ՊԱՐՏՎՈՂՆԵՐ ՉԿԱՅԻՆ
Ամփոփվեց Թեքեյանական 7-րդը
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի իրականացրած «Թեքեյանական 7-րդ օլիմպիադա» միջդպրոցական ծրագիրը գիտելիքների մրցույթ է՝ մաթեմատիկա, անգլերեն լեզու, հայոց լեզուև գրականություն առարկաներից: Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս մրցույթում իրենց ուժերը չափեցին Երևանի, Գյումրիի, Ստեփանավանի, Կարբի գյուղի, Արցախի Բերձորի, Վ. Թեքեյանի անվան դպրոցների, ինչպես նաև Հայաստանի սիրիահայ համայնքի
8-րդ դասարանի աշակերտներ:
Հիմնադրամը նպատակ ունի օլիմպիադայի միջոցով քաջալերել աշակերտներին՝ խորացնելու գիտելիքներն ու ապահովելու բարձր առաջադիմություն, առողջ մրցակցության պայմաններում դրսևորելու իրենց կարողություններն ու արժանանալու մրցանակների, ծանոթանալու տարբեր մարզերում բնակվող հասակակիցների հետ:
Թեքեյան Կենտրոնում տեղի ունեցած 7-րդ օլիմպիադային մասնակցեց անհրաժեշտ գիտելիքներ ունեցող 63 աշակերտ: Օլիմպիադայի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ հայտարարվեցին հաղթող ճանաչված աշակերտների անունները: Սակայն պետք է նշել, որ չկային պարտվողներ, քանի որ բոլոր մասնակիցներին ԹԿՀ կողմից տրվեցին խրախուսական մրցանակներ՝ «Զանգակ» հրատարակչության գրքեր:
Ողջունելով բոլոր ներկաներին և շնորհավորելով հաղթողներին՝ ԹԿՀ տնօրեն Արմեն Ծուլիկյանն ասաց.
- Ավանդական են դարձել Հայաստանում և Արցախում գործող Վ. Թեքեյանի անվան հինգ դպրոցների ու Թեքեյան Կենտրոնի փոխադարձ կապերը: Արդեն կայացել է թեքեյանական թիմ, որը միասնական նորանոր հաջողություններ է գրանցում, քանզի մեկի հաջողությունն ու հաղթանակը` բոլորի հաջողությունն ու հպարտությունն է. հաղթում է թեքեյանական, երիտասարդական և ազգի միասնությունը:
Իսկ ՀՀ ԿԳՆ Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը նախարարության անունից նա շնորհակալություն հայտնեց ԹԿ հիմնադրամին՝ տարիներ շարունակ նմանատիպ ձեռնարկ կազմակերպելու համար.
- Չունենալով պետական հովանավորչություն, հիմնադրամն իրականացնում է աշակերտակենտրոն կրթական ծրագիր, որը ստուգում է երեխաների գիտելիքները և ոչ միայն խրախուսում մրցանակներով, այլև շահագրգռում է՝ կրթությամբ առաջ գնալու:
Թեքեյանական 7-րդ օլիմպիադայում առաջին մրցանակի արժանացան Ռուզաննա Հովակիմյանը (Բերձոր. «Հայոց լեզու և գրականություն»), Գևորգ Թումաղյանը (Երևան. «Անգլերեն լեզու»), Պարիս Բաղդասարյան (Կարբի. «Մաթեմատիկա»):