Խաղաղությունը մեր տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքի արդյունք է, որը պետք է ամենօրյա խնամքի ենթարկվի․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Օրբելի ֆորում 2025. Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով համաժողովին։
 
Համաժողովին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, փորձագետներ 17 երկրից:
 
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, ողջունել համաժողովի մասնակիցներին և ընդգծել, որ խորագիրն ամբողջությամբ արտահայտում է Հայաստանի Հանրապետության Կառավարության և կառավարող մեծամասնության աշխատանքային օրակարգը: Վարչապետը խոսել է 2024 թվականին Հայաստանի Հանրապետությանը և Ադրբեջանի միջև ստորագրված սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի մասին և արձանագրել, որ ըստ էության, այն երկու երկրների միջև ստորագրված առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն է, որը դե յուրե իրավական ուժ ունի Հայաստանում և Ադրբեջանում: 
 
- Այնտեղ ամենակարևոր արձանագրումներից մեկն այն էր, որ երկու երկրների միջև սահմանազատման համար բազային սկզբունք է հանդիսանալու Ալմա-Աթայի հռչակագիրը: Եվ սա, ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման անկյունաքարային, շրջադարձային մի կետ է, որով երկու երկրները, ըստ էության, արձանագրում են, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Դա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանն ընդունում են, որ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է Խորհրդային Սոցիալիստական Ադրբեջանական Հանրապետության տարածքի հետ, իսկ անկախ Հայաստանի տարածքը նույնական է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքի հետ:
 
Այս փաստն արդեն արձանագրված է նաև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստում, ինչպես նաև Վաշինգտոնի հռչակագրում, որն արդեն հանրահայտ փաստ է։ Իհարկե, մեր այս ճանապարհին հաջողության մեծագույն պատմությունը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթաժողովն էր, որի արդյունքներով ընդունվեց հռչակագիր, և նախաստորագրվեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին» համաձայնագիրը: Եվ այդպիսով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն,- նշել է երկրի ղեկավարը։
 
Այս համատեքստում վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական առումով կոնֆլիկտն ավարտված է, սակայն սոցիալ-հոգեբանական առումով այն դեռևս կա և հնարավոր չէ մի արգելակի կամ լծակի գործադրմամբ կանգնեցնել: Նիկոլ Փաշինյանի խոսքով, այն հնարավոր է կանգնեցնել քաղաքական առաջնորդությամբ. «Մենք ուզում ենք լինել պատմության սպառո՞ղ, թե՞ մենք ուզում ենք լինել պատմության ստեղծող։ Վերջին երկու տարիների փորձը մեզ ասում է, որ մենք կարող ենք լինել պատմություն ստեղծող, ինչն ամենևին չի նշանակում մոռանալ պատմությունը: Բայց մյուս կողմից՝ չմոռանալ պատմությունը և լինել պատմություն ստեղծող նշանակում է առնվազն չմտնել պատմությունը վերարտադրողի վիճելի դերակատարման մեջ»։ 
 
․․․ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ խաղաղության մեկնակետը երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների միջև ստորագրված համատեղ գործունեության կանոնակարգն է, որը երկու երկրներում ունի բարձրագույն իրավաբանական ուժ. «Հաջորդը Վաշինգտոնի հռչակագիրն է և, ի վերջո, նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ այս երեք փաստաթղթերի գոյությունն է, որ հիմք է տալիս ասելու, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն։ Եվ այս փաստաթղթերի շրջանակից դուրս գոյություն ունեցող սոցիալ-հոգեբանությունն է, որ անհրաժեշտություն է առաջ բերում ընդգծել, որ հաստատված խաղաղությունն ունի ամենօրյա խնամքի և, իհարկե, հետագա ինստիտուցիոնալիզացիայի կարիք, որ արդեն աշխատանքային և քաղաքական օրակարգ է և որի վերաբերյալ այդ աշխատանքները տեղի են ունենում և շարունակվում են»։ 
 
Ամփոփելով խոսքը՝ վարչապետն արձանագրել է, որ սա օրգանիկ խաղաղություն է, որը ստեղծվել, ձևավորվել է տարածաշրջանում: «Սա ներմուծված խաղաղություն չէ, սա մեր տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ աշխատանքի արդյունք է և այդ արդյունքը պետք է ամենօրյա խնամքի ենթարկվի: Ե՛վ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, և՛ կառավարող մեծամասնությունը նվիրված են այս օրակարգին, և մենք շարունակելու ենք առաջ ընթանալ այդ ռազմավարությամբ»։ 
 
Վարչապետը նաև պատասխանել է համաժողովի ընթացքում ներկաների կողմից բարձրացված հարցերին: