Որդու գործերով դատելու են հորը
ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ԱՐԺԵՎՈՐԵԼՈՎ՝ ՎԱՐԿԱԲԵԿՎՈՒՄ ԵՆ
![](/files/pics/post/large/1f3f8e6ed.jpg)
Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը լավ հայ էր, մտահոգ իշխանավոր, ով ժամերով կարող էր լսել քաղաքացուն, հնարավորության դեպքում՝ օգնել, ինչով կարող էր: Բնականաբար՝ նաև լավ հայր էր, ու իր կենդանության օրոք թաղապետ որդուն սովորեցնում-ստիպում էր ծաղկեցնել համայնքը: Նույն համայնքը, որը հորը կորցրած թաղապետ որդին այսօր գարշահոտության ու աղբի մեջ է կորցրել: Ու եթե շինարարություն՝ ապա միայն նրա մտերիմներն են տերերը՝ հաշվի չնստելով քաղաքաշինության տարրական պահանջների հետ:
Ասում են՝ պտուղը ծառից հեռու չի՞ ընկնում:
Պայծառահիշատակ Անդրանիկ Մարգարյանը հաստա՛տ թույլ չէր տա, որ հատկապես երրորդ անգամ քաղաքապետ ընտրվելուց հետո Տարոն որդին աստղային հիվանդությամբ է տառապողի նմանվեր: Ու այդ հիվանդությունն այնքան ակնառու է, որ ստվեր է գցում իր հոր հիշատակի վրա:
26-ամյա Հայաստանի երրորդ հանրապետության պատմությանը դեռ լիարժեք ու օբյեկտիվ գնահատական չտված՝ ինչ-որ մարդիկ որոշել են վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հայ մեծերի շարքը դասել՝ նրա լուսանկարով մեծ պաստառ փակցնելով Երևանում: Ո՜վ զարմանք…
Զարմանք 1-ին. քաղաքապետն այդ մասին տեղյակ չէ՝
- Գովազդային վահանակները մասնավոր անձի են, սոցիալական գովազդի համար հարկ տուրք չի վճարվում և մասնավորի կողմից փորձել են հայ մեծերի նկարները փակցնեն:
Այսինքն՝ ցանկացած «մասնավոր» իր քմահաճույքով կարող է ցանկացած մեկի լուսանկարը պաստառ դարձնել՝ առանց հարազատներին գոնե տեղյակ պահելո՞ւ:
Զարմանալի է, բայց Երևանի քաղաքագլուխը վերջերս շատ է զարմանում՝ անտեղյակի տպավորություն թողնելով: Առանց քաղաքապետարանի՝ հավքն իր թևով չի կարող որևէ տեղ թռչել, իսկ ահա քաղաքապետն ասում է, թե տեղյակ չէ, որ հոր պատկերը հայ մեծերի շարքում է: Բայց չի էլ թաքցնում՝ հաճելի է տեսնելը:
Զարմանք 2-րդ. Անդրանիկ Մարգարյանին ճանաչողները լավ գիտեն, թե նա որքան դեմ էր սին մեծարանքներին, սակայն նրա քաղաքապետ որդին, պարզվում է՝ լավ չի ճանաչել իր հորը:
Ինչ-որ «մասնավորի» «անակնկալը» հաճելի է նրան, իսկ հաճելի՞ է ամեն օր շնչել Երևանի փողոցներում կուտակված աղբի գարշահոտությունը: Սա էլ է արդարացնում քաղաքապետը: Մենք՝ հայերս,ամռան ընթացքում սեխ ու ձմերուկ ուտում, որոնց կեղևներից էլ առաջանում է այդ գարշահոտությունը: Քաղաքապետը մի՞թե չգիտի, որ այլ երկրներում տարին 12 ամիս են սեխ ու ձմերուկ ուտում, բայց աղբահանությունն այսպիսի վիճակում չէ: Հիմա էլ գուցե կասի, թե ուրիշ երկրներում սեխի ու ձմերուկի կեղևներն այսքան գարշահոտ չե՞ն արձակում:
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կարձագանքեր այս ամենին Անդրանիկ Մարգարյանը: Միանշանակորեն՝ առնվազն չէր հիանա: Սակայն այդ ամենը կարծես քաղաքապետ որդուն այնքան էլ չի հուզում:Բայց դա էլ կարելի է հասկանալ:
Ըստ երևույթին, տեսնելով այլոց ակնածանքը հոր հիշատակի հանդեպ, որոշել է բոլորից մի քայլ առաջ ընկնել՝ ու ավելի «ճոխ» մեծարել հորը:
Մի՞թե Տարոն Մարգարյանը չի զգում, որ հորն այսպես՝ իր ձևով «արժևորվելով», ոչ միայն ստվերում է նրա հիշատակը, այլև ստիպում է այլոց՝ հորը վերաբերվել այնպես, ինչպես իրեն են վերաբերվում: