Հայաստանը՝ օրգանական սննդի կենտրոն
ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՆԱԵՎ ՏԵՔՍՏԻԼՈՎ
Նորություն չէ՝ մեր ունեցածը հաճախ նկատում ու գնահատում ենք, երբ այն օտարի ուշադրությանն է արժանանում:
Ահավասիկ՝ Հայաստանի հողն ու ջուրն այնքան են գերել ամերիկացի մի քանի գործարարների, որ ցանկանում են հայկական ծագմամբ մթերքներից օրգանական սննդի արտադրության գործարաններ ստեղծել Արցախում և Հայաստանում: Խոսքը ամերիկացի Հանթր Գեյլոնի, Ժոզեֆ Դել Պրեթի մասին է: Լրագրողների հետ զրույցում նրանք այսօր չեն ասել, թե ովքեր են ֆինանսավորելու այս ծրագիրը, բայց Հայաստանի և Արցախի կառավարությունները ողջունել են երիտասարդների գաղափարը: Հիմա այն քննարկման փուլում է:
Ինչպե՞ս եղավ, որ ամերիկացի երիտասարդները հետաքրքրվեցին Հայաստանով: «Պատճառը» ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակից Ռուբեն Մկրտչյանն է, ում տանը համտեսել են հայկական սնունդ ու հիացել դրանց համով: Հենց Ռուբեն Մկրտչյանն էլ հետո այսպես ասած դարձել է միջնորդ օղակ, ում շնորհիվ երիտասարդները եկել են Հայաստան, Արցախ,հանդիպել բարձրաստիճան այրերի հետ:
- Ինչո՞ւ մեր ամբողջ երկիրն օրգանիկ սննդի կենտրոն չդարձնենք: Մենք ունենք հող, որի նմանն աշխարհը չունի: Անգամ մեղրի համից են հիացել: Եթե մեր բոլոր լեռներում ու ձորերում ծիրան տնկենք՝ Կալիֆորնիային չենք հասցնի- ասաց Ռուբեն Մկրտչյանը:
Ծրագրի էությունն այն է, որ հողից մինչև խանութ հսկելու են արտադրանքը, որպեսզի ամեն ինչ լինի բարձր որակի ու մարդկանց քիմքին հաճելի:
Հանթր Գեյլոնի խոսքով՝ Հայաստանն ունի օրգանական և մաքուր արտադրանք ստեղծելու բոլոր հնարավորությունները: Նա հիացած է Հայաստանի հյուրասիրությամբ և ընդունելությամբ: Եթե ամեն ինչ բարեհաջող լինի, ապա Հայաստանում արտադրվող օրգանական սնունդը կարտահանվի նաև ԱՄՆ:
Օրգանական սնունդը ստեղծելու ծրագիրը, թեև միլիոնավոր դոլարների ներդրում է պահանջում, բայց մի քանի ընկերություններ ու գիտական կենտրոններ արդեն հետաքրքրված են գաղափարով ու պատրաստ են հովանավորել: Առայժմ նրանց անունները չեն հրապարակում:
Բանախոսները հետաքրքրված են նաև տեքստիլի ոլորտով. նրանք ծրագրում են հագուստ արտադրել Հայաստանում և արտահանել:
Թեև Հայաստանն ու Արցախը պատերազմող գոտի են, բայց դա չի վախեցնում ամերիկացի երիտասարդներին: Հանթր Գեյլոնն անկեղծանում է.
- Ես քաղաքական գործիչ չեմ, այլ բիզնեսմեն: Ես ցանկանում եմ բիզնես անել: Քաղաքական իրավիճակն ինձ չի հետաքրքրում:
Ժոզեֆ Դել Պրեթն էլ ասաց, որ նոր տեխնոլոգիաներ օգտագործելով՝ Հայաստանը պետք է օրինակ ծառայի ամբողջ աշխարհին:
Հուսանք՝ ամեիկացի երիտասարդների առջև արհեստական խոչընդոտներ չեն ծագի, և ոչ էլ մեր գյուղացիների հոգեհան ջրի խնդիրը կպատուհասի՝ նախաձեռնությունը կյանքի կոչելու ճանապարհին: