ՆՈՒՅՆ ԾԱՂԿԻՑ ՄԵՂՈՒՆ ՄԵՂՐ Է ՔԱՄՈՒՄ, ՕՁԸ` ԹՈՒՅՆ
Բարձր տեխնոլոգիաները՝ դարի հիվանդության դեմ
Եթե մարդկությունը բարձր տեխնոլոգիաներով ինքն իրեն չոչնչացնի, աշխարհի չորս ծագերում բազմաթիվ մարդկանց կյանքեր տառապանքի ու հիվանդությունների մատնելու փոխարեն կարող է նույն միջոցներով բոլորի հիվանդությունները բուժել ու մարդկանց կյանքը թեթևացնել:
Շաքարային դիաբետն այսօր աշխարհում ամենատարածված հիվանդություններից մեկն է, և տարեցտարի հիվանդների թիվն ավելանում է: Հնում այն համարվել է հարուստների, ազնվականների հիվանդություն, իսկ մեր օրերում ոչ մեկին չի շրջանցում: Ահա թե ինչու բժիշկներն ու վիճակագիրները վաղուց են ահազանգում, թե մոտ ապագայում մարդկության զգալի մասը ստիպված կլինի ապրել այդ հիվանդության թելադրած ապրելակերպով:
Դարի այս հիվանդության դեմ մարդիկ էլ փորձում են դարին հատուկ միջոցներով պայքարել: Ահա և տեղեկություններ են տարածվել, թե ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը գաղտնի նախագիծ է իրականացնում, որի համար կենսաբան-ինժեներների է վարձել, որպեսզի աշխատեն շաքարախտի բուժմանը նպաստող զգայակներ ստեղծելու ուղղությամբ: Թեև ընկերությունը այս տեղեկությունը չի մեկնաբանել, սակայն «Ռոյթերս»-ը մանրամասներ է հրապարակել, ըստ որոնց նրանք փորձելու են բարձր տեխնոլոգիաների միջոցով քրոնիկ հիվանդությունները բուժելու միջոցներ գտնել և նոր էջ բացել բժշկության ոլորտում, մասնավորապես ստեղծել կենսաէլեկտրոնային սարքեր:
Ինչքան բժշկությունը զարգանում է, որքան շատանում են արդյունավետ բուժման աներևակայելի միջոցները, այնքան ամենատարբեր հիվանդություններով տառապողների թիվն ահագնանում է: Դրա պատճառը ոչ միայն այդպիսի միջոցների թանկությունն ու անհասանելիությունն է, այլև հիվանդությունների տարածման չափազանց նպաստավոր միջավայրը:
Երևի հարցն այսպես է դրված՝ բարձր տեխնոլոգիաները կամ աշխարհը կփրկեն ու բոլոր ցավերին դարման կանեն, կամ Երկիր մոլորակը կհավասարեցնեն Արեգակի շուրջը պտտվող մյուս անկենդան մոլորակներին: