Տիգրան Սարգսյանի ականջը կանչի
5% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ՔԻՉ ՉԷ՞

Խորհրդարանում այսօր, Կառավարության ծրագրի ներկայացումից հետո, նախարարները լրագրողների հետ զրույցում խոսեցին իրենց ոլորտում առաջնահերթությունների մասին: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գերակա ուղղություններից են թե՛ ճանապարհաշինությունը, թե՛ տրանսպորտը:
Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների խնդիրը չէին կարող շրջանցել, քանի որ օրեր առաջ վթարի էր ենթարկվել Հայաստանից Մոսկվա մեկնած մեքենան: Նախարարը քաղաքացիներին հորդորեց չօգտվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներից: Գործադիր մարմի անդամը հիշեցրեց, որ ՏԿ նախարարության իրավասության մեջ չէ սամանի վրա ունենալ տրանսպորտային տեսչություն, որը կհսկի ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները:
- Եթե 2018-ին լինի վարչապետի փոփոխություն, դա որևէ կերպ կազդի՞ ծրագրերի կատարման վրա:
Վահան Մարտիրոսյանին հարցը փոքր-ինչ շփոթեցրեց: Նա ծիծաղեց, ասաց, որ անձերի փոփոխություն կարող է լինել, բայց ծրագիրը թիմային է:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանից էլ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է տնտեսական աճի ցուցանիշն ընդամենը 5 տոկոս. արդյո՞ք դա քիչ չէ:
- Ոչ: Եթե մենք մեր առջև միջինը 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ ենք դնում, դա նշանակում է՝ ջանքեր պետք է գործադրել: Որտե՞ղ են ջանքերը՝ դրանք մանրամասն դրված են կառավարության ծրագրում: Պետք է ստարտային իրավիճակը ճիշտ գնահատել, թե որտեղ ենք գտնվում և ուր ենք գնալու: Հինգ տարվա ընթացքում միջինը 5 տոկոս տնտեսական աճը չի նշանակում, որ մենք ֆիքսելու ենք միայն 5 տոկոս աճ և դրա վրա կանգ առնելու,- ասաց նախարարը:
Դիտարկմանը, թե Տիգրան Սարգսյանը վարչապետ եղած ժամանակ 7 տոկոս տնտեսական աճ էր խոստանում, մինչդեռ հնարավոր չեղավ անգամ գերազանցել 3 տոկոսը, Արամյանն, իր գործընկերների նման՝ որպես արդարացում, հիշեցրեց միջազգային գործընթացները՝ ՌԴ և ԵՄ բլոկի հետ քաղաքական հիմքի վրա կոնֆլիկտը, որն ազդել է մեր տնտեսության վրա: