Խորհրդարանական թեժացումներ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ՝ ԳԵՎՈՐԳ ԼԱԼԱՅԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ․ Հայացք Երևանից
Հոկտեմբերի 15-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ կրքերը թեժացել էին ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև։ Անգամ փոխադարձ վիրավորանքներ հնչեցին, հայհոյախառն արտահայտություններ, և բանը կհասներ բռունցքներին, եթե Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը ժամանակին տաքարյուն Քյարամյանին չհեռացներ դյուրահույզ Աղազարյանից:

Իրականում Աղազարյան-Քյարամյան տարաձայնությունների արմատը շատ ավելի խորն է: Պատգամավորի որդու ընկերության նկատմամբ ՔԿ-ում հարուցված քրեական գործ կա, որն առնչվում է դրսից ավտոմեքենաներ ներմուծելու և ԱՊՀ երկրներում իրացնելու ընթացքում պետությանը հասցված շուրջ 10 մլրդ դրամ վնասին: Աղազարյանի հնչեցրած հարցի շրջանակում այս մասին էր բարձրաձայնել Քյարամյանը:
- Առնվազն երկու անգամ ինձ դիմել են ձեր տղայի հետ կապված քրեական գործով՝ մեքենաները հենց նույն վարույթներով վերադարձնելու վերաբերյալ։ Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը,- ասել է ՔԿ ղեկավարը:
Եվ սա բոլորը չէ: Լսումների ժամանակ նույն անձի անունը՝ ընդ որում ՀՀ գլխավոր դատախազի ներկայությամբ, հոլովվել է հանցագործության մասին մեկ այլ հաղորդագրության մեջ ևս: Հայտարարվել է, որ ՔՊ պատգամավորը 300 հազար դոլար կաշառք է վերցրել արտասահման մանր եղջերավոր անասունների մեծ խմբաքանակ տեղափոխելու միջնորդության համար: Ահա թե ինչու էին տեղի տվել Հովիկ Աղազարյանի ջղերը: Եթե ՀՀ-ում օրենքից ու օրինականությունից ինչ-որ պատառիկներ դեռ մնացել են, նրան ամենամոտ ժամանակներս ԱԺ-ում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սպասվում:
Ընդհանուր առմամբ՝ իշխանության հրավիրած լսումները, որոնց, ի դեպ, մասնակցում էին նվազագույն թվով ՔՊ պատգամավորներ, ինչը հունից հանել էր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, առաջիկայում հետաքրքիր զարգացումներ են խոստանում: Դատելով ամենից՝ իշխող քաղաքական ուժը չանցավ ամրության փորձաքննությունը: Ակնհայտ դարձավ, որ «Քաղպայմանագիրը» գաղափարակիցների թիմ չէ: Ուրեմն՝ «ուսապարկերի» համախմբումը տեղի է ունեցել ոչ թե ընդհանուր գաղափարի շուրջ, այլ՝ փողի քսակի: Դա էլ հանգեցրել է ներկլանային հարաբերությունների սրացման և տեղիք տվել «կոմպրոմատների պատերազմի»: