«Վատ եմ գնահատում ցինիզմը»

ՊԵԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՆՁՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ո՞վ կամ ովքե՞ր են ադրբեջանական խնձորներ ներկրող(ներ)ը, ովքե՞ր են  կաշառք վերցնողները: Վերջին օրերին այս հարցերը հանգիստ չեն տալիս հայ սպառողին:   Բնականաբար՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն էլ չէր կարող շրջանցել այդ խնդիրն ու չխարազանել իր ղեկավարած համակարգի աշխատակիցներին: 
 
- Գործն այժմ  քննչական կոմիտեի վարույթում է: Ես այժմ չեմ կարող անուններ հնչեցնել: Քննչական կոմիտեն օրերս տարածած իր հայտարարության մեջ որոշ մանրամասներ արդեն իսկ հայտնել է՝ տեղեկացնելով, թե քրգործի շրջանակներում քանի մարդ կա ձերբակալված: 
 
Հիմնական հարցը ներկրողների ու ՊԵԿ-ի ձերբակալված աշխատակիցների անուններն էին, որոնք, սակայն նախագահն այդպես էլ չհնչեցրեց: Բայց խոսքի ընթացքում  բացահայտեց ներկրման մեխանիզմը:   Պարզվում է` մի քանի անգամ 50 կգ  ադրբեջանական խնձոր են ներկրել Հայաստան` խմբաքանակը հասցնելով 500 կգ:
 
ՊԵԿ նախագահն իր խոսքում  նաև քննադատեց  ոչ միայն իր ոլորտի կաշառված աշխատակիցներին, այլև  ներկրողին, առևտրային կետրոններին` ադրբեջանական խնձոր ներկրելու երևույթը ցինիզմ անվանելով: Ադրբեջանական խնձորների մասին հարցերը շատ էին, որոնք նյարդայնացրին  գերատեսչության ղեկավարին: Վերջինս հորդորեց  լրագրողներին այլ բնույթի հարցեր տալ, ապա նեղսրտեց իր հասցեին գրվող մեկնաբանություններից, որոնք  կարդում են իր հարազատները: Ի պատասխան՝ լրատվամիջոցներն էլ հիշեցրին, որ Վարդան Հարությունյանն է ընտրել հանրային դեմք լինելու առաջարկը: 
 
Մյուս հարցը վերաբերում էր ՍԱՍ սուպերմարկետում ստուգումներին, որոնք ՊԵԿ-ը սկսեց  այս տարվա սկզբին:  Պարզվում է`  սուպերմարկետում հայտնաբերված ստուգումները ցույց  են տվել, որ պետությանը հասցվել է 103 մլն դրամի վնաս, որը վերականգնվել է: 
 
ՊԵԿ-ի աշխատակիցների ստուգումներից դժգոհ էին նաև տոնավաճառի աշխատակիցները, որին «Ավանգարդն» անդրադարձել է:  Գրել էինք, որ տոնավաճառի աշխատակիցներն առաջարկում են շահութահարկը գանձել սահմանին, իրենց ազատել ավելորդ ծախսերից` հաշվապահ պահելուց, փաստաթղթավորումից: 
 
-Եթե շրջանառությունը չենք ֆիքսել,  ինչպե՞ս  գանձենք շահութահարկը: Ինչ վերաբերում է հաշվապահներին, մենք հաշվապահներով նրանց կօգնենք: Առևտրականները  պետք է ՀԴՄ կտրոն տան,- պնդեց Վարդան  Հարությունյանը: