Մեր հանրությունը դեռահասության շրջանում է. հոգեբան
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՆՈՒՄ
Հասունության առաջին ցուցիչը գիտակցված ինքնուրույնությունն է: Դրանից զուրկ անհատներն ու հասարակությունը, սովորաբար, դառնում են միայն դժգոհ պահանջողներ կամ մխրճվում անտարբերության ճահիճը՝ իրենց կյանքը դարձնելով սոսկ քարշ տրվող գոյություն:
Հայտնի է, որ աղանդավորական կազմակերպությունները որպես թիրախ ընտրում են դեռահասներին՝ իրենց շարքերը համալրելու համար: Ըստ հոգեբան Ռուբեն Պողոսյանի՝ դա իր բացատրությունն ունի.
- Դեռահասությունն անցումային փուլ է: Դեռահասը ոչ փորքահասակ է, ոչ էլ մեծահասակ: Աղանդավորները շատ լավ գիտեն, որ հոգեորսության ժամանակ դեռահասները շատ հեշտ կարող են դառնալ ինքնասպանության զոհ: Չէ՞ որ այդ խմբերն ու աղանդավորները քարոզում են՝ ապագայում երջանիկ լինելու համար պետք է զոհաբերվել:
Հոգեբանական խեղումներից զատ՝ դեռահասության շրջանում մեծ է նաև ինքնասպանության հակումը: Հոգեբանը արձանագրել է, որ հիմա Հայաստանում դեռահասների շրջանում ինքնասպանությունների թվի ավելացման միտում կա:
- Սոցիալական պայմանները, տնտեսական վիճակը, ընտանիքը՝ այդ ամենը կարող են պատճառ դառնալ ինքնասպանության,- հավաստում է Ռուբեն Պողոսյանը:
Մինչդեռ պետությունը ոչինչ չի անում՝ դեռահասության շրջանում գտնվող իր քաղաքացիների ինքնասպանությունների թիվն ու միտումը գոնե պակասեցնելու համար: Հիմնական աշխատանքը կատարում են հոգեբաններն իրենց այցելուների հետ, սակայն ոչ բոլորն են դիմում հոգեբանին:
Մասնագետը կարևորում է երեխաների, դեռահասների հետ մահվան մասին խոսելը:
- Երեխայի, դեռահասի հետ որքան խոսում ենք մահվան մասին, այնքան նրա մոտ բթանում է մահվան ցանկությունը,- հիմնավորում է հոգեբանը:
Դեռահասության շրջանում է նաև մեր հանրությունը: Մասնագետի խոսքով՝ մեր հասարակությունն իրեն այս երկրին տեր չի զգում.
- Ասում են՝ դե ղեկավարությունը մի բան կանի: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին էլ էին ասում` լավ «պապա է» է, կանի մի բան: Նույն վիճակն ընտանիքներում է: Ծնողները չեն ցանկանում, որ իրենց երեխաները հասունանան, ինքնուրույն դառնան: Ես ականատես եմ եղել, որ 60 տարեկան տղամարդը մոր հետ խոսում է երեխայի թոթովանքով: Ավելին, երբ հերթը հասնում էր այդ տղամարդու ամուսնության, մայրը հիվանդանում էր և անկողին ընկնում: Մի նոր սոցիալական ցնցում է պետք՝ այս վիճակից դուրս գալու:
Իսկապես, հասունության առաջին ցուցիչը գրտակցված ինքնուրույնությունն է: Դրանից զուրկ անհատներն ու հասարակությունը, սովորաբար, դառնում են միայն դժգոհ պահանջողներ կամ մխրճվում անտարբերության ճահիճը՝ իրենց կյանքը դարձնելով սոսկ քարշ տրվող գոյություն: