Մենակ ե՛ս չեմ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿԱՆԱՆՑԻՑ՝ ԿԱՆԱՆՑ

Խմբագրությանը հասցեյված այս նամակը վերստին հուշում է՝ դեռ հարցեր կան, որոնք սակավադեպ են բարձրաձայնվում: Դրանից, սակայն, խնդրի հրատապությունը չի վերանում: Ասում են չէ՞՝ յուրաքանչյուր դժբախտ դժբախտ է յուրովի:
 
Այս նամակի ներքո ստորագրած կանայք, թերևս, փորձում են հատուցում պահանջել իրենց հանդեպ կատարված այն ոտնձգության համար, որի անունը բռնություն է:
 
Մեզանից շատերը բազմիցս բախվել են բռնաբարության փորձերի ու սեռական ոտնձգությունների: Մենք խոսել ենք այդ մասին կամ որոշել ենք լռել, դիմել ենք ոստիկանություն կամ փորձել ենք մոռանալ դրա մասին, սակայն այս երևույթը շարունակում է տեղի ունենալ կրկին ու կրկին: 
 
Հատկապես, երբ կինը որոշում է մենակ ճամփորդել, նա բախվում է սեռական ոտնձգության ու բռնության ամեն քայլափոխի: Մեզ ծանոթ ու անծանոթ տղամարդիկ՝ լինեն տաքսու վարորդներ, կին ճանապարհորդներին ավտոստոպով որևէ տեղ տանող, թե փողոցում հանդիպող պատահական տղամարդիկ, նորից ու նորից պարտադրում են իրենց սեռական ցանկությունը՝ առանց մե՛ր ցանկությունների նկատմամբ որևէ հարգանքի. նրանք մեր աչքի առջև ձեռնաշարժությամբ են զբաղվում եւ առանց մեր համաձայնության դիպչում են մեր մարմնին: Սակայն է՛լ ավելի ողբերգական է այն փաստը, որ մեր հասարակությունը նույնիսկ չի հավատում բռնության ենթարկվածին, ավելի՛ն, հրաժարվում է օգնել նրան: Մարդիկ գերադասում են հավատալ այն առասպելին, թե իբր Հայաստանն ապահով տեղ է բոլորի համար: Նույնիսկ, երբ կանայք բավականաչափ համարձակություն են ունենում խնդիրը բարձրացնելու համար, հասարակությունը մեղադրում է զոհին, ոչ թե բռնարարին, ինչը կրկնակի հարված է սեռական բռնությունից տուժած կնոջ համար։ 
 
Մեզանից մեկը համարձակ որոշում է կայացրել ու դատարան է դիմել այս խնդիրը հանրայնացնելու նպատակով: Նրա նկատմամբ բռնաբարության փորձ և բռնի սեռական գործողություններ են կատարել այն ժամանակ, երբ նա 2018թ. մարտի 1-ին հեծանվով անցնելիս է եղել Վանաձորին մոտակա Գուգարք գյուղով: Օրինապահ մարմինները զոհին վերաբերող կոնֆիդենցիալ տեղեկատվությունը գաղտնազերծել ու տարածել են ոստիկանության շահերին ծառայող կայքի միջոցով՝ ստանալով «սենսացիոն» հրապարակային նյութ: Մեր պայքարն ուղղված է ոչ միայն բռնարարներին, որոնք մեզ շրջապատում են փողոցում եւ տանը, այլև նրանց, որոնք գտնվում են հենց իրավապահ համակարգում: 
 
Ուրբաթ օրը՝ մայիսի 11-ին, կայացավ այս հարցով առաջին դատական նիստը: Երկրորդ նիստը տեղի է ունենալու մայիսի 31-ին, ժամը 11:30 Լոռու ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, Վանաձոր քաղաքում: Սա բոլորիս խնդիրն է: Այն այլևս չպե՛տք է լռեցվի: Կոչ ենք անում բոլոր կանանց միանալ մեզ: 
 
Բռնությունը ԲՌՆՈՒԹՅՈՒՆ է, անկախ այն հանգամանքից, թե ինչ է իմ հագին, որ ժամին եւ ինչի համար եմ ես գտնվում դրսում... անկախ «պրովոկացիայի» մասին տարածված պատկերացումներից: 
 
Եթե ցանկանում եք կապվել մեզ հետ կամ հրապարակել ձեր պատմությունը (այդ թվում՝ նաև անանուն կերպով), ապա կարող եք գրել մեզ այս էջի միջոցով https://bit.ly/2GiiIfoՉ, Մենակ ե՛ս չեմ:
 
Արփինե Գալֆայան
Եվա Յաշկօվա
Արե Մարտիրոսյան
Մարիամ Դավթյան
Լալա Ասլիկյան
Նվարդ Մինասյան
Աննա Նիկողոսյան
Նանա Լանդաու
Սեւան Պետրոսյան
Աննա Ժամակոչյան
Ծոմակ Օգա
Սոնա Գրիգորյան
Նվարդ Մանասյան