Վախի մթնոլորտ՝ տառապանքի փորձով
ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ՏԱԳՆԱՊ ԵՆ ԱՊՐՈՒՄ
Քիչ առաջ HING.am-ի տարածած տեղեկատվությունն ակամա կարեկցանք ու զայրույթ է հարուցում: Կարեկցանք՝ Սպիտակի երկրաշարժից հետո մեջքը շտկել չկարողացող, իսկ ռուս զինծառայողի կատարած սպանդից է՛լ ավելի սարսափած գյումրեցիների հանդեպ, և զայրույթ՝ այնտեղ տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողների՝ հաճախ ամբարտավան պահվածքի համար:
- Գյումրիում վախի մթնոլորտ է, դռները փակել՝ մտել են տները. Ռազմաբազայից զինվորի փախուստի լուրերը պաշտոնապես հերքվում են,- գրել է HING.am-ը:
Փաստորեն՝ պաշտոնական հերքումն անգամ չի մեղմում վախի մթնոլորտը:
- Չգիտեմ՝ իրականում այդ զինծառայողները փախել են ռազմաբազայից, թե ոչ, բայց Գյումրիում հիմա նման լուրեր շրջանառվում են, և բոլորը դռները ամուր փակել՝ մտել են իրենց տները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը՝ անդրադառնալով Գյումրիի 102-րդ ռազմաբազայից ռուս զինվորի անհետացման մասին լուրերին։
Լրատվամիջոցը հիշեցնում է՝ երեկ ԶԼՄ-ները տեղեկություն էին հրապարակել, որ Գյումրիում «Մուշ» թաղամասի բնակիչներն ահազանգել են, թե զինվորական համազգեստով երկու երիտասարդ լուսանկարը ձեռքերին փնտրում են զինծառայողների։
Երեկ Ոստիկանությունը, Շիրակի մարզի դատախազությունը, ինչպես նաև Գյումրիի 102-րդ ռազմաբազան հերքել էին լուրերը։
- Բոլոր զինծառայողները տեղում են։ Անօրինական բացակայողներ չկան,- լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էին ռազմաբազայից։
Ոստիկանությունից էլ, այսօր ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցի՝ ասել էին, որ իրենք ոչ մի դիմում չեն ստացել։
Լևոն Բարսեղյանի խոսքով, սակայն, այս հերքումները օբյեկտիվորեն չեն բավարարում գյումրեցիներին, քանի որ նրանք վստահություն չունեն։
- Հայաստանի իշխանությունները պարտավոր են ռուսական իշխանությունների հետ շատ հստակորեն պայմանավորվել, որ ոուսական ռազմաբազայից ցանկացած տեղաշարժի, փախուստի մասին իշխանությունները, ժողովուրդը պետք է տեղյակ լինեն։ Ռազմաբազայի տարածքը պետք է կահավորվի տեսախցիկներով, լուսարձակներով, որ տարածքը հսկվի, ինֆորմացիան գնա և հավաքագրվի մի տեղում, որ հասկանալի լինի՝ ինչ է կատարվում, և Հայաստանի իշխանությունը իմանա՝ իր քաղաքացիներին ինչպես է պաշտպանում,- ասել է Լ. Բարսեղյանը՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունները որևէ դաս չեն քաղել Ավետիսյանների ողբերգական դեպքից։
Ըստ նա՝ ստեղծված վիճակում բոլորն են վախի մթնոլորտում ապրում, որ հնարավոր է ցանկացած պահի որևէ թաղամասում հայտնվեն կորած զինվորները՝ հարբած, զենքով։