«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է ԱԺ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿՍՈՒԲՍԻԴԱՎՈՐԻ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎ 65 ՈՒ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը:
 
Կառավարությունը նոյեմբերի 13-ին գրավոր քվեարկությամբ հավանություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, մասնավորապես`ապահովել մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի արդյունավետ իրականացման անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը, բնակչության համար երաշխավորել բարձրորակ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, ինչպես նաև դեղեր ու բժշկական պարագաներ ստանալու հավասար հնարավորությունները, ապահովել առողջապահական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիությունը, ապահովել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարելավումը, բարելավել բնակչության առողջության՝ ներառյալ հիվանդացության, մահացության և այլ ցուցանիշները, նպաստել կյանքի միջին տևողության ավելացմանը և այլն:
 
Ակնկալվում է, որ ֆինանսական պատճառներով բժշկին չդիմող բնակչության թվաքանակը կնվազի շուրջ 30%-ով՝ միջին ժամկետ հատվածում կազմելով ապահովագրվածների առավելագույնը 6%-ը։ Ֆինանսական պատճառով բժշկին չդիմելու անձանց տեսակարար կշռի նվազեցմանը զուգահեռ ակնկալվում է, որ առողջապահական ծառայությունների համար մասնավոր ծախսերի տեսակարար կշիռն առողջապահական ընդհանուր ծախսերում կնվազի ավելի քան 20%-ով՝ միջին ժամկետ հատվածում կազմելով առավելագույնը 65%։ Մասնավոր ծախսերի տեսակարար կշռի նվազումը կուղեկցվի պետական բյուջեից առողջապահական ծախսերին կատարվող հատկացումների ավելացմամբ։ 
 
Ապահովագրության փաթեթում ներառվելու են պաշտոնական վիճակագրությամբ ՀՀ-ում բնակչության համար հիվանդությունների, մահացության և հաշմանդամության հիմնական պատճառ հանդիսացող հիվանդությունների և վիճակների կանխարգելման, բուժման և շարունակական հսկողության նպատակով Հայաստանի տարածքում հասանելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, այդ թվում նաև աղետալի ծախսեր պահանջող ծառայությունները: Առողջության համընդհանուր ապահովագրությունում չներառված անձանց ՀՀ-ում երաշխավորվելու է բժշկական օգնության և սպասարկման  ծառայությունների նվազագույն ծավալ, ինչը երաշխավորում է պետության կողմից յուրաքանչյուրի առողջության պահպանման իրավունքի ապահովման ստանձնած պարտավորության իրականացումը: 
 
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին միանալու դեպքում եկամուտների վրա ազդեցությունը մեղմելու նպատակով նախատեսվել է ապահովագրավճարի չափի սուբսիդավորում պետության կողմից։ Սուբսիդավորման հիմք պետք է հանդիսանա ապահովագրվածների սոցիալական ռիսկերի հավասարակշռումը։ Ռիսկերի հավասարակշռման համար առաջարկվում է առաջնորդվել երեք հիմնական գործոններով`տարիք, եկամուտ, խոչընդոտներ: Տարիքով պայմանավորված առաջարկվում է մինչև 18 տարեկանների և 65 և բարձր տարիքի անձանց ապահովագրավճարի ամբողջությամբ սուբսիդավորում Կառավարության կողմից։ 
 
Ակնկալվում է, որ ամբողջությամբ կսուբսիդավորվեն հաշմանդամություն ունեցող բոլոր այն քաղաքացիները, որոնք մինչ 2028 թ. հունվարի 1-ը կանցնեն ֆունկցիոնալության գնահատում, ինչը հնարավորություն կտա նաև հստակեցնել անձանց առողջական կարիքները և համապատասխան ծառայությունների կազմակերպման միջոցով թիրախային արձագանքել այդ կարիքներին։
 
Վարչապետը նշել է՝ ի սկզբանե անցած տարի հունվարի 1-ին պետք է ընդունվեր,  հետո այս տարվա հուլիսի 1-ին, բայց ամեն անգամ այդ մտավախության պատճառով հետաձգվել է. «Եվ այո՛, այդ փաստի բերումով անհետաձգելի է, էլ չենք կարող հետաձգել: Որոշ խոսույթներում կա՝ առողջության համապարփակ ապահովագրություն, ապահովագրությունը համապարփակ չէ, չի ծածկելու առողջապահական բոլոր հնարավոր ծախսերը, ապահովագրության համակարգը համընդհանուր է, այսինքն՝ ներառելու է բոլորին: Բայց հունվարի 1-ից կրկին բոլորին չի ներառելու. սա ընդամենը առաջին փուլն է, և հունվարի 1-ից էլ ում ներառեց, կրկին՝ ամեն ինչ չի, բոլոր ծառայությունները չեն, որ ծածկելու է»:
 
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև համակարգում վերահսկողության պատշաճ մեխանիզմներ ունենալու անհրաժեշտությունը, որպեսզի ծառայությունները ստանան նրանք, ովքեր օբյեկտիվորեն դրա անհրաժեշտությունն ունեն և չարաշահումների ռիսկերը նվազեցվեն:  
 
Լրացումներ և փոփոխություններ՝ «Առևտրի և ծառայությունների մասին»
և հարակից օրենքներում
 
Կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի մշակումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, որով որպես շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթ ուղղությունն ամրագրված է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատումը և արգելումը։ 
 
Ինչպես նշել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, նախագծերի փաթեթով նախատեսվում է. 2027 թ. հունվարի 1-ից արգելել՝ պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների օտարումը, ինչպես նաև առկայությունը առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում՝ մանրածախ առևտուր իրականացնելիս՝ բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի: Ըստ նախարարի՝ արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա։ Որպես այլընտրանք դիտարկվում են թղթից և կտորից պատրաստված բազմակի օգտագործման համար նախատեսված տոպրակները։
 
Արգելվելու է նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկներ) առկայությունը կամ օտարումը՝ նույն վայրերում։ Այստեղ ևս սահմանված է բացառություն՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների համար։ Որպես այլընտրանք դիտարկվում են թղթից և փայտանյութից պատրաստված սպասքը, ինչպես նաև թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաները։
 
Կապահովվի Գերմանիայում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերի 
և Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնի կազմակերպումը
 
Գերմանիայի Դաշնությունում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերի և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից իրականացվող Խաչատրյանի անվան միջազգային 13-րդ փառատոնի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:   
 
Վերաբաշխվող գումարից 23030,0 հազար դրամը նախատեսվում է ուղղել 2025 թ․ նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 3-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության 14 քաղաքներում (Նյուրնբերգ, Քյոլն, Մանհայմ, Դորտմունդ, Վիսբադեն, Էսսեն, Ինգոլշտադտ, Էմդեն, Էրկելենց, Գյոպինգեն, Քեմպթեն, Ֆիլինգեն-Շվենինգեն, Բադ-Վիլբել, Աշաֆենբուրգ) նախատեսվող Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15 հյուրախաղային համերգների կազմակերպմանը։ Համերգների ծրագրերում ընդգրկված են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ նպատակ ունենալով նպաստել հայ կատարողական և հայ կոմպոզիտորական արվեստի ճանաչողության բարձրացմանը և հանրահռչակմանը գերմանացի ունկնդրի շրջանում: 5000,0 հազար դրամը նախատեսվում է ուղղել Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնի կազմակերպմանը: Փառատոնի կազմակերպումը զգալի ներդրում է մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության պահպանման ու հանրահռչակման գործում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: