Քաղաքակրթության վնասներից ևս մեկը
Թերզարգացած ուղեղները, պատշաճ վերաբերմունք ու դաստիարակություն չստանալով` վտանգավոր տարրեր են դառնում, տարվում մոլորություններով, զենք վերցնում, բռնությունների դիմում: Անտառներում աշխուժացած և հաճախակի դարձող գայլային հարձակումները վկա` շներին պետք է պատշաճ ձևով վերաբերվել, քանի նրանք ևս մարդկության գլխին մի նոր աղետ չեն բերել:
Հունգարացի գիտնականներն ուսումնասիրել են շների հաչոցն ու գռմռոցը և եկել այն եզրակացության, թե նրանք մարդկանց հետ խոսում են: Այսինքն, ոչ թե խոսք են ասում, այլ հասկացնում են, թե ինչ են ուզում հաղորդել: Ընդ որում պարզել են, որ շների այդ «հաղորդումները» կանայք ավելի հեշտ են ըմբռնում, հստակ որոշում կենդանու տրամադրությունը:
Գիտնականները եզրակացրել են՝ այդ զարմանալի կենդանիները ջանում են ազնվորեն հայտնել իրենց տրամադրության և անգամ մտադրությունների մասին: Ըստ որում՝ նրանք կարող են իրենց գռմռոցն այնպես հնչեցնել, որ ենթատեքստից կախված հույզեր արտահայտեն: Շատ հավանական է, որ մարդկանց մի մասը կարողանում է հասկանալ «շան լեզվի» երանգները և ճիշտ արձագանքել:
«Ավանգարդն» արդեն անդրադարձել էր այն լուրին, որ շները երեխաներին օգնում են՝ հաղթհարելու ընկճվածությունն ու լարումը: Ահա և գիտնականները մարդու այս հնամյա ուղեկցի մեկ այլ հատկություն էլ են հայտնաբերել: Սակայն գիտնականներից առաջ հասարակ մարդիկ միշտ իմացել են, որ շների հաչոցը հաճախ տեղեկություն է հաղորդում: Հիշենք թեկուզ Հովհ. Թումանյանի «Գելը» պատմվածքի հերոսի խոսքը՝ շները գիլահաչ են տալիս: Իսկ տագնապալի իրավիճակներում նրանց ոռնոցն ու անհանգիստ պահվածքն ինչքան նախազգուշացնող են:
Բնությունից հեռացած մարդն այսօր շներին էլ է արժեզրկել: Քաղաքներում նրանք բազմահարկ շենքերի խնամված բնակիչներ են և ավելի շատ անհարմարություններ են ստեղծում, քան կատարում մարդու կողմից միշտ նրանց վերապահված դերը` պահպանել ու նախազգուշացնել: Իսկ ամենացավալին թափառող շների շատությունն ու վտանգավորությունն է: Ճիշտ է՝ համայնքների ղեկավարությունները միշտ ինչ-որ միջոցներ են ձեռնարկում, հավաքում են մի տեղ և վնասազերծում (ստերիլիզացում), կամ բարբարոսաբար կրակում-ոչնչացնում են:
Միջոցներ, իհարկե, պետք է ձեռնարկել, մանավանդ որ նրանք նաև կարող են հարձակվել մարդու վրա, երբեմն էլ կծել ու կատաղությամբ վարակել: Սակայն դա էլ պետք խղճով ու մտածված անել: Հիմա շունը մարդու համար ավելի հաճախ կա´մ խաղալիք է, կա´մ սպառնալիք, ու մեղավորը դարձյալ մարդն է: Հազարամյակներ առաջ նրան ձեռնասուն դարձնելով ու նրա հետ բարեկամանալով` այսօր մատնել է բախտի քմահաճույքին, աղբանոցներից ու պատահական տեղերից սնունդ ճարելու պարտադրանքին: Հիմա, երբ արդեն գիտությունն է փաստում՝ նրանք որոշ իմաստով «ասուն» են, արդեն նրանց հետ անասունի նման վարվելն անվայել է թվում: Մանավանդ կարծիք կա, որ նրանք հինգ տարեկան երեխայի չափ խելք են ունենում: