Մեր երեխաները ծխախոտային արդյունաբերության թիրախում են
Համաձայն 2020 թվականին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենք»-ի՝ 2022 թվականի հունվարի 1-ից արգելվում է ծխախոտային բոլոր արտադրատեսակների ցուցադրությունը, գովազդը, խթանումն ու հովանավորչությունը վաճառքի կետերում։ Այնուամենայնիվ, ծխախոտային արդյունաբերությունը գտնում է հնարքներ՝ այս օրենքով սահմանված արգելքները շրջանցելու համար։
Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետի իրականացրած հետազոտությունը բացահայտել է այդ մոլորեցնող հնարքներից որոշները, մասնավորապես` թե ինչպես է արդյունաբերությունը թիրախավորում երիտասարդներին և երեխաներին՝ շրջանցելով վերոնշյալ սահմանափակումները վաճառքի կետերում։
Հետազոտական թիմն իրականացրել է դիտարկումներ Երևանի և Կոտայքի մարզի հիմնականում դպրոցների մոտակայքում գտնվող 142 վաճառքի կետերում։ Դիտարկվել են փոքր խանութներ, սուպերմարկետներ, կրպակներ, վեյփ շոփեր, ծխախոտի մասնագիտացված խանութներ, տաքացվող ծխախոտի խանութներ և այլն։ Իրականացվել են նաև անհատական հարցազրույցներ վաճառքի կետերի սեփականատերերի կամ աշխատակիցների հետ և խմբային քննարկումներ` 15-20 տարեկան երիտասարդների հետ։
Դիտարկված վաճառքի կետերում ամենահաճախ վաճառվող արտադրատեսակները եղել են ծխախոտը, էլեկտրոնային ծխախոտը և տաքացվող ծխախոտը։ Որոշ վաճառքի կետերում առկա են եղել նաև նիկոտինային բարձիկներ, նարգիլե, սիգար և ծխամորճ։ Բացի այդ, որոշ վաճառքի կետերում առկա է եղել սնուս, որի վաճառքն արգելված է օրենքով։
Ծխախոտային արտադրատեսակները հիմնականում ցուցադրված են եղել հատուկ ցուցափեղկերում ։
Որոշ վաճառքի կետերում արտադրանքը ցուցադրված է եղել նաև այլ տարբերակներով , օրինակ, էլեկտրոնային ծխախոտը հաճախ (41% դեպքերում) ազատ ցուցադրված է եղել հատուկ ցուցափեղկերից դուրս՝ դրանց համար հատկացված դարակների կամ սեղանների վրա:
Հատկանշական է, որ հատուկ ցուցափեղկերը, նույնիսկ հաճախորդի բացակայության պարագայում, բաց են եղել ծխախոտի համար` 45%, էլեկտրոնային ծխախոտի համար` 29%, իսկ տաքացվող ծխախոտի համար 26% դեպքերում։
Անհանգստացնող է, որ որոշ վաճառքի կետերում ծխախոտային արտադրատեսակները, հատկապես էլեկտրոնային ծխախոտը, ցուցադրված են եղել քաղցրավենիքի, զովացուցիչ ըմպելիքների և խաղալիքների կողքին` երեխաների աչքին հասանելի բարձրության վրա։
Դիտարկված վաճառքի կետերի մեծամասնությունում առկա է եղել ծխախոտային արտադրատեսակների որևէ տեսակի ուղղակի կամ անուղղակի գովազդ։ Ամենահաճախ հանդիպած գովազդի տեսակներից են եղել էլեկտրոնային լուսավորությամբ վահանակները: Առկա են եղել նաև տպագիր պաստառներ թե՛ որպես ցուցափեղկերի բաղկացուցիչ մաս, թե՛ առանձին։ Որոշ դեպքերում գովազդները եղել են մինչև մեկ մետր բարձրության վրա։ Դիտարկվել է նաև արտադրանքի բրենդի գովազդ տարբեր ոչ ծխախոտային իրերի վրա, ինչպիսիք են մանրադրամի սկուտեղները, օրացույցները, մուտքի վահանակները և սառնարանները։
Չնայած թե՛ դիտարկումները, թե՛ երիտասարդների ու վաճառքի կետերի պատասխանատուների հետ հարցազրույցները փաստում են վաճառքի կետերում տարատեսակ գովազդների առկայության մասին, շատերը չեն ընկալում դրանք որպես գովազդ՝ ընդգծելով դրանց թաքնված, անուղղակի և մոլորեցնող բնույթը։ Ավելին՝ որոշ երիտասարդներ նշել են, որ առավել հաճախ հանդիպում են էլեկտրոնային ծխախոտի վերաբերյալ գովազդների, որոնք ավելի գրավիչ և ազդեցիկ են իրենց համար։
Որոշ վայրերում դիտարկվել են գնի իջեցման, անվճար արտադրանքի և նվերների առաջարկի, ինչպես նաև հավատարիմ հաճախորդների խրախուսման դեպքեր։
Ծխախոտային արտադրատեսակները` հատկապես էլեկտրոնային ծխախոտները, եղել են բազմազան համային հավելումներով, գունավոր և նկարազարդ գրավիչ փաթեթավորմամբ։
Երիտասարդները նշել են, որ տարատեսակ համային հավելումների և գունավոր ներկայացման շնորհիվ դրանք դառնում են բավականին գրավիչ և խթանում են իրենց հետաքրքրությունը այդ արտադրատեսակների նկատմամբ։ Ինչպես նաև, այս հնարքների շնորհիվ էլեկտրոնային ծխախոտներն ընկալվում են որպես «քիչ վնասակար» և «թրենդային»։
Վաճառքի կետերի կեսից ավելիում բացակայել է կամ չի երևացել ծխախոտային արտադրատեսակների վաճառքն անչափահասներին արգելող նշանը։
Չնայած Հայաստանում ծխախոտի ցուցադրությունը և գովազդն արգելող համապարփակ օրենքի առկայությանը՝ դրա կիրարկման հետևողականության վերաբերյալ կան բազմաթիվ բացեր։ Մասնավորապես, մտահոգիչ է էլեկտրոնային ծխախոտների նոր մասնագիտացված խանութների և վաճառքի կետերում տարբեր հնարամիտ գովազդների շարունակական աճը, որը գրավիչ է երիտասարդների, երեխաների և չծխողների համար։
Մեր երեխաներին և երիտասարդներին ծխախոտային արդյունաբերության մոլորեցնող ազդեցությունից պաշտպանելու համար անհրաժեշտ է մշտապես հետևողական լինել մեր երկրում գործող օրենքների և սահմանափակումների կիրարկմանը։