Կենաց ծառը, ժամանակակից լեզվով ասած, Wi-Fi-ին միանալ է նշանակում, որի միջոցով կապ են հաստատում տիեզերքի հետ. ազգագրագետ

Ե՞րբ սկսվեց Ամանորին ճոխ սեղան գցելու հայ ընտանիքի սովորույթը։ Ի՞նչ է Կենաց ծառն, ինչպես էինք առաջ նշում ու ո՞րն է ճիշտ։
Այս հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ազգագրագետ Հասմիկ Բաղրամյանի հետ։ Նրա որակմամբ՝ այսօր գործողը սխալ սովորույթի հիմքը դրվել է Խորհրդային Միության տարիներին, որ սեղանը պետք է ճոխ լինի, որ տարին առատ լինի։
«Այնքան ուտենք, որ առավոտյան թունավորումից շտապ օգնությունով տանեն», - հեգնել է ազգագրագետը՝ նշելով, որ ազգային սովորույթներին հետևելու համար պետք է 200 տարի հետ գնանք։
- Այդ տեսակետից շատ լավ կլիներ, որ մեր սեղանը լի լիներ ընտիր չրերով՝ զարդարված, ընտիր սուջուխով, ալանիով, շատ անուշ հետաքրքիր թեյերով, լիներ աղանձ, մոմ վառեինք, ճրագ վառեինք, օջախ վառեինք, զգայինք այդ օջախի ջերությունը՝ ձմեռվա մութ ու ցուրտ գիշերների ընթացքում, որքան էլ ժամանակակից օջախն այլ կերպ է ընկալվում։ Իմաստուն զրույցներ վարեինք, հեքիաթի, առակների շուրջ, վերաիմաստավորեինք մեր անցած տարիների կյանքն ու նախագծեինք մոտակա մեկ տարին,- ասել է ազգագրագետը։
Նրա փոխանցմամբ՝ Ամանորը պահքի շրջան է ու դա ամենևին պատահական չէ, որ կենաց ծառ պետք է զարդարել՝ քաղցր շարաններով ու «Ավետիս» երգելով։ «Կենաց ծառը միստիկ ծառ է, որը կոչվում է Ծառ խնկենի․ այն կարող է լինել սովորական սիրուն ծառի ճյուղ, որի վրա կախվում է կոնֆետ, սուջուխ, չրեղեն և այլ քաղցրավենիք։ Զարդարելու ընթացքում երգում են «Ավետիս» և ծառի շուրջ՝ սեղանին, թեթև քաղցր սնունդ դնելը, «անուշ ապուր» դնելը, որը ևս չրեղենից է պատրաստվում, կապ հաստատելն է տիզերքի հետ։ Ընդհանրապես՝ Ամանորի կոդն է, որ տարին պետք է քաղցրով սկսել, չէ՞ որ տարին նորածին է, նրան պետք է մանկան պես վերաբերվել, մինչև «Տերն Ընդ Ձեզ» այդպես է»,- ասել է «Փաստինֆո»-ի զրուցակիցն՝ ավելացնելով, որ կենաց ծառը, ժամանակակից լեզվով ասած, Wi-Fi-ին միանալ է նշանակում, որի միջոցով կապ են հաստատում տիեզերքի հետ։ Ուզում ես կպի Wi-Fi-ին, ուզում ես մի կպի, դա քո խնդիրն է, բայց դա տիեզերական ինտերնետն է, որի գաղտնաբառը Նոր Տարվա «Ավետիս»-ն է։
- Եթե դու հասկանում ես ի՞նչ է «Ավետիս»-ը, երգում ես կենաց ծառի շուրջ, սկսում ես բոլոր պատասխանները ստանալ։ Դա մանկապարտեզի ինֆորմացիա չէ, դա մեր ընտրությունն է՝ մարդավարի՞ ապրել, թե՞ խոզավարի։ Կան տիեզերական օրենքներ, որոնք եթե չեն պահպանվում, «Կե՛ր, խմի քեֆ արա շարունակ, աշխարհը խալի է ոտիդ տակ» ասելով ապրում են մինչև վերանան։ Հիմա շատացել են հնում դժբախտ համարվող այն ընտանիքները, որոնք չունեն ընտանեկան սեղանի շուրջ մի քանի սերնդով հավաքվելու սովորություն։ Տեսե՛ք ավանդական ուտեստ տոլման չես բացատրի երիտասարդին, այլ պետք է պատրաստես, փորձի, դուրը գա, տան մեծը դրանով բացում է կոդ, տան մեծը, որ փոխանցողն է ինֆորմացիան, մագնիսի պես է․ այն տանն է ջերմ ու շատ մարդ հավաքվում, որտեղ փոխանցող տատ կա։ Մեր խնդիրն այն, է, որ Խորհրդային տարիներին շատերը տատ դարձան, կորցնելով կոդը ու չդարձան փոխանցող, - ասել է Հասմիկ Բաղդասարիյանն ու հավելել, որ որքան էլ գոռում են հասկացողներն այդ մասին, որ այսպես չի՛ կարելի, ժողովուրդ, ուշքի՛ եկեք, այսքան էլ ծեծ կերանք, ուշքի՛ եկեք, դեռ ուշի չեն գալիս։
- Եթե ցանկություն կա ձուլվելու, ձուլվե՛ք, եթե խնդիր է դրված, որ մենք պետք է գոյություն չունենանք, դա սկսվում է հենց Նոր տարուց։ Հայերի համար ամենակարևոր բանը դա հասկանալն է, մենք չենք հասկանում, իրար հետ հասկ չենք դառնում։ Մեր կենաց ծառը մեր կյանքի խորհուրդն ունի, մենք կմնանք, թե ոչ։ 21-րդ դարում դեռ անտառներ ենք կտրում, սարեր ենք ուտում՝ գժված։ Այս աստիճան սխալներով, որ մենք ենք ապրում ու դեռ կանք՝ ֆենոմեն է․ դա միայն բացատրվում է մի հանգամանքով, որ մեր բախտը բերել է, մեր կենաց ծառի արմատները չափազանց խորն են, - հավաստիացրել է ազգագրագետը։