«Երկիր Ծիրանի»-ն՝ ընդդեմ Տարոն Մարգարյանի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության լրատվական ծառայությունն այսօր հայտարարություն է տարածել՝ Տարոն Մարգարյանի դեմ դատական գործընթաց նախաձեռնելու վերաբերյալ, որը ներկայացնում ենք մասնակի կրճատումով.
 
- 2017 թվականի հունիսի 12-ին Երևանում հորդառատ անձրևի  պատճառով խափանվել էր մայրաքաղաքի ճանապարհային երթևեկությունը: Երևանի գլխավոր՝ Մաշտոցի պողոտան կաթվածահար էր եղել: Փակ շուկայի հարեւանությամբ գտնվող թունելը դարձել էր անանցանելի: Թունելում  արգելափակված ավտոբուսից և մեքենաներից բարեբախտաբար հնարավոր է եղել  տարհանել ուղևորներին։ Լենինգարդյան փողոցում ջրհեղեղի հետեւանքով նույնպես մեքենաները արգելափակվել էին: Նոր Նորք վարչական շրջանում տեղի էր ունեցել  հենապատի փլուզում, որի հետեւանքով վնասվել էր միայն ավտոմեքենա,  ուղեւորները բարեբախտաբար չէին տուժել:
 
Այս փաստերը ևս մեկ անգամ ընդգծում են, որ Երևանում ջրահեռացման համակարգեր գոյություն չունեն: Արտակարգ իրավիճակի դեպքում հորդառատ անձրևը կարող է պատճառ դառնալ ոչ միայն ավտոմեքենաների արգելափակման, շենքերի և շինությունների, գույքի վնասման, այլ նաև մարդկային զոհերի: 
 
…2007 թվականից առ այսօր շուրջ 100 միլիոն եվրոյի վարկ է տրամադրվել Երևանում ջրային տնտեսության ոլորտը բարելավելու համար (ջրամատակարարման և ջրահեռացման):
 
…Երևանի քաղաքապետարանում և 12 վարչական շրջաններում միաժամանակ գործում են` կոմունալ տնտեսության, ճարտարապետության և քաղաքաշինության, շինարարության և բարեկարգման, քաղաքաշինության և հողի վերահսկողության, վերահսկողության և բնապահպանության վարչություններ: Այս վարչական մարմինների գործունեությունը ղեկավարում է Տարոն Մարգարյանը: Տարոն Մարգարյանի կողմից  թույլ տրված ապօրինությունների` տարիներ շարունակ անգործության, հանրային գումարների յուրացման և այլ անօրինականությունների հետևանքով արձանագրվել է Երևանում ջրահեռացման համակարգերի բացակայություն: Երևանի քաղաքապետը և քաղաքապետի թվով չորս տեղակալները, իրենց լիազորությունների ու պարտականությունների շրջանակում ունենալով համապատասխան վարչակազմ և միջոցներ, չեն ապահովել հորդառատ անձրևից առաջացող ջրային հոսքի անխափան հեռացումը, ինչը 2017 թվականի հունիսի 12-ին հանգեցրել է ջրհեղեղի, որից տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:
 
Հաշվի առնելով, որ բազմաթիվ երևանցիներ տուժել են Երևանի քաղաքային իշխանությունների հանցավոր անգործությունից` նրանց պատճառվել է էական վնաս, և, հաշվի առնելով, որ  հորդառատ անձրևները կարող են կրկնվել ու տևել մի քանի օր, ինչը կարող է պատճառ դառնալ նաևանդառնալի վնասների ու կորուստների՝
 
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը պատրաստակամություն է հայտնում նախաձեռնել դատական գործընթաց՝ Երևանի քաղաքային իշխանության անունից հանդես եկող Տարոն Մարգարյանի անօրինական գործունեության դեմ:
 
15 հունիս, 2017