Աշխարհի հզորները նախ պատերազմներ են հրահրում, մարդկանց իրենց բնօրրաններից կամ դարավոր բնակավայերից փախստական դարձնում, հետո էլ սկսում են«հոգալ» տունուտեղից, առողջությունից զրկված, հազարումի կորուստ տեսած, ահավոր վախեր ու սթրեսներ հաղթահարած բազմության խնդիրները: Աշխարհի շատ երկրներ էլ լավ փողեր են վաստակում այդ նույն փախստականներին ապաստան տալու (հիմնականում ահավոր համբավ ու պայմաններ ունեցող ճամբարներում), նրանց ինչ-ինչ կարիքները հոգալու համար: (Դրանց թվում, իհարկե, ամենաճարպիկը Թուրքիան է):
Սիրիայից փախստականներ Հայաստան էլ են եկել, ինչպես մի քանի տարի առաջ՝ Իրաքից եկան: Միայն թե Հայաստանի պարագան ուրիշ է: Այստեղ եկողները մեր ազգակիցներն են ու իրենց հայրենիք են եկել: Մենք էլ նրանց ընդունել ենք որպես հարազատների ու հարազատների նման նրանց հետ բաժանում ենք… մեր բոլոր դժվարությունները:
Հայաստան եկած սիրիացիները փոքրաթիվ են՝ ընդամենը 15 հազարմարդ. սակայն Հայաստանն էլ փոքրաթիվ բնակչությամբ երկիր է, այնպես որ մյուսներից հետ չի մնում: Այս մասին Երևանում խոսել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիերվիրթը:
- Ապշեցուցիչն այնէ, որ և՛ կառավարությունը, և՛ ազգաբնակչությունը շատ ողջունելի մոտեցում են ցուցաբերում: Անհերքելի է, որ Հայաստանի պատմությունն է մեծամասամբ ձևավորում այդ ողջունելի մոտեցումը՝ հաշվի առնելով շատ և շատ հայերի պատմական հիշողությունը, ովքեր 100 տարի առաջ պաշտպանություն են գտել այլ երկրներում,- գովել է նա, ապա ավելացրել.-Անհրաժեշտ է կենտրոնացված, համատեղ մոտեցում, իհարկե՝ կառավարության առաջատար դերով: Հարկավոր է ռազմավարություն ձևակերպել:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը նաև նշել է, թե փախստականներին օգնելու համար անհրաժեշտ են համատեղ, միասնական ջանքեր. բոլորը պետք է մտածեն, թե նրանց ինչով կարող են օգնել: Քանի որ տեղահանվածներն այլ միջավայրից են գալիս և տարբեր դժվարությունների են բախվում, մանավանդ՝ տնտեսական, ուստի Սփյուռքի կազմակերպությունների փորձառությունն այստեղ շատ հարկավոր կլինի:
Դե ինչ՝ փախստականների համար դրա հետ գրեթե առնչություն չունեցող երկրներին գումարներ դուրս գրող միջազգային կառույցները կարող են հանգիստ շունչ քաշել՝ այս 15 հազարին հասանելիք գումարները գրպաններում ամուր փակելով: Չէ՞ որ խորհուրդ տալը ձրի չի լինում… Իսկ հայերը, մեկ է, իրենց ազգակիցներին, լավ թե վատ՝ընդունելու են: Այստեղ կարծես Թրամփ չկա, որ իր լենուբոլ երկրի դռները նրանց առջև շրխկացնի: Իսկ աղքատիկ ու պատերազմող Հայաստանը դեռ կարողացել է օգնություն էլ հասցնել Հալեպ:
Ի դեպ՝ արդեն լուրեր են պտտվում, թե հալեպցիներից ոմանք սկսել են ավերակներից բարձրացող քաղաք վերադառնալ: Իհարկե՝ ավելի լավ է քո ավերակ տունն ու քաղաքը շենացնես, քան թե ամենաշեն երկրում փախստական լինես: