Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի ու ևս վեց Երանելիների սրբադասման արարողությունը՝ Վատիկանում

Երեկ Վատիկանում, Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղի է ունեցել Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս վեց Երանելիների սրբադասման արարողությունը, որը հանդիսապետել է
Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապը։
 
Արարողությանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետ
Նիկոլ Փաշինյանը։
 
Արարողության ընթացքում Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապը ողջունել է արարողությանը մասնակցող առաջնորդներին, որոնց թվում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան և այլ բարձրաստիճան հյուրեր։
 
Սրբադասման արարողության ընթացքում ի պատիվ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի հնչել է նաև հայերեն աղոթք։ Նորին Սրբությունը փոխանցել  է իր խոսքն ու օրհնությոնը բոլոր ներկաներին։
 
Միջոցառման շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։
 
Վարչապետը մասնակցել է ի պատիվ Արք. Իգնատիոս Մալոյանի սրբադասման տրված ճաշին
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ի պատիվ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման տրված ճաշին: Այն տրվել է Կաթողիկոս Պատրիարք Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոցի Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ. (21-րդ) անունից: 
 
Ճաշին մասնակցել է նաև Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը:
 
* * *
 
Իգնատիոս Մալոյանը ծնվել է 1869 թվականի ապրիլի 8-ին Մարդինում (Օսմանյան կայսրություն):
 
1883 թվականին ծխական քահանան, նկատելով տասնչորսամյա Մալոյանի մեջ քահանայական կոչման նշաններ, ուղարկում է նրան Զմմառի Սուրբ Տիրամոր վանք՝ Լիբանան։ 
 
1896 թվականին Մալոյանն ավարտում է բարձրագույն կրթությունը, ձեռնադրվում հոգևորական Զմմառի վանքում և անդամագրվում Զմմառի պատրիարքական կղերական միաբանությանը՝ ստանալով Իգնատիոս անունը:
 
1897-1910 թվականներին Հայր Իգնատիոսը ծառայում է Ալեքսանդրիայում և Կահիրեում՝ որպես ծխական քահանա։
 
1911 թվականի հոկտեմբերի 22-ին Հռոմում գումարված եպիսկոպոսական սինոդը նրան ընտրում է Մարդինի արքեպիսկոպոս։
 
2001թ. հոկտեմբերի 7-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Հովհաննես Պողոս II-րդը Իգնատիոս Արքեպիսկոպոս Մալոյանին հանդիսավոր արարողությամբ դասել է Երանելիների շարքը: Արարողության առաջին հատվածը կատարվել է հայկական ծեսով, որը վարել է Կիլիկիո հայոց կաթողիկե պատրիարք Ներսես-Պետրոս XIX-ը:
 
Ֆրանցիսկոս Պապը 2025թ. մարտի 28-ին ստորագրել է Երանելի Իգնատիոս Արքեպիսկոպոս Մալոյանի սրբադասման վերաբերյալ փաստաթուղթ: