Ուզում են ասել՝ լավ է ուշ, քան երբե՞ք
«ՋԱՎԱԽՔԸ ԿՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԵԹԵ ԱՄԲՈՂՋ ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ»
«Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավորները հայտարարություն են ներկայացրել շրջանային ժողովին, որում նրանք կոչ են անում ճանաչել և դատապարտել, ինչպես նաև նպաստել Վրաստանի կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը:
- Վրաստանը դեռ պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ քաղաքական նկատառումներից ելնելով։ Գաղտնիք չէ, որ Անկարան նրա ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է։ Եթե այսօր Վրաստանը չի կարող դա անել պետական մակարդակով, ոչինչ չի խանգարում հայերով բնակեցված Սամցխե-Ջավախքին ճանաչել այն, - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից Ախալքալաքի Շրջանային ժողովի պատգամավոր Սամվել Պետրոսյանը ։
Նա նաև կարծիք է հայտնել, թե Վրաստանի խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը պատրաստ է բանավոր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նրանք սրտանց կարեկցում են հայ ժողովրդին...
Իհարկե, հաճելի է լսել, տեղեկանալ, բայց անմիջապես ակամա հարց է ծագում՝ ուշացած չէ՞ այս պատրաստակամությունը: Օտարները դա շատ ավելի վաղուց են արել, իսկ Անկարայի ռազմավարական գործընկեր Վրաստանից ու նույնիսկ հայերով բնակեցված Սամցխե-Ջավախքից այդպիսի «զոհաբերություն» չենք էլ ակնկալել:
Ինչ վերաբերում է Ս. Պետրոսյանի ու իր գործընկերների հույսերին, թե Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մեռյալ կետից կշարժվի, և մոտ ժամանակներում Թբիլիսին կճանաչի և կդատապարտի այդ փաստը, ապա հազիվ թե դա բարի ցանկությունից այն կողմ անցնի: Եվ այս կարծիքը ոչ թե հոռետեսություն, այլ իրատեսություն է, ինչը կմաղթեինք նաև վիրահայ մեր հայրենակիցներին:
Բայց այ՝ թե նրա՛նք՝ «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության հայ հայրենասերներն ինչու են զլացել դա անել, մնում է անընկալելի ճիշտ այնպես, ինչպես անհասկանալի է նրանց ուշացած այս պոռթկումը:
«Sputnik Արմենիա»-ի հետ մենք ևս հիշեցնենք նրանց, որ Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ռուսաստանը, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգների մեծ մասը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։