Ցորենը բրինձով փոխարինելու փոխարեն կարելի է Արմեն Գրիգորյանին փոխարինել, օրինակ, «Գրիգոր Արմենյանով»

ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԸ՝ ԱԽՔ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ցորենը բրինձով փոխարինելու փոխարեն կարելի է Արմեն Գրիգորյանին փոխարինել, օրինակ, «Գրիգոր Արմենյանով»։ Նման հիմարությունները մեկնաբանության կարիք չունեն։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Մովսես Արիստակեսյանն՝ անդրադառնալով ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը՝ թե ռազմավարական ապրանքները կարող են փոխվել, պետք է ավելի ճկուն լինենք, օրինակ, կարող ենք ցորենից անցնել բրնձի և փոխել մեր հարմարվողականությունը և ունենալ բրինձը որպես ռազմավարական ապրանք։
 
«Անվտանգության խորհրդի քարտուղար է, թող ռազմավարություն մշակի, բազմաթիվ առաջարկություններ ենք ներկայացրել, որոնք չեն ընդունել, զբաղված են միայն բյուջեի ռեսուրսները մսխելով։ Թող հեծանիվ քշեն՝ գուցե էդպես զարգանան»։
 
Հարցին, թե այս հայտարարությունը կարելի՞ է դիտարկել ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Դանիել Բայերի այն հայտարարության համատեքստում, որ «Հայաստանը պետք է պատրաստ լինի մի քանի սառը ձմեռների՝ նա պատասխանեց, որ հնարավոր է, քանի որ երկար չի կարելի «սիլի-բիլի անել ՌԴ-ի հետ»։ «Խնդիրները լուծելու համար պետք է արագ որոշումներ կայացնել ու ըստ այդմ՝ տնտեսության ձևափոխումների ծրագրեր պետք իրականացնել»։
 
Տնտեսագետ Գագիկ Մակարյանն էլ «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց, որ ցորենն ու բրիձը մեկը մյուսով փոխարինելի ապրանքներ չեն։
 
- Որոշ երկրներում բրինձը պարենային ռազմավարական ապրանքների տեսանկյունից առաջատար դեր ունի, Հայաստանում այդ դերը վերապահված է ցորենին։ Բնականաբար, նման փոխարինումը, եթե նման մտադրություն կա, չի կարող արագ ու միանգամից տեղի ունենալ, այստեղ նաև սովորույթի խնդիր կա։ Հազիվ թե ամբողջ հայ ազգ միանգամից որոշում կայացնի ցորենը փոխարինել բրինձով, հնարավոր է օրինակ 15 տարվա ընթացքում ցորենի օգտագործումը նվազեցնել ու բրինձը ներառել ռազմավարական ապրանքների ցանկում,-ասաց նա՝ ընդգծելով, որ հակված է մտածելու, որ առավելագույնը մենք կարող ենք մոտավորապես 10-15 տոկոսով ավելացնել բրնձի օգտագործումը ու այդքանով էլ նվազեցնել հացահատիկինը, բայց ոչ ավելի։
 
- Օրինակ, կարելի է նաև ավելացնել աճարի օգտագործումը, ի դեպ, աճարը ավելի համեղ է ու կարելի է ավելացնել աճարի ցանքատարածությունները։ Ընդ որում՝ այստեղ հարցը նաև այն է, որ բրնձի ու աճարի հետ հացի օգտագործումն էլ կարող է մեխանիկորեն նվազել։
 
Անդրադառնալով ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու ենթատեքստին՝ նա ընդգծեց, որ այսօր աշխարհի շատ երկրներ, այդ թվում Եվրոպական, թեքվեցին դեպի Ռուսաստան, որպեսզի այնտեղից հացահատիկ կարողանան ձեռք բերել։
 
- Այսինքն, տարբեր երկրներ գնում են զիջումների՝ հացահատիկի անհրաժեշտ քանակը ձեռք բերելու համար։
 
Այստեղ հեռաքրքրական է, որ մենք 2020 թ-ին ուսումնասիրում էինք պարենի անվտանգության խնդիրը Հայաստանում և շուկաների ֆունկցիոնալության հնարավորությունները։ Տարօրինակ բան պարզվեց, որ կորոնովիրուսի պայմաններում շատ-շատ առաջադեմ երկրներ, որոն ամիսներ առաջ էին պլանավորում իրենց մատակարարումները, այդ պլանավորումները չքվեցին, քանի որ բազմաթիվ երկրների ճանապարհներ փակվեցին, իսկ Հայաստանում պարենի անվտանգության խնդիր չառաջացավ, քանի որ Հայաստանի բիզնեսն այնքան ճկուն էր, որ կարողանում էր շատ արագ պարզել, թե որտեղից ինչ քանակներ կարող է ձեռք բերել, որտեղ ինչ պահանջարկ է փոխպվել։ Արդյունքում, պարենի անվտանգության տեսակյունից՝ թեև Հայաստանը չունի կանոնակարգված մեխանիզմներ, իրեն ավելի լավ դրսևորեց, քան այն երկրները, որոնք կանոնակարգված մեխանիզմներով էին աշխատում։ Հետևապես, այս հայտարարությունից հետո մոտալուտ սովի մասին կանխեսումները խիստ չափազանցված են։
 
Աղբյուր` Փաստինֆո