Բանակից խուսափածներին ամեն գնով վերադարձնել Հայաստան
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ…

Այսօր խորհրդարանում զինծառայության հետ կապված այլ օրինագիծ էր քննարկվում, և թեմային առնչվող բազմաթիվ հարցեր ուղղվեցին զեկուցողին:
Սակայն հանրությանը հուզող և նոր օրենքի հավատընծայությունը երաշխավորող կարևոր մի հարց այսօր չհնչեց խորհրդարանում. ինչպե՞ս է լուծվելու զինծառայությունից խուսափած այն տեղաբնակների խնդիրը, ովքեր արդեն տաքուկ աշխատանք ունեն ու նույնիսկ մեծ ու փոքր պաշտոններ են զբաղեցնում: Ասել է թե՝ նշյալ հնգապատիկը վճարելով՝ նրանց գրպանները չեն թեթևանա: Իսկ եթե առողջական խնդիրների պատճառով են օրինականացրել իրենց դասալքությունը, ուրեմն լրջորեն մտածել է պետք՝ այդքան վատառողջ պաշտոնյաներ մեզ պե՞տք են: Ախր մեզ հոգով առողջ մասնագետներ ու նաև պաշտոնյաներ են պետք: Իսկ առողջ հոգին առողջ մարմնում է լինում:
Արդեն գրել ենք, որ ուսանողները ժամանակավորապես դադարեցրել են դասադուլն ու հացադուլը: Իշխանությունը համաձայնել է կլոր-սեղան քննարկում սկսել, ու եթե ուսանողներն ապացուցեն, որ տարկետման վերացմամբ գիտությունը կտուժի՝ կլինեն փոփոխություններ: Սակայն այդպես էլ հստակ չէ, թե կլոր-սեղան քննարկմանն արդյո՞ք կմասնակցի Վիգեն Սարգսյանը, ով համառորեն առաջ է տանում տարկետման իրավունքի վերացումը:
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով գումար վճարել մինչև 27 տարեկան բանակից խուսափածների համար, որի շնորհիվ զինծառայությունից խուսափածները կվերադառնան Հայաստան: Օրենսդիր մարմինը, սակայն, համարում է, որ 500-ապատիկը շատ է և պետք է բավարարվել 200-ապատիկի չափով: Հարակից զեկուցող Կարինե Աճեմյանը բարձրաձայնեց, որ համաձայն չեն կառավարության այն տեսակետին, թե այդպիսով մարդիկ կկարողանան խուսափել ծառայությունից՝ վճարելով որոշակի տուգանք: Ընդ որում՝ կառավարությունն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված կամ զորակոչից խուսափածներին հնարավորություն ընձեռել՝ մինչև 2019 թվականը վերադառնալ հայրենիք:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին հետաքրքրում էր, թե հնարավո՞ր է, որ օրենքի ժամկետը երկարաձգվի:
Կարինե Աճեմյանը հիշեցրեց, որ արդեն 9-րդ անգամ է օրենքում փոփոխություն կատարվում, բայց դժվարացավ ասել, թե հետագա տարիներին երկարաձգումներ չեն լինի:
«Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ տղաներին Հայաստանը պետք է կարողանա ներել՝ ազատելով պատժաչափից, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ Հայաստան և այստեղ ապրել: Միաժամանակ, Արտակ Զեյնալյանն արդար չի համարում, որ որոշակի գումար վճարելով մենք ներում ենք բանակում չծառայածներին:
Իսկ «Ելք» խմբակցության մյուս անդամ, պատգամավոր Մանե Թանդիլյանը կարծում է, որ պետք է հասկանալ, թե այս նախագծով ինչ նպատակ ենք հետապնդում.
- Մենք գումար ենք հավաքագրո՞ւմ, թե՞ ուզում ենք, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան:
Թերևս՝ երկուսն էլ, բայց որքանո՞վ է դա իրականանալի: Չէ՞ որ հատկապես այդ երկու պատճառներով են մարդիկ հեռացել հայրենիքից. որդիներին թշնամու գնդակից փրկելու և աշխատանք գտնելու: