Վարչապետը ծանոթացել է Արագածոտնի և Շիրակի մարզերում իրականացված և ընթացիկ ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ՝ հոկտեմբերի 18-ին, այցելել է Արագածոտնի և Շիրակի մարզեր՝ ծանոթացել դպրոցաշինության և առողջապահական հաստատությունների կառուցման, վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներին:
 
Երկրի ղեկավարի առաջին կանգառը եղել է Սասունիկի միջնակարգ  դպրոցում, որտեղ ներկայացվել է նորակառույց դպրոցում իրականացված աշխատանքներն ու ստեղծված պայմանները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ 157 մլն դրամ։ Արդյունքում Սասունիկ բնակավայրն ունի նոր դպրոց 432 աշակերտ հզորությամբ։ Դպրոցի կառուցումն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկում։ Աշխատանքներն իրականացվել է 2023-2025թթ.: 
 
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորին հոյակերտ դպրոցի բացման առիթով և ուրախությամբ արձանագրել, որ երեխաներն ուսումնառությունը շարունակում են այս դպրոցում։ «Ընդհանրապես ինչքան ավելի համապարփակ ենք հասկանում մեր երկրի պրոբլեմները, այնքան ավելի ենք համոզվում, որ մեր բոլոր խնդիրների լուծումները կրթության մեջ են և կրթության ոլորտում են»,-ասել է վարչապետը և ընդգծել, որ դպրոցաշինությունը կրթական գործընթաց է, և այս առումով հսկայական աշխատանք է կատարվել: 
 
Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Աշտարակի բժշկական կենտրոնի նորակառույց պոլիկլինիկա, որտեղ ծանոթացել է իրականացված աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 761 մլն դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում մարզում կառուցվել է պոլիկլինիկայի և դիահերձարանի նոր շենք: Աշխատանքներն իրականացվել են 2022-2025թթ.:
 
Աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Թալինի բժշկական կենտրոնի բացմանը, ծանոթացել ստեղծված պայմաններին: Նշվել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 475 մլն դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում Թալին համայնքն ունի վերակառուցված բժշկական կենտրոն։ Աշխատանքներն իրականացվել են 2021թ. -2025թթ.: 
 
Արագածոտնի մարզում Լուսակնի միջնակարգ դպրոց այցելության ընթացքում վարչապետը շրջել է կրթական հաստատությունում, որտեղ նույնպես ծանոթացել է իրականացված շինարարական աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 766 մլն դրամ: 
 
Վարչապետն իր խոսքում նշել է, որ Լուսակն գյուղն իր պատմության մեջ առաջին անգամ ունի դպրոց իր լաբորատորիայով ու սարքավորումներով, ինչը նշանակում է, որ կրթության հավասար հասանելիություն է ապահովված: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այս դպրոցը, իրական Հայաստանի դպրոցը, Չորրորդ հանրապետության դպրոցը ոչ թե պետք է երեխաների համար զարգացման առավելագույն նշաձող ֆիքսի, այլ ընդհակառակը՝ երեխաների զարգացման առավելագույն շեմը վերացնի:  
 
Դպրոցաշինության ծրագրի շրջանակներում կառուցվել է նաև Ազատանի միջնակարգ դպրոցը, որտեղ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են ստեղծված շենքային պայմաններն ու ենթակառուցվածքները: Ծրագրերի իրականացման արդյունքում Ազատան բնակավայրն ունի նոր դպրոց 576 աշակերտի համար։ Դպրոցի կառուցման և վերանորոգման աշխատանքներն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկում։ 
 
Վերանորոգված դպրոցների շարքում է նաև Գյումրիի թիվ 28  հիմնական դպրոցը, որտեղ իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 192 մլն դրամ: Վարչապետին ներկայացվել է, որ ծրագրի իրականացման արդյունքում Գյումրի համայնքը կունենա վերանորոգված դպրոց 435 աշակերտի համար։ 
 
Շիրակի մարզում Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց, որտեղ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Վարչապետը շրջել է դպրոցում և ծանոթացել իրականացված վերանորոգման աշխատանքներին: 
 
Վարչապետ Փաշինյանի վերջին կանգառը եղել է Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցում, որտեղ երկրի ղեկավարին ներկայացվել են կրթական հաստատությունում իրականացված վերանորոգման աշխատանքները և ստեղծված պայմանները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 228 մլն դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում Գյումրի համայնքը կունենա վերանորոգված դպրոց 235 աշակերտի համար։ 
 
Վարչապետը Գյումրիից աշխատանքային այցով մեկնել է Վատիկան, որտեղ այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա կգտնվի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ:
 
Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը: