Հայկական նորագույն օրորոց` խիստ զբաղված ծնողների համար

Ընդամենը մեկ տարում մեր մասնագետները կարողացել են նորագույն միջոցներով ապահովել մեր մանուկների, բանակի և ֆինանսական անվտանգությունը: Եթե մեր տնտեսությունն ու արդի մշակույթը, ինչպես նաև քաղաքական միտքը ևս սրանք ստեղծողների մտքի պես ճկուն ու սրամիտ լուծումներով զարգանային, Սինգապուրին հասնելը մեզ համար, թերևս, ընդամենը ամիսների խնդիր կլիներ:
 

2017թ. Հայաստանում երեք եզակի հայտնագործություն է արվել, որոնք ամբողջ աշխարհում նմանը չունեն: repatarmenia.org կայքը դրանք իր ռուսալեզու ընթերցողին է ներկայացրել, որտեղից էլ դրանց մասին իմանում ենք հետևյալը:

Մայիսին ստեղծվել է մեր օրերի ամենահզոր դրամապանակը` օժտված 5 անօրինակ գործառույթներով: Volterman անունը կրող դրամապանակն ունի  GPS հնարավորություն, որը տիրոջը հնարավորություն է տալիս` կորչելու դեպքում այն հեշտությամբ գտնել, իսկ եթե գողացվել է, հասկանալ, թե այն որտեղ է գտնվում: Դրամապանակի մեջ տեղադրված տեսախցիկը լուսանկարում է կողոպտչի դեմքը և ուղարկում տիրոջ հեռախոսին:

Դրամապանակի Bluetooth alarm ծրագիրը գործում է տիրոջ հեռախոսին համահունչ և ձայնային հղորդագրություն է ուղարկում, եթե գողացված դրամապանակի և նրա միջև եղած տարածությունը մեծանում է: Դրամապանակն օժտված է նաև power bank հնարավորությամբ, որի միջոցով հեռախոսը և մյուս գործիքները կարող են լիցքավորվել: Volterman-ը կարող է հեռախոսը լիցքավորել և ապահովել միացումը համացանցին, քանի որ ունի նաև WiFi hotspot:

Ապրիլին հայկական «Արագած» ընկերությունը նախագծել և պատրաստել է հեռուստատեսային սարքավորմամբ հակատանկային «Ֆագոտ» համակարգերը, որոնք հնարավորություն են տալիս նկատել և 3500 մ հեռավորությունից խոցել հակառակորդի ռազմական  տեխնիկան, իսկ կենդանի ուժի տեղաշարժը` 5500 մ-ից: Նշվում է, որ սարքավորումն ամբողջությամբ մշակվել և հավաքվել է Հայաստանում:

Ընկերությունը մեկ այլ սարքավորում էլ է ստեղծել, որը հնարավորություն է տալիս ստուգել, թե հակառակորդը զինվա՞ծ է արդյոք:

Դեկտեմբերին Երևանում ցուցադրվել է ապագայի օրորոցը: Այն բազմաթիվ  հնարավորություններ ունի և միացված է սմարթֆոնին: Օրորոցին միացված են ռադիոդայակ, տեսախցիկ, նվագարկիչ, լամպ: Ծնողները կարող են աշխարհի ցանկացած կետից օրորոցի հետ կապ հաստատել` որևէ էլեկտրոնային սարքի միջոցով: Մահճակալը նաև «ամպ» ունի, որտեղ կարելի է մի քանի օր պահել երաժշտություն, տեսանյութ, ինչպես նաև տեղեկություններ երեխայի մասին` նրա հասակը, քաշը, քնի տևողությունը, վիճակագրական այլ տվյալներ: