«ՀԱՅԸ ՀԻՇՈՒՄ Է, ՀԱՅԸ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ Է»
Ի՞նչ է մտածում հայ երիտասարդը՝ Ցեղասպանության մասին 102 տարի անց

Ստեփանակերտում ապրիլի 23-ի ջահերթին մասնակցած հազարավոր երիտասարդներ այսօր ևս իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց Մեծ Եղեռնի սրբադասված զոհերի հիշատակին:
«Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է երիտասարդների հետ՝ պարզելու համար, թե ինչ են մտածում նրանք Ցեղասպանության մասին 102 տարի անց:
Բենո ՄԻՐԶՈՅԱՆ. ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամ.
- Մենք, ամեն տարի շարունակելով մեր պահանջատիրական երթը, հաջորդ սերունդներին ենք փոխանցում մեր պայքարի ոգին: Աշխարհի ավելի քան 30 երկրներում կազմակերպվող նմանատիպ միջոցառումներն միջազգային հանրությանը ցույց են տալիս, որ հայը պահանջատեր է և շարունակում է ապրել ու պայքարել իր իրավունքների համար:
Արամ ԻՍՊԻՐՅԱՆ. կրտսեր սերժանտ.
- Որպես զինծառայող՝ մենք հիշում և պահանջում ենք 102 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացրած Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ցեղասպան թուրքն այսօր էլ շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, բայց մենք ուժեղ ենք, պահանջատեր, ու վերջնական հաղթանակն էլ հայինն է լինելու: Մենք միշտ միասնական ենք լինելու, որն էլ լինելու է մեր հաղթանակների գրավականը:
Հարութ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ. «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ.
- Ողջ աշխարհին ուզում ենք ասել, որ հայը հիշում է, հայը պահանջատեր է: Քանի տարի էլ անցնի, մենք մեր արդար պահանջից չենք հրաժարվելու: Մենք ոչ միայն պահանջում ենք ճանաչում, այլ նաև մեր հայրենիքի վերադարձն ենք պահանջում: Այդ ամենը միայն բողոքի ակցիայով չի սահմանափակվելու: Պահը գալու է և մենք նորից հաղթանակ ենք կռելու, ինչպես արցախյան պատերազմում: