Վոլոդյա Ավետիսյանի նոր նախաձեռնությունը
ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳ ԿԱ

Թե որքանով «Արժանապատիվ ազատամարտիկ»-ը կհաջողի իրագործել իր ծրագրերը՝ ժամանակը ցույց կտա: Բայց ողջունելի է հատկապես համախմբվելով պետականաշինությանը մասնակցելու նրանցցանկությունը: Միայն թե համախմբվել ասվածը նրանց կողմից ևս չընկալվի իբրև սոսկ յուրայինների ընկերակցություն՝ ինչպես հաճախ է պատահում մեր իրականության մեջ:
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն ու Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը ստեղծել են «Արժանապատիվ ազատամարտիկ» անվամբ ՀԿ, որի նպատակը պետականաշինությամբ զբաղվելն է: Այս մասին նրանք տեղեկացրին լրագրողների հետ հանդիպմանը:
ՀԿ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանի խոսքով՝
խնդիրները երկրում այնքան շատ են, որ, կարծես թե, ձնագնդի նման ամեն ինչ խառնվել է իրար: Խնդիրները լուծելու և պետականաշինությանը մասնակցելու համար պետք է համախմբվել:
Գագիկ Սարուխանյանի կարծիքով՝ այսօր Հայաստանը չունի արժանապատիվ իշխանություն, իսկ ԱԺ-ի քաղաքական ուժերից որևէ մեկը չի ներկայացնում ժողովրդի շահը:
ՀԿ ղեկավար Վոլոդյա Ավետիսյանն էլ կարևոր խնդիր է համարում ազգի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելը.
- Մեր նպատակը հայրենասիրության քարոզարշավ իրականացնելն է Հայաստանի ամբողջ տարածքում: Զինծառայողներին պետք է բացատրենք, որ ծառայում են հայրենիքին, այլ ոչ թե որևէ մեկի համար:
Բանախոսներն անդրադարձան արցախյան հիմնախնդրին: Վոլոդյա Ավետիսյանը կարծում է, որ լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա:
Իրենց գործունեությունն իրականացնելու համար «Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ-ին անհրաժեշտ է փոքր կենտրոնում տարածք, որ կարողանան շտաբի կարգավիճակով գործունեություն իրականացնել:
Ազատամարտիկը վստահ է, որ հնարավոր է երկրում ամեն ինչ ուղղել, պարզապես ցանկություն է պետք:
- Երկիրը շատ վատ վիճակում է, անվտանգության խնդիր ունենք,- ավարտեց իր խոսքը Վոլոդյա Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ ազատամարտիկը մեկ ամիս առաջ է դուրս եկել բանտից: Նա մեղադրվում էր խաբեությամբ և վստահությունը չարաշահելով՝ քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար աջակցություն ցույց տալու հիմքով: Վոլոդյա Ավետիսյանը, սակայն, պնդում էր, որ դա շինծու մեղադրանք է: Իրեն ձերբակալել էին Ազատության հրապարակում ազատամարտիկների խնդիրները բարձրաձայնելու ու իշխանությանը քննադատելու համար: