Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը
ԳՐԻՊԻ ՍԵԶՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Առողջապահության համաշախարհային կազմակերպության աջակցությամբ Երևանում կազմակերպվել է գրիպի տարեկան աշխատաժողովը, որին մասնակցել են Երևանի և մարզերի համաճարակաբաններ, վարակաբաններ, առողջության և սոցիալական ապահովության վարչությունների ներկայացուցիչներ:
Առաջին անգամ տարեկան աշխատաժողովին մասնակցել են նաև անասնաբույժներ: Նրանց մասնակցության անհրաժեշտությունը պայմանավորված է զոոնոզ գրիպի արդիականությունից, քանի որ ինչպես եվրոպական տարածաշրջանի, այնպես էլ հարավ-ասիական երկրներում ներկայումս այն գերակա խնդիր է։ Այն արձանագրվում է թե՛ թռչունների, թե՛ մարդկանց շրջանում։
Ներկայացվել են զեկույցներ ինչպես հանրապետությունում 2016-2017թթ. գրիպի սեզոնի իրավիճակի, այնպես էլ՝ միջազգային նորությունների հիման վրա 2017-2018թթ. գրիպի սեզոնի նախապատրաստական և իրականացվելիք աշխատանքների մասին:
Գրիպի 2016-2017 թվականների սեզոնի ընթացքում իրականացված աշխատանքները քննարկելիս վերհանվել են նախորդ սեզոնի ընթացքում առաջացած բոլոր խնդիրները և հիմնահարցերը։ Նախանշվել են հնարավոր լուծումներ՝ 2017-2018 թվականների գրիպի սեզոնի ժամանակ դրանցից խուսափելու համար:
Քննարկվել են նաև գրիպի դետքային համաճարկաբանական հսկողության վերաբերյալ հարցեր:
Ներկայացվել է արդեն իսկ գործող գրիպի համաճարակաբանական և լաբորատոր հսկողության էլեկտրոնային բազան, որի հիման վրա, որպես գլոբալ ձեռքբերում, տրամադրվել է գրիպի շաբաթական տեղեկագիրը: Այն հետագայում թույլ կտա «իրական ժամանակում» հիվանդացության շեմերի, հիվանդացության ծանրության և ակտիվության համաճարակաբանական համապատասխան վերլուծություններ իրականացնել:
Զեկույցներ են ներկայացվել նաև անասնաբուժական ոլորտի մասնագետների կողմից՝ կենդանիների, մասնավորապես՝ թռչունների շրջանում իրականացվող անասնահամաճարակաբանական հսկողության վերաբերյալ:
Նշենք, որ ԱՀԿ-ի կանխատեսումներով այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։ Չնայած գրիպի սեզոնն արդեն սկսվել է, Հայաստանում այդ վիրուսը դեռևս չի շրջանառում:
Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը։