Ի՞նչ արտադրության մեջ կարելի է օգտագործել Ղազախստանից բերված 4-րդ դասի ցորենը
ՍՆՆԴԱԳԵՏԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ
ՔՊ-ական պաշտոնյաների՝ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի ներկման մասին բոցաշունչ ելույթներին, շնորհավորանքներին սառը ջուր լցրեց Ղազախստանի գյուղատնտեսության նախարարության հայտարարությունը։ Պարզվեց, որ Ղազախստանը Հայաստանին տրամադրում է ցածրորակ՝ 4-րդ դասի հացահատիկ։
Նախարարությունը նշել էր, որ պատրաստ է ամեն ամիս 15-20 հազար տոննա հացահատիկ արտահանել Հայաստան։ Գերատեսչությունում ուրախություն էին հայտնել, որ անցած շաբաթ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ղազախստանն իր արտադրած ցորենի խմբաքանակն ուղարկել է Հայաստան Ադրբեջանի տարածքով։ 15 վագոնից կազմված գնացքը, որը տեղափոխում էր 1000 տոննա ցորեն, Հայաստան է հասել Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջոցով։
- Հոկտեմբերին Ղազախստանի ազգային հացահատիկի օպերատորը ստորագրեց երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր՝ հայ սպառողներին հացահատիկ մատակարարելու համար: Փորձնական խմբաքանակը բաղկացած է 4-րդ դասի ցորենից, որը կարող է օգտագործվել ինչպես ընդհանուր նշանակության ալյուր, այնպես էլ կենդանիների կեր արտադրելու համար,- հայտարարել էր ղազախական կողմը։
Ի՞նչ նպատակով կարելի է օգտագործել ցածրորակ հացահատիկը։ Այս հարցը Panorama.am-ն ուղղել է սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանին.
- Ի՞նչ է 4-րդ դասի ցորենը։ Եկեք խոսենք փաստերով: Չնայած երկրում չեմ, բայց օրվա լրահոսին փորձում եմ հետևել, կան գրառումներ այն մասին, որ այս դասը նախատեսված է անասնակերի կիրառման համար։
Պետք է նշեմ, որ համաձայն ԳՕՍՏ 9353-2016 ստանդարտի, որը գործում է Հայաստանում, Ղազախստանում և այլ ԵԱՏՄ երկրներում, այս դասը սննդային է: Մինչև 2016 թ. որոշ դասակարգումներում 4-րդ դասը համարվում էր «կերային»: Հիմա՝ ոչ: ԳՕՍՏ-ով՝ 1-ից 4-րդ դասերը սննդային են, իսկ 5-րդ դասը` կերային։ Այո 4-րդ դասը երկակի նշանակություն ունի, քանի որ կարող է կիրառվել ինչպես սննդային, այնպես էլ կերային նպատակով։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ չորրորդ դասից ստացված ալյուրը՝ առանց բարելավման (ավելի բարձր դասի հետ խառնելու եղանակավ) չի կարող ապահովել հացաբուլկեղենի արտադրության համար նախատեսված բարձր որակի ալյուր։ Այս դասի ցորենն ավելի էժան է ու հասանելի։ Այս դասի ցորենի սնձանն ավելի քիչ է, այդ նպատակով պետք է խառնվի ավելի բարձր դասի ցորենի հետ։ Ալրային հիմքով մթերքների անվտանգության ապահովումը ՀՀում ունի կարևոր դեր և նշանակություն, քանի որ ՀՀ֊ում մարդկանց օրական սննդակարգում ունի կարևոր նշանակություն, հետևապես խիստ կարևոր է պատշաճ ռիսկի վերլուծության իրականացումը։
Գյուղատնտես Հարություն Մնացականյանն էլ, անդրադառնալով թեմային՝ նշել է.
- Աշխարհում արտադրվող հացահատիկային մշակաբույսերի 40%-ից ավելին օգտագործվում է որպես անասնակեր։ Եվ ամենահետաքրքիրն ու օրինաչափն այն է, որ ինչքան զարգացած է երկիրը , այնքան անասնակերի մասնաբաժինը հացահատիկի արտադրության մեջ ավելի շատ է։ Օրինակ Եվրոպայում անցնում է 60%-ը որոշ մշակաբույսերի դեպքում։ Աղքատ երկրներում` 20-30%։ Մեր երկրում էլ բնականաբար և անասնակեր պիտի ներկրվի և բարձրակարգ ցորեն՝ մեր սննդի մեջ օգտագործելու համար։ Անասնակերի ցորենը նաև անվանում են ֆուրաժային ցորեն։ Գաղտնիքի կարգով ասեմ , որ ՀՀ-ում աճեցված ցորենի ծանրակշիռ մեծամասնությունը օգտագործվում է որպես ֆուրաժային ցորեն։
Հիմա, որ չորրորդ կարգի ֆուրաժային ցորեն է ներկրվել, դա նորմալ է․ մեր երկրի անասուններն էլ մի բան պիտի ուտեն, որ կաթ, միս ու ձու տան, աննորմալն այն է, որ շատ պաշտոնյաներ, իրար հերթ չտալով, հայտարարում էին, որ դրանից ստացված հացն առաջինն են ուտելու։ Ես վստահ եմ, ավելի քան համոզված եմ, որ եթե անհրաժեշտություն եղավ, հանուն իրենց առաջնորդի կուտեն, ավելի ճիշտ ոչ թե հանուն առաջնորդի, այլ նրան հաճոյանալու համար կուտեն։ Մեր երկրի թիվ մեկ խնդիրը անասնակեր ցորենի մուտքը չի, այլ արժեհամակարգային սրընթաց գահավիժման խնդիրն է, բարոյականության անկման աղետն է։





