Մարդկանց թույլ չեն տվել նույնիսկ ջուր խմել

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՀՈՒԼԻՍՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ

ՊՊԾ գնդի գրավումն ու իրավապահների գործողությունները  քաղաքացիների ու  լրագրողների հանդեպ ցույց տվեցին, որ  ոստիկանության բարեփոխումները բավարար չեն` արձանագրել են այսօր հրավիրված քննարկում-ասուլիսի բանախոսները:  Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի՝ այդ օրերին զանգվածային բռնություններն են կիրառվել ընդդեմ լրագրողների: 2016-ի հուլիսի 17- 30-ը բռնության է ենթարկվել 27 լրագրող . նրանցից 19-ը՝ ֆիզիական բռնության, իսկ 8-ի գործունեությունն է խոչընդոտվել.

 -Բազմաթիվ լրագրողներ մի քանի տեսակի իրավախախտումների են բախվել՝ ֆիզիկական բռնություն և մասնագիտական խոչընդոտություն: Ոստիկանության գլխավոր նպատակը եղել է այն, որ այդ իրադարձությունների մասին մինիմալ տեղեկություն դուրս գա, դա ոստիկանների օպերացիայի մի մասն է եղել: Թիրախավորված են եղել այն լրագրողներն ու օպերատորները, ովքեր լուրջ կադրեր են ունեցել այդ իրադարձությունների մասին:

Խոսքի ազատության և պաշտպանության կոմիտեի «Մարդու իրավունքների խախտումները Հայաստանում 2016թ. հուլիսի 17-30-ը» ամփոփ զեկույցի կազմման ժամանակ հիմք են ընդունվել նաև դեպքերը լուսաբանած լրագրողների  վկայությունները:

Պարզվում է՝ լրագրողներին հավաքել են մի տեղ և կիրառել նռնակներ:

Ի՞նչ պետք է աներ ոստիկանությունը:

Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը կարծում է, որ ոստիկանությունը պետք է արտակարգ ռեժիմ հայտարարեր և ըստ այդմ գործեր, իսկ քաղաքապետարանն էլ պետք է ասեր, թե քաղաքի որևէ հատվածում իրավունք չունեն հավաք կազմակերպել: Մինչդեռ  այդ օրերին տեղի է ունեցել 23 հավաք և երթ, որոնցից 4-ի ժամանակ քաղաքացիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվել:

-Ականատեսները նշում են, որ ինքնաձիգների ներքո է եղել մարդկանց հավաքելը: Ոստիկանության ակադեմիայում մարդկանց թույլ չեն տվել նաև ջուր խմել,-մանրամասնեց փաստաբանը:

Իսկ  «Իրավունքների  պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, փաստաբան Հայկուհի Հարությունյանի խոսքով` Ոստիկանության ակադեմիայում ասել են՝ ինչպես ՊՊԾ գնդում են ոստիկաններին պատանդ պահում, մենք էլ ձեզնից մի քանիսին կպահենք:
Ոստիկանությունը մինչ այս պահը դեռ չի արձագանքել  բանախոսների այս հայտարարություններին:

Ի դեպ. այսօր տեղի է ունեցել  ՊՊԾ գնդի վրա հարձակված եւ այդ մեղադրանքով ձերբակալված «Սասնա ծռեր» խմբի անդամների դատավարությունը, որն ուղեկցվել է համակիրների «մահ ռեժիմին» խոսքերով: Դատական նիստը, սակայն, հետաձգվել է: