Մերօրյա «մաղթանք»՝ «ձեր դեղերը թող միայն ձեզ պետք գան»

ԱՆ-Ն ՄԻ ՔԱՐ ԳԼՈՐԵՑ…

Դեղերը միայն դեղատոմսով վաճառելու որոշումը գայթաքար դարձավ Առողջապահության նախարարության, ավելի ստույգ՝ նախարարի համար: Բորբոքված կրքերն ավելի թեժացան ՄԻՊ-ի աղմկահարույց զեկույցը հրապարակումից հետո: Օրեր առաջ «Ավանգարդը» կարծիք էր հնչեցրել, թե գուցե այսպես Ալթունյանին հասկացնում են, որ պիտի լքի՞ պաշտոնը:
 
Նման կարծիք երեկ հնչեցվել է նաև ՀՀ ԱԺ-ում՝ դեղերը դեղատոմսերով բաց թողնելու հարցով խորհրդարանական լսումների ժամանակ, որին, ի դեպ, չի մասնակցել առողջապահության նախարարը:
 
Նախարարի հրաժարականը պահանջելն այսօր ընդամենը «կոսմետիկ» սկզբունքայնություն կլինի, զի հաշված օրեր հետո բոլոր նախարարները վայր են դնելու իրենց լիազորությունները և ոչ բոլորն են վերանշանակվելու: Արդյո՞ք ավելի ճիշտ չի լինի այսուհետ հետևողականորեն վերահսկել իրավիճակը՝ վայրիվերումների հանգեցնող նկրտումների առաջն առնելով:
 
Խորհրդարանական լսումները սովորաբար փաստում են, որ պատգամավորների շարքում քիչ չեն հանրությանը ցավեցնող խնդիրների հատ անհաշտ պատգամավորները: Բայց ստացվում է, որ նրանց սրտացավությունը չ նպաստում ոլորտային անհեռատես քաղաքականության և տնտեսվարողների պարտադրած ծայրահեղությունների կանխմանը: 
 
ԱՆ-ի տխրահռչակ այս նախաձեռնությունն, իհարկե, կանխվեց: Ավելի ստույգ՝ հետաձգվեց դրա կիրարկումը, սակայն անտեսվեց ոչ պակաս կարևոր մեկ այլ վայրագություն՝ դեղերի գների առասպելական թռիչքը: Դիցուք, 120-140 դրամ արժեցող ասկոֆենը դարձավ 230-250 դրամ: Դեղեր ներմուծողների բարոյականությանն ու խղճին ապավինելը ինքնախաբեություն է, բայց վերահսկողներ չկա՞ն, թե՞ նրանք էլ կոչված են «գրպանահատ»-թանկացնողների արարքն արդարացնելու:
 
Եթե մինչ այս ապօրինի ներմուծումներ են եղել կապ անօրինական վաճառք, և դեղերի մեծ խմբաքանակներ իրացվել են հարկային մարմինների «աչքից հեռու», ապա ճիշտ ժամանակն է՝ նրանցից բռնագանձել թաքցված շահույթները: Այլապես այսուհետ ավելի ու ավելի է զարկ տրվելու մաքսանենգ ճանապարհով Վրաստանից դեղերի ներմուծմանը և վերավաճառքին: Սպառողը դրանից չի շահելու՝ գոնե մատչելիության առումով, մինչդեռ պետությունը բյուջետային մուտքեր է կորցնելու, իսկ առողջապահության ոլորտը՝ հեղինակություն:
Ինչպես նկատեց Հայաստանի Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը՝ հիմա հայերը ոչ միայն դեղեր են բերում, այլև նախընտրում են Վրաստանում բուժվել: Այնտեղ, օրինակ, ստենտավորումն ավելի էժան է: Այնտեղ վերականգնողական կուրս են անցնում, դեղեր գնում: 
 
- Այդ բոլոր փողերը Վարստանին են գնում միայն այն պատճառով, որ մեր կառավարությունը չի ցանկանում լուծել ԱԱՀ հարցը, իսկ խոսքն ընդամենը տարեկան 16,7 մլն դոլարի մասին է, որպեսզի ամբողջ բնակչության համար դեղերի գները նվազեցվեն: Դրա փոխարեն, մենք այդ փողը Վրաստան ենք տանում,- ասաց նա: