Տեսահսկողություն՝ նախակրթարաններում

Մայրաքաղաքի նախակրթարաններում սաների նկատմամբ երբեմն դրսևորվող հոգեբանական կամ ֆիզիկական բռնության դեպքերը կանխելու մտահոգությամբ Ստեփան Հասան-Ջալալյանն այսօր նամակ է հղել Երևանի քաղաքապետ  Հայկ Մարությանին՝ ներկայացնելով կոնկրետ առաջարկ, որը, թերևս մյուս ծնողների հավանությանը նույնպես կարժանա:
 
- Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող որոշ մանկապարտեզներում գրանցվել են մանկապարտեզների անձնակազմերի կողմից մանկապարտեզ հաճախող երեխաների նկատմամբ հոգեբանական կամ ֆիզիկական բռնության մի շարք դեպքեր, որոնք իրենց արձագանքն են գտել տպագիր և էլեկտրոնային մամուլի բազմաթիվ էջերում: 
 
… Հեռու եմ այն մտքից, որ նշված միջադեպերի վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված բոլոր հոդվածներն ամբողջությամբ համապատասխանում են իրականությանը, սակայն միաժամանակ կարծում եմ, որ առհասարակ անտեսել բոլոր հրապարակումներն ու բավարար ուշադրություն և շահագրգիռ հետևողականություն չցուցաբերել բարձրացված խնդրի նկատմամբ՝ առնվազն անթույլատրելի է, քանզի գործ ունենք մեր երկրի «վաղվա» հասարակության ներկայացուցիչների՝ մատաղ սերնդի հետ:
 
Կարևորելով մանկապարտեզների աշխատակիցների կողմից երեխաների նկատմամբ պատճաշ վարքագիծ դրսևորելու անհրաժեշտությունը՝ առաջարկում  եմ. 
 
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր մանկապարտեզների տարածքներում, բոլոր սենյակներում, բացի վարչական մասի աշխատասենյակներից, ինչպես նաև մանկապարտեզների սանհանգույցներից, տեղադրել տեսահսկման (տեսաձայնահսկման) համակարգեր, որոնք կաշխատեն տեսաձայնագրման ռեժիմով և ուղիղ, իրական ժամանակի ռեժիմով տվյալների փոխանցմամբ:                                     
Տեսահսկման համակարգը հնարավորություն կտա երեխաների ծնողներին երեխայի մանկապարտեզում գտնվելու ընթացքում՝ ցանկացած պահի, իրենց բջջային հեռախոսների միջոցով տեսնելու, թե կոնկրետ որտե՞ղ է գտնվում և ինչո՞վ է զբաղվում իրենց երեխան տվյալ պահին:  
Ակնկալում եմ ստանալ գրավոր պատասխան: