Եկեղեցին՝ չմարսված ոսկոր Բագրատյանի կոկորդում

ԵՐԲ ՍԵՓԱԿԱՆ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ՉԵՆ ՆԿԱՏՈՒՄ

Դժվար է պատկերացնել մի հավատացյալ, ով եկեղեցում մոմ գնելուց հետո ՀԴՄ կտրոն կպահանջի, իսկ երբեմնի վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանի պես մտածող մի ստուգող էլ կմտնի եկեղեցի, կմեղադրի  մոմավաճառին՝ ՀԴՄ կտրոն չտալու համար: Չէ՞ որ որևէ հավատացյալի մտքով իսկ չի անցնում, թե մոմի տեսքով եկեղեցում ինքն ապրանք է գնում: 
 
Բայց Հրանտ Բագրատյանը կարծես սա նորմալ է համարում: Մեկ ամսից ավելի է, որ կառավարության նախկին ղեկավարի քննադատության թիրախում Հայ Առաքելական Եկեղեցին է, որին նա անգամ մեղադրում է՝ պետականությունը վտանգելու համար: Իսկ օրեր առաջ հրապարակեց Հայ առաքելական եկեղեցու մասին 11 կետանոց իր բարեփոխումները, որոնց այսօր ցանկանում ենք անդրադառնալ:  
 
Բագրատյանն առաջարկում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ) և Հայաստանում գործող կրոնական մյուս կառույցներն ամեն տարվա սկզբում հրապարակեն նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունն ու հաշվեկշիռը։ Պատճառը, ըստ նախկին պաշտոնյայի, այն է, որ ՀԱԵ-ի տնտեսական շրջանառությունը ՀՆԱ-ի 3.5%-ն է կամ ՀՀ ստվերային տնտեսության 8%-ը։ Իհարկե, գովելի է, որ Բագրատյանը մտահոգ է ստվերի կրճատմամբ, բայց չի՞ կարծում, արդյոք, որ մինչև Եկեղեցուն անդրադառնալը՝ պետք է փնտրել ու վերացնել աշխարհիկ ոլորտների՝ «մնացյալ» 92% ստվերը: 
 
Իսկ ստվերի կրճատումն անհրաժեշտ է՝ պետական գանձարանը լցնելու, կամ գոնե չդատարկելու համար: Ստվերի կրճատման, գումարների անարդյունավետ մսխման քանի՞ աղբյուր կարելի է մատնանշել՝ մինչև ՀԱԵ-ին հասնելը: Հենց երեկ, օրինակ, դրանցից մեկը մատնանշել էինք՝ Երևանի բյուջեից ամեն տարի 11 մլն դրամ փոխանցվում է փաստացի չգործող Հայաստանի ավագանիների ասոցիացիային: Կամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  500.000 դրամով 4 բաժակ է գնում իր ռուս գործընկերոջը նվիրելու համար: Հանրային տրանսպորտը սպասարկող գծատերերը, ըստ մամուլի հրապարակումների, իրենց շահույթից քիչ հարկեր են վճարում: Իսկ վերջերս էլ հայտնի դարձավ, թե ինչպես է Գյումրու պետական համալսարանը մսխում համալսարանի բյուջեն՝ ռեկտորին ՀՀ նախագահից էլ բարձր աշխատավարձ նշանակելով: Դե, չարչրկված Հայաստանի օլիգարխների հարկային պարտավորությունների թերի կատարման, չինովնիկների հայտարարագրերի մասին էլ չխոսենք: Ու այսքանը թողած՝ անդրադառնալ ՀԱԵ-ին, չի՞ նշանակում  ավելորդ լարվածություն ստեղծել ու այն էլ չհիմնավորված՝ նսեմացնելով հոգևոր կառույցի հեղինակությունը: 
 
ՀՀ Սահմանադրությամբ՝ եկեղեցին ու պետությունն անջատ են իրարից, չնայած իրականության մեջ երբեմն եկեղեցին ու իշխանությունը համաձայնեցված են գործում՝ հանուն երկրի բարօրության (գոնե այդպես են հիմնավորում հոգևոր հայրերը): Հետևաբար, եթե Բագրատյանն առաջարկում է Առաքելական Եկեղեցում բարեփոխումներ անել, ապա ենթադրելի է, որ Սահմանադրության մեջ ևս պետք է փոփոխություն կատարվի: 
 
Ինչ վերաբերում է Հայաստանում գործող կրոնական մյուս կառույցներին, ապա դրանք պետք է լինեն իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում: Նրանց վերաբերյալ տեղեկատվությանը լավագույնս տիրապետող մասնագետներն ահազանգում են՝ պատերազմող երկրի համար դրանք  վտանգավոր են, զբաղվում են փողերի լվացմամբ, իսկ վերջերս էլ ՄԻԵԴ-ի աջակցությամբ «Եհովայի վկաներ» կազմակերպության 4 անդամ պետբյուջեից 60.000 եվրո փոխհատուցում պետք է ստանա՝ նույնիսկ այլընտրանքային զինծառայությունից խուսափելու համար (այս փաստին ևս «Ավանգարդն» անդրադարձել է):
 
Եթե Հայաստանում կաշառակերության դեմ պայքարն իր արդյունքը տա, ապա կարծում ենք՝ Բագրատյանի կողմից Եկեղեցուն վերագրվող 8 տոկոս ստվերն էլ կվերանա:
 
Նախկին վարչապետի մյուս, թերևս միակ ընդունելի  մտահոգությունը եկեղեցաշինությունն է: Նա առաջարկում է այս կամ այն գործարարի և/կամ օլիգարխի կողմից եկեղեցիների, հողերի և այլ անշարժ գույքի տեսքով ՀԱԵ-ին, մյուս քրիստոնեական եկեղեցիներին ու կրոնական կազմակերպություններին  նվիրատվությունները ձևակերպել միայն այն բանից հետո, երբ Կառավարությունն ու Կենտրոնական Բանկը համապատասխան փաստաթղթեր կտրամադրեն առ այն, որ պետական բյուջե չմուծված հարկերի կամ էլ փողերի լվացման հետ կապված խնդիրներ չկան։ Բայց եթե Հայաստանում կոռուպցիան ծաղկում է՝ հազիվ թե կառավարությունն ու Կենտրոնական բանկը սրան ընդառաջ գնան: 
 
Աշխարհիկ Բագրատյանը «նորարական» հեղաշրջում է պահանջում՝ պատարագներն ու աղոթքները պետք է ռիթմիկ  երաժշտությամբ ուղեկցվեն: Պատկերացնո՞ւմ եք՝ դասական դարձած մեր շարականները փոխարինվեն, օրինակ, ռոք երաժշտությամբ, Եկեղեցին էլ վերածվի տարաժանր համերգասրահի (մեղա՜, Տեր): Կամ՝ աղոթքներն ու պատարագները   արդի հայերենով ներկայացվեն (մեկ ուրիշն էլ հանկարծ կարող է ժողովրդախոսակցական կամ ժարգոնային բառապաշարով Պատարագ «պատվիրել»): 
 
Եկեղեցականների ունեցվածքին ևս անդրադարձել է Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով՝ հոգևորականները պետք է հայտարարագրեն իրենց ունեցվածքը և եկամտահարկ վճարեն: Բայց հոգևորականներն աշխատավարձ չեն ստանում, առավել ևս՝ պետական գանձարանից չեն սնվում: 
 
Այս պնդումներին հոգևորականներից ոմանք արձագանքել են բավական կոշտ՝ Բագրատյանը դոնքիշոտություն է անում և զառանցում: Իսկ ահա Մայր Աթոռի մամլո խոսնակը հիշեցնում է՝ օրենքով եկեղեցականները բարձրաստիճան պաշտոնյաներ չեն: 
 
Արդ, եթե Բագրատյանն անպայման կամենում էր քննադատել Եկեղեցին, ապա միակ փաստարկով պետք է բավարարվեր՝ այն արդյունավետ քայլեր չի ձեռնարկում՝ տարատեսակ աղանդների դեմն առնելու համար, որի պատճառով նրա հոտն աստիճանաբար ցրվում է: Դիցուք՝ ՀԱԵ-ն պետք է որ ընդվզեր կրոնական տարբեր կառույցների կողմից փողոցներում, մարդկանց բնակարաններում վարվող անարգել քարոզչության դեմ: Ըստ որոշ տեղեկությունների՝ ոչ պաշտոնապես Հայաստանում 300.000 աղանդավոր կա, չնայած հոգևորականներն այս թիվը հորինվածք են համարում: 
 
ՀԳ. Ինչո՞ւ է Բագրատյանը Եկեղեցու բարեփոխումների մասին հիմա հիշում: Որպես  նախկին իշխանավոր, երբեմնի վարչապետ, ինչո՞ւ սրան չէր անդրադառնում, քայլեր չէր ձեռնարկում: Էլ չենք խոսում, որ տարատեսակ կրոնական, աղանդավորական ուղղությունները Հայաստան ներթափանցեցին ազատական ՀՀՇ-ի իշխանության ժամանակ: Դրանց դեմ պայքարելու առաջարկին ՀՀՇ-ի իշխանության ժամանակ պաշտոն զբաղեցրած Գագիկ Ջհանգիրյանն ասել էր՝ եթե դրանց ձեռք տան՝ իրենց փող չեն տա: Միգուցե իշխանավարության տարիներին թույլ տված սխալները Հրանտ Բագրատյանի կոկորդում են մնացել՝ որպես չմարսված ոսկո՞ր: