Դիմել… շների օգնությանը

ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ

Մարդը մոռացության է մատնել նախնիների փորձն ու գիտելիքները, սակայն գիտական նորագույն նվաճումներն անընդհատ մատնանշում են, թե հներին մեծամտաբար արհամարհելն ինչքան վնաս է հասցրել մարդկությանը:
 
Սթրեսը կամ ճնշվածությունը մեր ժամանակների ամենամեծ խնդիրներից է, իսկ դա առաջ բերող պատճառները՝ ամեն քայլափոխի են: Աշխարհում մոլեգնող ահաբեկչությունը, դաժան հանցագործությունները, թմրամոլությունն ու հոգեկան շեղումները, չնչին բացառությամբ, մանկության տարիներին մարդկանց տարած սթրեսների հետևանք են:
 
Դրանցից ազատվելը անհնարին է թվում, բայց ահա Ֆլորիդայի գիտնականները պարզել են, որ երեխաներին հանգստացնելու համար հոգեբանների փոխարեն պետք է դիմել… շների օգնությանը: Գիտափորձը ցույց է տվել, որ սթրեսի ենթարկված երեխան ավելի հեշտ է դրանից ազատվում, երբ կողքին շուն կա, որին կարող է շոյել կամ գրկել: Շան հետ մնացած երեխաներն ավելի լավ են սթրեսը հաղթահարել, քան ամեն վայրկյան իրենց մայրիկների ներկայությունը վայելողները: Իսկ ամենակարևորն այն է, որ դա երեխաներին հնարավորություն է տալիս հետագայում սթրեսների նկատմամբ պակաս ընկալունակ լինել, այսինքն յուրատեսակ դիմադրողականություն է առաջացնում: 
 
Դուրս է գալիս՝ մարդկությունն իր «մանկության» պատմափուլում շներին ընտելացրել է ոչ միայն որս անելու և գիշատիչներից պաշտպանվելու նպատակով: Մարդը մոռացության է մատնել նախնիների փորձն ու գիտելիքները, սակայն գիտական նորագույն նվաճումներն անընդհատ մատնանշում են, թե հներին մեծամտաբար արհամարհելն ինչքան վնաս է հասցրել մարդկությանը: Հիմա արդեն գիտության ուժով է վերահաստատվել, որ շունը մարդու բարեկամն է ու նրա ցավերի ամոքիչը: Ուրեմն ծնողները չպետք է վախենան, եթե իրենց երեխաները շների հետ բարեկամանան: