Ընդդեմ դրամաշնորհների՞, թե՞ Արևմուտքի
ԽՆԴԻՐՆ ԱՐԴԻԱԿԱՆ Է, ՄՈՏԵՑՈՒՄԸ՝ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ
![](/files/pics/post/large/ebf668fff.jpg)
Վտանգավոր համարելով միայն Արևմուտքից տրամադրվող դրամաշնորհները, «Ժողովրդի ձայնը» ՀԿ փորձագետ Արման Ղուկասյանը Ռուսաստանից ստացվողները սպառնալիք չի համարում մեր ազգային անվտանգությանը, որովհետև… դրանք ավելի համեստ գումարներ են: Տարօրինակ չէ՞ այսպիսի միակողմանիությունը. ազգային անվտանգության համար սպառնալիք է գումարների չա՞փը, թե՞ դրանց տրամադրման նպատակը:
Հայաստանում գործող և այլ երկրներից ֆինանսավորող ՀԿ-ներին հանրային-քաղաքական շրջանակները դրական չեն վերաբերվում: Ավելին՝ համարելով, որ օտար պետություններից ֆինանսավորող հասարակական կազմակերպությունները սպասարկում են այդ երկրների շահերը, շատերը դրանք դիտում են որպես սպառնալիք մեր ազգային անվտանգությանը:
Այս կարծիքին է նաև «Ժողովրդի ձայնը» ՀԿ փորձագետ Արման Ղուկասյանը: Նա Արդարադատության նախարարությանն է հանձնել ազգային անվտանգությանը սպառնալիք ՀԿ-ների ցանկը և պատրաստվում է օրինագիծ ներկայացնել խորհրդարան, ըստ որի՝ պետք է օտարերկրյա գործակալների գործունեությունն արգելող օրենք լինի Հայաստանում.
- Պետք է վերանայվի այն ՀԿ-ների գործունեությունը, որոնց աշխատանքը չի համապատասխանում հկ-ների ձևաչափին: Առաջարկում ենք, որ Արդարադատության նախարարությանը կից ստեղծվի խորհուրդ, որը կհսկի դրսից տրամադրված դրամաշնորհները: Մի թիվ հրապարակեմ՝ միայն Սորոսի և Եվրոպական ժողովրդական աջակցման հիմնադրամների կողմից 2016- ին մի շարք հկ-ներ ստացել են 2 միլիոն 483 հազար 180 ԱՄՆ դոլար:
Ըստ Արման Ղուկասյանի՝ պետք է կասեցվեն նաև քաղաքական ենթատեքստ ունեցող դրամաշնորհները: Որպես ասածի հիմնավորում՝ բանախոսը հիշեցրեց, որ նախորդ տարի Եվրոպական ժողովրդավարական աջակցման հիմնադրամը Տավուշում աջակցել է կանանց, որպեսզի մասնակցեն ընտրություններին:
- Սա քաղաքական դրամաշնորհ է, որն ընդունելի չէ,- ասաց փորձագետը:
Խորհրդարանին ներկայացնելիք օրինագծով դիվանագիտական ներկայացուցչություններին, կառույցներին, դեսպանատներին պետք է արգելվի ֆինանսավորել քաղաքական բնույթի ծրագրեր:
Թեև Արման Ղուկասյանը չթվարկեց բոլոր ՀԿ-ների անունները, որոնց գործունեությունը սպառնում է մեր ազգային անվտանգությանը, բայց հնչեցրեց մեկ-երկուսի անունը՝ Հելսինկյան ասամբլեա, Սորոսի և Եվրասիա հիմնադրամներ, Կանանց ռեսուրսային կենտրոն Փինկ Արմենիա ՀԿ, Նոր սերունդ: Ի դեպ՝ վերջին երկուսը հովանավորում են սեռական փոքրամասնություններին:
Օրինաչափ էր նրան ուղղված հարցը՝ ինչո՞ւ չի խոսում ռուսական ֆինանսավորման մասին: Մի՞թե Հայաստանում չկան ՌԴ-ից ֆինանսավորող ՀԿ-ներ: Ի պատասխան Արման Ղուկասյանն ասաց, որ Արևմուտքից ստացվող այդքան մեծ չափի դրամաշնորհներ Հայաստանում գործող ՀԿ-ները Ռուսաստանից չեն ստանում:
Այսպիսի միակողմանիությունն առնվազն տարօրինակ է՝ ազգային անվտանգության համար սպառնալիք է գումարների չա՞փը, թե՞ դրանց տրամադրման նպատակը: Իսկ գուցե Արևմուտքն ավելի առատաձեռն է իր ծրագրերին նպաստողների հանդեպ: Քիչ վճարելը բնավ չի՛ նշանակում, որ պատվիրատուն անշահախնդիր է, որ նրա ֆինանսավորումը քաղաքական նպատակներ չունի և սեփական շահերը չի առաջ մղում մեր երկրում:
Արման Ղուկասյանն իշխանությանն առաջարկում է աջակցել հասարակական սեկտորին, որ մարդիկ օտարերկրյա դրամաշնորհների հույսին չմնան: Բայց չէ՞ որ այդ դեպքում էլ ՀԿ-ները կվերածվեն պետական կառույցների՝ կասկածի տակ դնելով իրենց գոյության նպատակահարմարությունը: