Պատերազմող երկրին ավելի շատ զինվորնե՛ր են պետք

ՀԱՐԳԱՆՔԸ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ՉՎԵՐԱԾՎԻ

25 ամյա նորանկախ Հայաստանում  եկեղեցի-պետություն հարաբերությունները սահմանադրորեն ամրագրվեցին և որպես առանձնացան միմյանցից: Այսօր եկեղեցու դերը մարդու հոգու փրկության քարոզչությունն է, Աստծու խոսքի մատուցումը, թեև Սփյուռքում  եկեղեցին դեռ շարունակում է ազգապահպան դերը:  Թե ինչքանով են հոգևորականները կատարում իրենց առաքելությունը՝ տեսնում ենք բոլորս: Փաստ է, որ Հայաստանում, ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ 300.000 աղանդավոր կա: Ասել, թե միայն եկեղեցականների պասիվությունն ու նրանց սակավաթվությունն է դրա պատճառը՝ օբյեկտիվ չենք լինի, քանզի խնդիրն ավելի խորքային է:
 
Գուցե  աղանդավորների դեմ պայքարելու համա՞ր է  վերջերս   Ամենայն Հայոց Կաթողիկոսը վանական կրթությունը ծաղկեցնելու առաջարկ արել: Նման հայտարարություն Վեհափառն արել է Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի նոր մասնաշենքի բացմանը:  
 
- Այս հաստատությունից արդեն ունենք 50 շրջանավարտ, ովքեր սովորել են Վազգենյան և Գևորգյան ճեմարաններում: Մենք շարունակելու ենք ընդլայնել այս շինությունը՝ կառուցելով կացարաններ և ստեղծելու ենք կրթական լավ պայմաններ: Մեր նպատակն է, որ վանական կրթությունը կրկին ծաղկում ապրի: Այստեղի շրջանավարտները հիմա ցանկություն ունեն իրենց հետագա կրթությունը շարունակել Գևորգյան հոգևոր ճեմարանում: Մենք մեծ թվով եկեղեցականների կարիք ունենք: Հայաստանի այլ տարածքներում ևս պետք է նման կրթօջախներ հիմնենք, որպեսզի կարողանանք պատրաստել ապագա եկեղեցական կադրեր: 
 
Իհարկե, եկեղեցականների սերնդափոխությունը լավ է, բայց ինչպե՞ս է վանական կրթությունը բարգավաճելու, եթե ժողովրդագրական խնդիրներ ունենք: 
Բանն այն է, որ Գևորգյան ճեմարանի սաներն ազատվում են  զինվորական ծառայությունից, մինչդեռ պատերազմող երկրին սահմանապահների քանակի մեծացումն ուղղակի անհրաժեշտություն է: Հետևաբար, որքանո՞վ է տրամաբանական՝ այս պայմաններում վանական կրթության ծաղկման մասին խոսել։ Իսկ եթե դրա անհրաժեշտությունն իսկապես կա, ուրեմն թող մեր ապագա հոգևորականները ևս ռազմական քուրայում թրծվեն՝ պարտադիր զինվորական ծառայություն անցնելով։ 
 
Վերջին տարիներին հոգևորականների՝ բանակում չծառայելը փոխարինվել է զորամասերում ծառայություն մատուցելով: Ընդդիմախոսները փաստում են, որ սահմանում հոգևորականների ներկայությունը նրանց չծառայելու բացը չի լրացնում, քանի որ ծառայությունն անվարձահատույց չէ: Կառավարության 2015 թ․ որոշմամբ՝ զինված ուժերի հոգևոր ծառայության առաջնորդն ամսական ստանում է 300 հազար, հոգևոր ծառայության փոխառաջնորդը՝ 225 հազար, զորամիավորման հոգևոր ծառայության առաջնորդը՝ 200-225 հազար, առաջին կարգի զորամասի հոգևոր ծառայության սպասավորը՝ 165-200 հազար, երկրորդ կարգի զորամասի հոգևոր ծառայության սպասավորը՝ 150-175 հազար և երրորդ կարգի զորամասի հոգևոր ծառայության սպասավորը՝ 125-150 հազար դրամ:  
 
Օրենքը,  ի դեպ,  միանշանակ չընդունվեց: Եթե Եկեղեցին անջատ է պետությունից, եթե Եկեղեցուն նվիրատվություններ են արվում, եթե տեսնում ենք օֆշորային սկանդալների մեջ թաթախված ու բենթլիներով  երթևեկող հոգևորականների, ինչո՞ւ է գումարը վճարում կառավարությունը, և ոչ թե եկեղեցին: Առավելևս, որ մինչ օրս պայմանագրային զինծառայողներին ըստ արժանվույն վճարելու հարցը դեռ կա: 
 
Մյուս հարցադրումը, որը բարձրաձայնում են ընդդիմացողները, հետևյալն է՝ եթե հանրությունը դատափետում է Եհովայի  վկաներին՝ զենք չբռնելու համար, ապա արդյո՞ք դրական կընդունեն  տարեցտարի հոգևորականի անվան տակ սահմանին չծառայողների աճը: 
 
Շրջանառվող մեկ այլ ասեկոսե էլ կա․չի բացառվում, որ տարատեսակ վանական համալիրների շինարարությունը սփյուռքահայերի գումարները Հայաստան բերելու, դրանք ստվերում տնօրինելու միջոց է: Այս տեսակետն, իհարկե, դուրս է մեր մտահոգության շրջանակներից։
 
Ամեն դեպքում գործընթացն այնպես պետք է տարվի, որ դարեր շարունակ եկեղեցու հանդեպ ակնածանքն ու գնահատականքը  չարության և ըմբոստության չվերածվի: Զի հայ հավատացյալը որքան էլ ընդվզի, որքան էլ դժգոհի առանձին հոգևորականների պահվածքից, միևնույն է՝ փարում է Եկեղեցուն։ Ինչպես Սահյանը կասեր՝ «Հացից խռոված երեխու նման ինչ անում-չանում՝ հացին եմ նայում»․․․