Ձևավորել բարենպաստ միջավայր՝ անխոչընդոտ ու բնականոն աշխատանքի համար

ՄԻՊ-Ի ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հոկտեմբերի 16-ին նշվում է Հայ մամուլի օրը՝ ի նշանավորումն 1794 թվականի նույն օրը Մադրասում հայ մամուլի առաջնեկի՝ «Ազդարարի» լույսընծայման (հիմնադիր՝
 
Հարություն քահանա Շմավոնյան)։ ՀՀ
կառավարության 2004 թ.-ի ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը սահմանվել էր որպես Մամուլի աշխատակիցների օր, իսկ հետագայում վերանվանվեց Հայ մամուլի օր։
 
Օրվա կապակցությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչներին շնորհավորել և ուղերձ է հղել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ ՄԱՆԱՍՅԱՆԸ, որում ասվում է․
 
- Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ:
 
Այս օրը ևս մեկ հնարավորություն է բարձրաձայնելու Ձեր՝ լրատվական դաշտի ներկայացուցիչների՝ բարդ ու մեծ պատասխանատվություն պահանջող աշխատանքի կարևորության մասին: Այն պետք է լինի ազատ ու պաշտպանված:
Մամուլի ազատության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն քայլեր ձեռնարկել՝ նպաստելու լրագրողների անվտանգ գործունեությանը և ձևավորելու բարենպաստ միջավայր՝ անխոչընդոտ ու բնականոն աշխատանքի համար:
 
Պակաս կարևոր չէ մասնագիտական լրատվական գործունեության իրականացումը բացառապես էթիկայի կանոնների, «պատասխանատու լրագրության» սկզբունքների պահպանման և լրագրողների գործունեության արդյունքում ատելության խոսքի բացառման համատեքստում։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ վերահաստատում եմ իմ հանձնառությունը ՄԻՊ մանդատի շրջանակում պաշտպանելու Ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքը։
Կարևորում եմ Պաշտպանի աշխատակազմի և լրատվամիջոցների միջև սերտ համագործակցությունը՝ ուղղված հասարակության առավել խոցելի խմբերին առնչվող զգայուն թեմաների պատշաճ լուսաբանման ապահովմանը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ արդյունավետ և ստեղծագործ աշխատանք: