ՌԴ կրթնախարարը տգետ է, կամ…

Ասում են՝ կիրիլիցան էլ, որով ռուսներն այդպես հպարտանում են, մի հազար տարի առաջ հայազգի Կյուրեղն է իր գործընկերոջ հետ ռուսների համար հարմարեցրել: Իսկ մենք գիտենք, որ նախապես 36 տառից բաղկացած մեր այբուբենի ամեն մի գրանշանը զինվոր է համարվել: Ու եթե փոխենք մեր տառերը, նշանակում է հայոց զինվորի փոխարեն մեր երկրում տնօրինելու է օտար ռազմիկը: Ուրիշները, այդ թվում և Ռուսաստանը, կարող են ամեն օր մի նոր այբուբեն յուրացնել. դա իրենց գործն է: 
 
Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, և առանձին հանրապետությունները կամա-ակամա անկախություն ձեռք բերեցին՝ սկսեցին թոթափել ամենայն ռուսականի բեռը: Երկրներից շատերի համար այդպիսի «բեռ» էր նաև այբուբենը՝ ստեղծված ռուսական տառատեսակների հիման վրա: Առաջներում գրավոր լեզվի առավելություններից զուրկ եղած ազգերն ու ազգությունները, բնականաբար, ընդունել էին գերիշխող երկրի՝ Ռուսաստանի խաղի կանոնները և իրենց խոսքին հարմարեցրել կիրիլիցայի տառատեսակները: Թերևս սկզբում նրանք նույնիսկ երախտագիտություն են զգացել, քանի որ իրենց լեզվով գրել-կարդալու հնարավորություն են ստացել:
 
Իր ծավալապաշտական ծրագրերի ահռելիությամբ տառապող Ռուսաստանը, սակայն, երբեմն զավեշտական իրավիճակներում է հայտնվում: Պարզվում է՝ իր կրթության նախարարի բերանով առաջարկել է ԱՊՀ տարածքում կիրիլիցային վերադառնալ:
 
- Վերջին 10 տարում մեծ թեմա էր բացվել՝ տառատեսակները լատինացվում և արաբացվում էին: Այժմ ԱՊՀ տարածքում բոլորը պետք է վերադառնան միասնական տառատեսակի՝ կիրիլիցային, որովհետև հարցումները ցույց են տալիս՝ մեր մերձավոր արտասահմանի բնակիչները խոսում են կիրիլիցայի անհրաժեշտության և դրա հետ իրենց կապվածության մասին,-Օլգա Վասիլևայի խոսքերն են մեջբերել տարբեր լրատվամիջոցներ:
 
Իհարկե, գրեթե համոզված ենք, որ նրանց «մերձավոր արտասահմանի բնակիչների» մտքով անգամ չի անցնում խոսել կիրիլիցայի անհրաժեշտության և դրա հետ իրենց կապվածության մասին: Բայց ամենահետաքրքրականը մեր լրատվամիջոցների արձագանքն է այս առաջարկին: «ՌԴ կրթության նախարարը Հայաստանին առաջարկել է հրաժարվել այբուբենից» վերնագիրը կարդալով՝ ընթերցողն անմիջապես պատկերացնում է, թե ինչպես է նախարարը հատուկ դիմումով Հայաստանին առաջարկել հրաժարվել իր՝ ամենահամեստ հաշվարկներով 1612-ամյա այբուբենից: Այսինքն՝ մշակութային մի արժեքից, որն ավելի հին է, քան ամբողջ Ռուսիան՝ իր բոլոր բաղադրիչներով: Մինչդեռ վերնագիրն ուղղակի տրամաբանական եզրահանգում է այն մտքից, թե Հայաստանը նույնպես ԱՊՀ անդամ է, նշանակում է՝ առաջարկն արվել է նաև Հայաստանին: Սակայն երբ տիկինն ասում է վերադառնալ, երևի թե նկատի ունի նրանց, ովքեր «այնտեղ եղել են»: Մենք չէ՞ որ երբեք «այնտեղ չենք եղել»:
 
Եթե ՌԴ կրթության նախարարն այնքան տգետ է, որ այբուբենների մասին այդքան պարզունակ պատկերացում ունի՝ դա իր ու իր երկրի խնդիրն է: Իսկ մեր մեծագույն խնդիրն այն է, որ թվային սարքերում շատերը լատինատառ, այո, երբեմն էլ ռուսատառ են գրում՝ աղավաղելով լեզվի ամբողջ հնչյունական համակարգն ու սնունդ տալով «օտար ռազմիկին»: Սրանից է հարկավոր զգուշանալ: Ու նաև գուցե սա է նկատել ռուս բարձրաստիճան տիկինը, որ համարձակվել է Հայաստանը ներառել 100-200-ամյա գրության համակարգ ունեցող ժողովուրդների ցանկում, ավելի ճիշտ՝ հատուկ չի առանձնացրել: