Ազատազրկվածները ցանկանում են աշխատել

Ո՞ՐՆ Է ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ. ՔՆՆԱՐԿՈՒՄ

Աշխատանքային զբաղվածությունը՝ որպես վերասոցիալականացման հիմնասյուն, շարունակում է առանցքային դեր ունենալ քրեակատարողական համակարգում։ Սակայն, թե որքանով են ազատությունից զրկված անձինք իրապես ունենում աշխատելու և հմտություններ ձեռք բերելու հնարավորություն՝ մնում է քննարկման թեմա։ Թեմային անդրադարձ է կատարվել Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ընթացքում, որտեղ ոլորտի փորձագետները ներկայացրել են թե՛ ներկայիս վիճակը, թե՛ առկա մարտահրավերները։
 
- Քրեակատարողական ծառայությունը, համակարգը ևս ունի ցանկություն, որ ազատությունից զրկված մարդիկ աշխատեն,- նշել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը՝ ներկայացնելով վիճակագրություն․- 2025 թ․ առաջին հինգ ամիսների ընթացքում քրեակատարողական հիմնարկներում աշխատանքների մեջ ներգրավված է եղել 230 ազատազրկված անձ։ Նրանցից 117-ը զբաղվել են վարձատրվող աշխատանքով, այլ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր ունի և աշխատում է 23 անձ, իսկ 90 դատապարտյալներ իրենց համաձայնությամբ ներգրավված են ոչ վճարովի աշխատանքներում:
 
Ալեքսանյանը շեշտել է, որ զբաղվածությունը ոչ միայն նվազեցնում է կրկնահանցագործության հավանականությունը, այլև ձևավորում է ֆինանսները տնօրինելու և պատասխանատվություն ստանձնելու կարևոր հմտություններ։
 
- Երբ անձն ունի աշխատանքային հմտություններ և կիրառում է դրանք, ազատման պահին կրկին հանցանք կատարելու հավանականությունը նվազում է,- նշել է նա։ 
 
Ներկայում աշխատանքներում ներգրավված 230 անձից 140-ը ստանում է վարձատրություն։ Քրեակատարողական ծառայության պետի՝ անցած տարվա հրամանի համաձայն՝ տեխնիկատնտեսական հաստիքների թիվը 139-ից դարձել է 164, ինչն ընդլայնում է վարձատրվող հնարավորությունների շրջանակը։
 
Քրեակատարողական հիմնարկներում իրականացվում են նաև ստեղծագործական զբաղվածության ծրագրեր։ 2025-ի առաջին հինգ ամիսներին շուրջ 100 ազատազրկված անձ զբաղվել է ստեղծագործական աշխատանքով՝ հնարավորության սահմաններում։ Քրեակատարողական ծառայությունը համագործակցում է գործընկեր կառույցների հետ՝ փորձելով այդ աշխատանքների վաճառքի հնարավորություններ ստեղծել։
 
- Մենք կարևորում ենք ոչ միայն հմտությունների զարգացումը, այլև այն, որ այդ աշխատանքը լինի իրական և արժևորվի,- ընդգծել է Ալեքսանյանը։ 
 
Չնայած առկա քայլերին՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Մարիամ Անտոնյանը մտահոգություն է հայտնել, որ աշխատանքներում ներգրավվածների թիվը ցածր է՝ ընդհանուր դատապարտյալների թվի հետ համեմատ։
 
- Նույնիսկ եթե կան աշխատելու ցանկություն ունեցող անձինք, նրանք շատ հաճախ չունեն համապատասխան հնարավորություններ,- նշել է նա։
 
Դրական օրինակ է Սևանի քրեակատարողական հիմնարկը, որտեղ գործում է կահույքագործության արտադրաուսումնական տարածք։ Այստեղ դատապարտյալները սովորում են կահույք պատրաստել և հետագայում հնարավորություն են ստանում զբաղվելու վճարովի աշխատանքով։
 
Այս փորձը, Անտոնյանի հավաստմամբ, քրեակատարողական ծառայությունը փորձում է ընդլայնել՝ տարածելով Արթիկի և Վանաձորի քրեակատարողական հիմնարկներում։ Ըստ նրա՝ կան նաև ֆիզիկական ծանրաբեռնվածություն չպահանջող աշխատանքներ, ինչպես օրինակ՝ գրաֆիկ դիզայնի դասընթացներ, որոնք կարող են համադրվել վերասոցիալականացման նպատակների հետ։
 
Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի «Մեդիան հանուն բարեփոխումների. հանրային երկխոսության խթանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի վերաբերյալ» ենթադրամաշնորհի շրջանակում: Ենթադրամաշնորհ իրականացնող կառույցը «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն է: