսանալու» և ժողովրդասեր երևալու համար, է ՀԾԿՀ-ն , հավանաբար 1-2 դրամի «բազար» կանի, բայց 10-12 դրամով նորից սպառողի գրպանը թեթևացնելու արտոնություն կտա: Եվ այդպես՝ առնվազն ևս 5 տարի:
 
Լա՜վ բիզնես է, չէ՞: Մանավանդ՝ եթե այնքան հեռատեսություն ունես, որ անկախ ամեն ինչից՝ առնվազն 5-6 տարի մատուցած ու չմատուցածդ ծառայության գինն աճելու է հօգուտ քո գրպանի: 
 
Իսկ սպառողի հերն էլ անիծած: Նրա հետ ոչ մի հանձնաժողով ու ոչ մի ատյան պայմանագիր չի կնքել: Հետո՞ ինչ, որ թանկացման մորմոքով տառապող մյուս բոլոր ծառայություններն էլ, հանապազօրյա սնունդն էլ թանկանալու են: Ինչո՞վ են պակաս «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից. ախորժակները՝ տեղը, խիղճը, որպես անպետք իր՝ փողոց նետած…
 
Ա՛յ, հենց այսպես էլ ապրում ենք: