Առանց իրար օգնելու՝ հնարավոր չէ

«ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿՐՈՒՄԸ ԿՈԼԵԿՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔ Է և ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ»

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների՝ որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:
 
Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր ՓԱՇԱՅԱՆԸ։
 
Այցելելով գնդապետ Կ. Ջալավյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքեր՝ զինծառայությանն առնչվող տարաբնույթ հարցերի շուրջ զրուցեցինք իրեն լավագույն կողմերով դրսևորած զինծառայողներից մեկի՝ դիրքի ավագ, ավագ սերժանտ Գառնիկ Խաչունցի հետ: 
 
Ավագ սերժանտ Գառնիկ Արմենի Խաչունցը ծնվել է 1997 թվականի հունիսի 7-ին Սյունիքի մարզում՝ Գորիսի շրջանի Տեղ գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որից հետո՝ զորակոչվել զինծառայության:
 
Շուտով կլրանա Պաշտպանության բանակի շարքերում ծառայելու ավագ սերժանտ Գառնիկ Խաչունցի երկու տարին: Ի պաշտոնե լինելով մեր երկրի սահմանի որոշակի հատվածի պահպանության ու պաշտպանության պատասխանատուն՝ նա լավագույնս է գիտակցում դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը մեր երկրի անվտանգության ապահովման գործում: 
 
- Մեր զինծառայողները գիտակցաբար են կատարում իրենց պարտականությունները: Բոլորս հասկանում ենք, որ պետք է հստակորեն տիրապետենք մեր մասնագիտությանը, մարտական հաշվարկով նախատեսված գործողություններին, որպեսզի թշնամու ներթափանցման փորձի դեպքում կարողանանք արժանի հակահարված տալ: Բացի դրանից, կարևոր է անվտանգության կանոնների պահպանումը, մանավանդ՝ սահմանային լարվածության և հակառակորդի կողմից տարբեր զինատեսակներից կրակի վարման պայմաններում: Այս նպատակով անձնակազմը համապատասխան հրահանգավորումներ է ստացել դիտարկվող վայրեր դուրս չգալու, խրամաբջիջներում ճիշտ դիրքավորվելու, դիտորդի պարտականությունները կատարելու և ինժեներական աշխատանքներ իրականացնելու ընթացքում,- մեզ հետ զրույցում ասաց դիրքի ավագը՝ հավելելով, որ հակառակորդի կողմից ձեռնարկվող քայլերը պարտադրում են ավելի պատասխանատվությամբ կատարել առաջադրված խնդիրները:
 
Դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում ավագ սերժանտ Գ. Խաչունցը կարևորում է զինծառայողների միջև առկա ընկերական վերաբերմունքը, միմյանց օգնելու պատրաստակամությունն ու կամեցողությունը: 
 
- Դիրքապահ տղաները գիտակցում են, որ առանց իրար օգնելու հնարավոր չէ կատարել իրենց, թերևս, ամենանվիրական ու ամենադժվարին առաքելությունը: Մարտական հերթապահության կրումը կոլեկտիվ աշխատանք է և պահանջում է յուրաքանչյուր զինծառայողի ունակությունների ու հնարավորությունների գերլարում, բոլոր հարցերում միմյանց հետ խորհրդակցելու անհրաժեշտություն: Ես անձամբ պարբերաբար զրուցում եմ բոլոր զինծառայողների հետ՝ թե՜ առանձին-առանձին, թե՜ կոլեկտիվ կազմով, լսում նրանց կողմից բարձրացվող հարցերը, առաջարկությունները և ընտրում խնդրի լուծման ամենաարդյունավետ ճանապարհը,- ասաց ավագ սերժանտ Գառնիկ Խաչունցը:
 
Որպես կրտսեր հրամանատար, բացի վերոնշյալ հանգամանքներից, դիրքի ավագը իր պարտականությունները լիարժեքորեն կատարելու համար կարևորում է նաև օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների ժամանակին կատարումը: Ինքն անձամբ դիրքապահների առօրյան այնպես է կազմակերպում, որպեսզի պահպանվի հավասարության սկզբունքը, որպեսզի որևէ մեկն իրեն ճնշված չզգա, և յուրաքանչյուրը հնարավորություն ունենա սահմանված կարգով հանգստանալու: 
 
- Նման պատասխանատու առաքելությունը հնարավոր է կատարել միայն առույգ և բարձր տրամադրվածություն ունենալով՝  գիտակցելով, որ յուրաքանչյուրը ցանկացած պահի, ցանկացած հարցում պատրաստակամ են քեզ օգնել,- շեշտում է դիրքի ավագը՝ վստահեցնելով, որ եթե հայ զինվորը մշտարթուն կանգնած է դիրքում, երկրի սահմաններն անառիկ կմնան, հայրենիքը՝ պաշտպանված:
 
 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 
հասարակայնության հետ կապերի ծառայություն