Համայնքների խոշորացումից հետո ավագանիում նվազել է կանանց թիվը
ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԵՆ ՇՐՋԱՆՑԵԼ
Համայնքների խոշորացումը, կարելի է ասել` սրերով են ընդունում գյուղերում ու մարզային քաղաքներում: Դեմ եղողները ոչ միայն տեղային հայրենասիրական «մեր գյուղը, մեր դաշտը¦ խոսքերով են մերժում, այլև վստահեցնում են, որ տեղաշարժվելն է դժվար լինելու: Դպրոցը, գյուղապետարանը շատերի համար հեռու կլինեն, ինչի պատճառով, օրինակ, մի տեղեկանք վերցնելը լուրջ գլխացավանք կդառնա:
Ընդդիմադիր «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, սա համարում է վտանգավոր մոտեցում: Չէ՞ որ մենք մեկ ազգ ենք ու պետություն, իսկ նման մտքերը պառակտիչ ու վտանգավոր են:
Իսկ եթե շատ անկեղծ՝ խնդիրների անլուծելիությունը բնավ համայնքների մեծ կամ փոքր լիենելուց չեն կախված, այլ՝ բյուջեի պակասից և ոչ լիարժեք կառավարումից:
Համայնքների խոշորացման բացասական հետևանքներից մեկն էլ ավագանիներում կանանց թվի նվազումն է: Այսօր «Համայնքների խոշորացում. արդյունավետ կառավարո՞ւմ, թե՞ լիազորությունների ու ֆինանսների կենտրոնացում» թեմայով քննարկման ժամանակ այդ մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը:
Բայց դրա լուծումն էլ է գտնվել: Ըստ նրա.
- Ընտրական օրենսգրքում նախաձեռնությունների ինստիտուտ է ստեղծվելու, ինչը ենթադրում է, որ համամասնական ընտրություն ու քաղաքացիների կողմից նախաձեռնություն կլինի, ինչը հնարավորություն կստեղծի, որ ավագանիում լինեն նաև կանայք:
Աշոտ Գիլոյանի խոսքով` համայնքների խոշորացման ժամանակ հաշվի է առնվել ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնությունների պարագան: Օրինակ՝ Արզնիում կա ասորական համայնք, որը չի խոշորացվել, որպեսզի ազգային փոքրամասնությունների չափաքանակը չխախտվի։ Արագածոտնի մարզի, նախկին Ծաղկահովիտի շրջանում եզդիական 11 համայնքները խոշորացվել ու դարձել են մեկ համայնք:
Քննարկմանը մասնակից «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանն անդրադարձավ խնայված միջոցներին: Նրա խոսքով` ՏԻՄ համակարգից որևէ լումա դուրս չի եկել, հակառակը՝ տարեցտարի ավելանում են ֆինանսական համահարթեցման ռոտացիաները:
Իրատեսական էր նրա այն նկատառումը, որ հայաստանյան գյուղերում կուտակված խնդիրներ կան, որոնք մեկ ամսում կամ մեկ տարում չեն լուծվի:
- Վարչատարածքային բարեփոխումները բոլոր հիվանդությունների դեմ դեղ չեն, չի կարելի մտածել, որ համայնքների խոշորացումից հետո միանգամից կյանքը փոխվեց: Բնակչի կյանքը մեծապես կախված է գյուղատնտեսությունից , արդյունաբերությունից, երկրի արտաքին քաղաքականությունից, երկրի համաչափ զարգացումից և այլն: Եթե կա մի գործիք, որ 1 ամսում կկարողանա ՀՀ գյուղերի վիճակը բարելավել, ապա ասեք՝ մենք էլ անենք,- մասնակիցներին դիմեց Վ. Մովսիսյանը:
Բանախոսները չհամաձայնեցին այն տեսակետի հետ, թե համայնքների խոշորացումը կարող է արտագաղթի տեմպերը մեծացնել: Նրանք հռետորական հարցադրումով փորձեցին հիմնավորել իրենց կարծիքը՝ երբ ամեն գյուղ իր համայնքն ուներ՝ արտագաղթ չկա՞ր: Աշոտ Գիլոյանը հորդորեց մինչ խոշորացումը և խոշորացումից հետո հաշվել բնակչության թիվը, քանի որ նա գիտի, որ ամսվա ընթացքում նույնիսկ մեկ բնակիչ չի արտագաղթել: Վերջինս շեշտեց, թե ինքը եղել է խոշորացված համայնքներում և ոչ կենտրոններում ապրող բնակիչների հետ խոսելուց հասկացել է, որ դեռևս դժգոհություններ չկան, ավելին՝ որոշ տեղերում արդեն անանցանելի ճանապարհների վերանորոգում է ընթանում: