Նամակ մահացողից՝ հստակ մեղադրանքով

Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահը ալեկոծել է նախընտրական քարոզարշավի բովում տապակվող
հայաստանյան հասարակությանը: 
 
ՈՒ մինչ ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու համար Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները (նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և բժշկական կենտրոնից այսօր վերցվել են Ա. Սարգսյանի հիվանդության պատմությունը, բուժմանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը), փաստաբան Տիգրան Եգորյանի համար արդեն իսկ տարակուսելի հանգամանք կա.
 
- Մենք տարակուսում ենք, որ որոշ բժիշկներ արդեն իսկ հրապարակային հայտարարություններ են կատարել այն մասին, որ Արթուրի մահը կապ չունի իր կալանքի եւ դրա պայմանների հետ, առանց համապատասխան իրավասու ատյանների կողմից համապատասխան եզրահանգումներին սպասելու:  

 

ՈՒշագրավ է նաև մի նամակի լուսանկարը (վերցված hayreniq.am կայքից), որտեղ, ինչպես պարզ կարդացվում է՝ Արթուր Սարգսյանը հստակ նշել է, թե ում է հaմարում իր հետ կատարվածի համար մեղավորները:

Ցավոք, շատերն են ՀՀ դատական համակարգի մասին բացեիբաց ասում, որ այն այդպես էլ չկայացավ, անկախ չդարձավ, չկարողացավ վստահելի կառույց դառնալ: Սոցիալական ցանցերում գրում են, որ Հաց բերողն իսկական նահատակ դարձավ: Արթուր Սարգսյանի կյանքը փրկել արդեն հնարավոր չէ, սակայն եթե գոնե նրա նահատակությունը ՀՀ դատական համակարգում դրական տեղաշարժի պատճառ դառնա՝ նրա հոգին էլ, ինչպես ասում են, խաղաղություն կգտնի: (Նամակի իսկությանը կասկածելու հիմքեր կարծես թե չկան: Մնում է ենթադրել, որ նման գրությունների իսկությունն ստուգելու կոչված մարմինները չեն հապաղի հրապարակել իրենց փորձաքննության արդյունքները):