«Գյումրի քաղաքում մինչև 3000 անօթևան ընտանիք կա »

ԳՅՈՒՄՐՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԱՆՕԹԵՎԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

Վերջին շրջանում Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիի զարգացման ծրագրերի մասին խոսում են և՛ կենտրոնական, և՛ տեղական իշխանությունները։

Ներկայում քաղաքը զարգացնելու առաջնային ուղղություններից մեկն է համարվում զբոսաշրջությունը, և իշխանությունները խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ ապահովել այդ ոլորտի զարգացման համար։ Այս համատեքստում անգամ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր անձնական միջոցներից ներդրում է կատարել Գյումրիում։ Սակայն Գյումրին զարգացնելու բազմաթիվ ծրագրերի շարքում չի նկատվում քաղաքը տնակներից ազատելու ու մոտ 30 տարի ձգվող անօթևանության խնդրի լուծման և ոչ մի ծրագիր։ Ժամանակավոր վագոն-տնակներ կարելի է տեսնել քաղաքի տարբեր, անգամ կենտրոնական հատվածներում։

«Մեդիա կենտրոնը» Գյումրիում կազմակերպել էր «Գյումրու զարգացման ծրագրերը և անօթևանության խնդրի լուծումները. բյուջետային միջոցների ծախսման արդյունավետությունը» թեմայով քննարկում, որին հրավիրված էին ինչպես տեղական իշխանության, այնպես էլ խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գյումրիում անօթևանության ու վագոն-տնակների թվաքանակի վերաբերյալ մինչ այսօր որևէ հստակ պաշտոնական թիվ չի նշվում։ Այդ ուղղությամբ ուսումնասիրություններ իրականացրել են տարբեր կազմակերպություններ` հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ, անգամ կուսակցություններ։ Տարբեր հաշվարկներով անօթևան ընտանիքների թիվը Գյումրիում հասնում է մինչև 3000 ընտանիքի։

Քննարկմանը մասնակցող ՀՀ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանը նշել է, որ պետությունը, 2017թ․ 84 անօթևան ընտանիքի բնակարանի գնման վկայագրեր տրամադրելով,  սպառել է իր պարտավորությունները 1988թ․ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների նկատմամբ։ Տիգրան Հարությունյանը միաժամանակ համաձայն էր այն գնահատականներին, որ դրանով անօթևանության խնդիրը քաղաքում չի լուծվում և փաստացի անօթևան ընտանիքների թիվն ավելին է, քան այդ 84-ը:

- Հետազոտություններ ունենք, որ Գյումրիում կա մոտավորապես  600-700 անօթևան, որոնք 2008-2010 թթ. տարբեր պատճառներով փաստաթղթեր չեն ներկայացրել և դուրս են մնացել պետական ծրագրերից։ Իսկ վագոն-տնակների քանակը 1800-2000 սահմաներում է, և, բնականաբար, այնտեղ ապրող ընտանիքները համարվում են անօթևաններ, բայց ոչ` երկրաշարժի հետևանքով։

Այս համատեքստում անգամ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր անձնական միջոցներից ներդրում է կատարել Գյումրիում։ Սակայն Գյումրին զարգացնելու բազմաթիվ ծրագրերի շարքում չի նկատվում քաղաքը տնակներից ազատելու ու մոտ 30 տարի ձգվող անօթևանության խնդրի լուծման և ոչ մի ծրագիր։ Ժամանակավոր վագոն-տնակներ կարելի է տեսնել քաղաքի տարբեր, անգամ կենտրոնական հատվածներում։

Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանը, հղում անելով ՀՀ կառավարությանը, նշեց, որ Հայաստանում կա 30 հազար անօթևան ընտանիք, ինչը կազմում է բնակչության 4,5-ից 5 տոկոսը․

- Յուրաքանչյուր 20-րդ ընտանիք, պետական իշխանության տվյալներով, անօթևան է։ Իսկ Գյումրի քաղաքը այս իմաստով առանձնահատուկ խոցված է։ 90-ից 95 տնակային թաղամաս Գյումրիում դեռ պահպանվում է, ճիշտ է, դրանցում տնակների թիվը խիստ նոսրացած է, տեղ կա, որ 2 տնակ կա ընդամենը։ Սակայն դրանք խոցված տարածքներ են։

Փաստելով, որ մինչև 3000 անօթևան ընտանիք կա Գյումրի քաղաքում, ավագանու անդամը հաշվարկներ է ներկայացրել, ըստ որոնց` Գյումրիում անօթևանության խնդրի լուծման համար 35-ից 40 մլն ԱՄՆ դոլար է անհրաժեշտ․

- Այդ գումարը պետական բյուջեի մոտ 1,2-1,3 տոկոսն է, և եթե այս թիվը բաժանենք 4 տարվա վրա, ապա տարեկան հարկավոր կլինի ճարել 8-9 մլն դոլար, դնել 4 տարում էս խնդիրը վերջնական լուծել ու Գյումրին ազատել տնակներից, անօթևաններին դարձնել օթևան ունեցող և վերջ: Բայց այս խոցը չի բուժվում և շարունակում է քայքայել քաղաքը։

Կարևորելով խնդրի հետ կապված գերատեսչությունների ու պաշտոնյաների պատասխանատվության խնդիրը, Կառավարման փորձագետ Արթուր Համբարձումյանն ընդգծել է.

- Մենք պետք է ֆիքսենք, թե կառավարման որ մարմինների ապաշնորհության, հանցագործության արդյունքում է, որ այս 30 տարիների ընթացքում դեռ այդ խնդիրը պահպանվում է։ Եթե մենք խոսում ենք 2000 անօթևան ընտանիքի մասին, ապա դա մոտ 10 000 հոգի է։ Իսկ եթե դա համադրենք Գյումրի առկա բնաչության թվի հետ, ապա կստացվի, որ քաղաքի բնակչության 10-ից ավելի տոկոսը անօթևան է։

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Ղարիբ Հարությունյանը նշում է, որ իրենց կազմակերպությունն ամբողջական հետազոտություն է իրականացրել և հստակ պատկերի է տիրապետում, թե Գյումրիում քանի տնակ կա և քանիսում են մարդիկ բնակվում։

- Մոտ 3400 տնակի առկայության մասին է խոսքը, որտեղից եթե հանենք ավտոտնակները, քանդված, բայց դեռ հասցեն պահպանված տնակները, ապա կարող ենք ասել, որ 2500 ընտանիք բնակվում է տնակում, որնց մեջ մտնում են նաև քարաշեն ու կիսաքարաշեն տնակներ։

Գյումրու ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Սուսաննա Աստոյանը իր հերթին ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից իրականացրած անօթևանների թիվը ճշտելուն ուղղված հետազոտությունների տվյալները․

- Պարզել ենք, որ Գյումրիում կա 3100 տնակներում բնակվող ընտանիք։ Այդ ընտանիքները անօթևան են դարձել տարբեր պատճառներով։