«Ինձանից փախչում եք, իսկ Աստծուց ո՞ւր եք փախչելու»

ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՓՈՂ ԿԱ …

Ո՞ւր է իմ տղան, տվեք նրան` եթե ասում եք փաստ չկա… Այս խոսքերով էր այսօր Կապանի բնակչուհի Էմմա Հարությունյանն արցունքոտված դիմում պատկան մարմիններին:
Ամեն հինգշաբթի Կառավարության շենքի առջև են հավաքում ՀՀ քաղաքացիներն` իրենց տարաբնույթ դժգոհությունները գործադիրին հասցնելու: Արդեն վեց տարի է` անհետ կորած է
Էմմա Հարությունյանի որդին` Արա Խաչատրյանը: 30-ամյա երիտասարդին տնից դուրս են տարել` զրուցելու, որից հետո նա այլևս չի վերադարձել:

- Համոզված եմ` Վլադիմիր Գասպարյանը կարող է  գործը բացահայտել: 2012 թ-ին նա ինձ ու աղջկաս խոստացավ` մեկ ամսում գտնել որդուս ու վերադարձնել: Բայց անցել է վեց տարի,  ու ոչ մի արդյունք:  Անգամ ինձ չի էլ ընդունում: Ինձանից փախչում եք, իսկ Աստծուց ուր եք փախչելու,- վրդովված ասում է կինը:

Զայրացած Տիկին Էմման  նույնիսկ պոռթկաց` եթե իմանար իր տղայի անհետացման մեղավորներից երկուսը կփախչեն Հայաստանից` իր ձեռքերով կսպաներ նրանց: Նրա պատմելով`այս տարվա ապրիլի 2-ին նա հանդիպել է անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Կառավարության շենքի առջև հավաքված մյուս քաղաքացիները «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն են, ովքեր դիմել են դատարան` աշխատավարձերի ուշացման տույժ-տուգանքների վճարման պահանջով: Այսօր նրանք «Ավանգարդին» տեղեկացրին, որ դատական նիստը երկու ամսով հետաձգել են:  Նաիրիտցիները հանդիպում են պահանջում նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ խնդիրն անձամբ նրան ներկայացնելու համար:

Կորցրած առողջության դիմաց  արդեն 10 տարուց ավելի  իրենց փոխհատուցումը  չստացած օդաչուներն էլ զարմանում են՝ ինչո՞ւ չեն  վճարվում իրենց գումարները:

- Բյուջեն իրենց ձեռքում է, փողերը իրենց ձեռքում են, ի՞նչ է նշանակում 10 տարի հաշմանդամ օդաչուների փոխհատուցումը չվճարել: Տասը տարիների ընթացքում բոլոր միջոցառումների, իրենց համար փող կա, հաշմանդամ օդաչուները կյանք են տվել, երկիր են կայացրել, Ղարաբաղի անվտանգությունն են ապահովվել, նրանց համար փող չկա,- ասաց Մյասնիկ Նալբանդյանը:

ՀԳ. Հետաքրքիրն այն է, որ կառավարության  ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր նիստի ժամանակ հայտարարեց` շատ ուշադիր պետք է լինել, որպեսզի մեր չինովնիկն իրեն չափազանց կարևոր չզգա: Հուսանք, որ  այս խոսքերը կյանքի կկոչվեն և իրենց  «կարևոր» համարող, պաշտոնական դիրքը  չարաշահող ու քաղաքացիներին փողոց դուրս հանած պաշտոնյաները  պատասխանատվության   կենթարկվեն: