Ինչպես զսպել հայկական ընկերություններին, որ օֆշորներում չաշխատեն
ԻՍԿ ԳՈՒՑԵ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵ՞ՌԸ ԹԵԹԵՎԱՑՎԻ
Գաղտնիք չէ, որ Հայաստանից կապիտալի արտահոսք կա: Ու թեև գործադիր մարմնի անդամները տարբեր պատճառաբանություններով փորձում են դրան այլ ձևակերպում տալ, բայց դրանից իրականությունը չի փոխվում:
Ըստ տեղեկությունների՝ հայկական կապիտալը «վազում» է դեպի Վրաստան ու օֆշորային գոտիներ ունեցող երկրներ: Օֆշորային սկանդալները հայ հանրությանն արդեն հայտնի են:
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, ապա ԴԱՀԿ նախկին պետ, այսօր արդեն ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի անուններն են դրանց հետ կապվում: Վերջինս, թեև ամենաաղմկոտն է, քանի որ Պանամայի օֆշորում բացիՄիհրան Պողոսյանից, ընկերություններ է գրանցել նաև Ադրբեջանի նախագահը: Ու նրա հետ չասոցացվելու համար էլ ԴԱՀԿ-ի պետը հրաժարական տվեց: Այս երկար նախաբանը պատահական չենք շարադրում: Կառավարության վերջին նիստում հետաքրքիր ցանկ է սահմանվել: Հրապարակվել են բոլոր այն երկրներն ու նահանգները, որոնք դիտվում են օֆշորային գոտիներ: Ցանկում 37 պետություն է ներառված:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանգստացրել է հանրությանը, պարզաբանում ներկայացրել, որն ինքնին կարծես թե դառն ինքնախոստովանանք լինի՝ մեր երկրի տնտեսական վիճակի մասին: Գործադիրի անդամը հայտարարել է, թե դա անհրաժեշտություն էր, որը բխում է ՀՀ Հարկային նոր օրենսգրքի դրույթներից:
- Ցանկը հրպարակվում է զուտ այն պատճառով, որպեսզի մենք զսպող մեխանիզմներ ունենանք, որպեսզի հարկերից խուսափման սխեմաներ չաշխատեցնեն: Այդ ցանկում առաջավոր երկրներ կան, որտեղ շահութահարկի դրույքը շատ ավելի ցածր է, քանմ մեզ մոտ, և կա հավանականություն, որ այդտեղ կաշխատեն հայտնի սխեմաները,- նշել է Արամյանը:
Օրինակ, Իռլանդիայում, ըստ տվյալների, շահութահարկը 0 տոկոս է, իսկ մեզ մոտ՝ 20 տոկոս:
Վարդան Արամյանն ակնարկել է, որ հայկական ընկերությունները ցածր հարկ վճարելու համար կարող են գրանցվել օֆշորային գոտիներ ունեցող երկրներում: Պետական պաշտոնյան, ըստ էության, այդպիսով խոստովանում է, որ բարձր շահութահարկն ու ընդհանրապես գործարարների հարկային ծանրաբեռնվածությունը կարևոր խնդիր է ու մարտահրավեր:
Արամյանը, սակայն, վստահեցրել է, որ 2018 թ. ուժի մեջ մտնող Հարկային օրենսգիրքը այդ հայտնի սխեմաների դեմ կանխարգելիչ նորմեր է սահմանում: Ըստ այդմ՝ օրենսգրքի 125-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպություններից ապրանքների ձեռքբերման համար այդ գոտիներում գրանցված կազմակերպությանը կատարված կանխավճարների դիմաց արդյունքը հաջորդող 365 օրվա ընթացքում չստացվելու դեպքում 366-րդ օրն այդ կազմակերպության համար համարվում է ՀՀ աղբյուրներից ստացվող այլ եկամուտ:
Ի՞նչ է սա նշանակում: Ֆինանսների նախարարն այդպես է պարզաբանում.
- Եթե ընկերությունն առանց ապրանքի մատակարարաման և ծառայությունների մատուցման ուղղակի կանխավճար է տալիս, և այդ կանխավճարը մեկ տարի մնում է նրա գործընկերոջ մոտ, մեկ տարուց հետո (եթե օֆշորային գոտի համարվող երկրներում գտնվող ընկերություններին չի փոխանցվել) դա դիտվում է ծախս և նվազեցվում է քո շահութահարկի բազայից: Բայց այս դեպքում, քանի որ շահութահարկը մեզ մոտ ավելի բարձր է, քան այդ երկրներում, կա մեծ հավանականություն, որ այդ գումարները փոխանցեն այդ գոտիներ, մեկ տարի հետո դա նվազեցնեն և ունենան առավելություններ շահութահարկի վճարման գծով: Որպեսզի դա տեղի չունենա, մենք ասում ենք՝ երբ 360 օրն անցնի, դրանից հետո փոխանցված կանխավճարի դիմաց, եթե ապրանք կամ ծառայություններ չի մատակարարվում, մենք այդ գումարը դիտելու եմ որպես եկամուտ և հարկելու ենք:
Թե ինչքանով կաշխատի Հարկային օրենսգրքի այս դրույթը՝ կտեսնենք ժամանակի ընթացքում, բայց քանի դեռ Հայաստանին կան այլընտրանքներ, որտեղ հարկային բեռն ավելի թեթև է, բնականաբար, չի նվազելու օֆշորային գոտիներում տնտեսական գործունեություն ծավալելու գայթակղությունը:
Ի դեպ, պարբերաբար փոփոխվող հարկային օրենսգիրքն էլ իր վատ հետևանքներ է թողնում ներդրումային դաշտի ու գործարարների վրա: Ըստ մասնագետների՝ ամեն կառավարությունը սահմանում է իր խաղի կանոնները, որոնք կարծես թե մնայուն ու երկարատև չեն: Սրան եթե ավելացնենք դատական համակարգի անկախությունը, երբ ներդրողը վստահ չէ, որ խաբվելու դեպքում պաշտպանված կլինի պետության կողմից, պարզ է դառնում՝ կառավարությունը դեռ անելիքներ շատ ունի: