«Հունիսի 28-ին ՀՀ-ում ոտնատակ տրվեց արդարադատությունը»
ՍՊԱՍԵԼԻՔ ՄԻԱՅՆ ՄԻԵԴ-ԻՑ ՈՒՆԵՆ
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած «Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» խորագրով հանրային քննարկմանն այսօր ՊՊԾ գունդը գրաված 4 ամբաստանյալների շահերի պաշտպան Ինեսա Պետրոսյանը ներկայացրեց հունիսի 28-ին տեղի ունեցած ՊՊԾ գունդը գրաված անձանց առաջին նիստի արձանագրված խոչընդոտները:
Ըստ նրա՝ կատարվել է նպատակաուղղված գործողություն և տարբերակված մոտեցում կար հատկապես որոշ փաստաբանների նկատմամբ:
- Այդ նիստին վեց փաստաբան մնացել էինք դրսում և չէինք կարողանում մտնել դատական նիստերի դահլիճ: Մեր մուտքն արգելեցին. տեղի ունեցավ աղմուկ-աղաղակ, որի ընթացքում քարշ տալով տանում էին իմ պաշտպանյալին` Մխիթար Ավետիսյանին,-ասաց նա :
Փաստաբանը զարմանալի է համարում, որ այդ ամենի մասին որևէ վերաբերմունք չի արտահայտել, ոչ մի գնահատական չի տրվել գործով նախագահող դատավորը:
Ինեսա Պետրոսյանը հիշեցրեց, որ դրսում գտնվող փաստաբաններն ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, թեժ գիծ, հաղորդումներ են ներկայացրել, և ի վերջո պարզվել է, որ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել և քննություն է կատարվում: Փաստաբանը, սակայն, չթաքցրեց հիասթափությունը հայաստանյան դատարանների արդարադատությունից՝ ասելով, թե որևէ սպասելիք չունեն իրենք այդ քննությունից և իրենց սպասելիքը միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանից է:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ևս անդրադարձավ ՊՊԾ գունդը գրաված անձանց դատական առաջին նիստին, երբ ծեծի են ենթարկվել ամբաստանյալները:
Նրա խոսքով՝ տեղի ունեցածը փաստում է, որ արդարադատության խորհուրդ, վճռաբեկ դատարանի նախագահ, դատական իշխանությունը ներկայացնող ինքնակառավարման մարմինները չկան:
- Ես այդ շենքը մտնեմ, որ ի՞նչ անեմ, եթե բռնության ենթարկելու հավանականություն կա: Կարող եմ դատական իշխանությունը ներկայացնող այդ մարմնում, որին պետք է դիմեմ իմ խախտված իրավունքը վերականգնելու հարցով, այնտեղ վերստին բռնության ենթարկվել,-ասաց Սաքունցը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահի դիտարկմամբ՝ քաղաքացուն զրկում են արդարադատությունից, իսկ զրկողների նկատմամբ դատական իշխանության ինքնակառավարման մարմինը որևէ արձագանք չունի: Քննարկման մասնակիցն առաջարկում է վեոոնշյալ հարցը բարձրացնել Արդարադատության խորհրդում կամ դատական իշխանության մարմիններում:
- Այս երևույթի գնահատականը դատական իշխանության կողմից պետք է անպայման ստանանք. գուցե նրանք սպասում են ինչ-որ մի դիմումի: Հունիսի 28-ին ՀՀ-ում ոտնատակ տրվեց արդարադատությունը և դատական իշխանությունը՝ ոստիկանական խմբի կողմից: Եվ դա պատժիչ գործողություն էր ոչ թե «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ, այլ դատական իշխանության և հանրության նկատմամբ,- եզրափակեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահը՝ հավելելով՝
- Պետք է փրկել ՀՀ արդարադատությունը և դատական իշխանությունը՝ ոստիկանական բռնություններից: Մեզ ցույց տվեցին, որ ցանկացած ժամանակ մեզ կարող են ծեծել ոչ միայն փողոցում, այլ դատարանում: