Կվերանայվեն և կպարզեցվեն ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման սահմանված ընթացակարգերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Ինչպես նշել է  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը,  Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է փոփոխությունների փաթեթ, որը նախատեսում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի նախալրացում Պետական եկամուտների կոմիտեի կողմից, հայտարարատուներին տալ բավական տևական ժամանակ մուտք գործելու պետական եկամուտների կոմիտեի համակարգ և ստուգելու հայտարարագրի ամբողջականությունն ու ճշտությունը, և ըստ այդմ և անհրաժեշտության՝ կատարելու համապատասխան փոփոխություններ և կամ լրացումներ։ 
 
- Իսկ եթե չկա այդպիսի փոփոխությունների և լրացումների անհրաժեշտություն, ապա հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետին, որը հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ն է, հայտարարագիրը կհամարվի ներկայացված։ Իհարկե, այս և հաջորդ տարվա համար ունենք անցումային ժամանակահատվածին հատուկ ավելի երկար վերջնաժամկետ, որը նոյեմբերի 1-ն է։ Եվ այս պարագայում, քանի որ մենք գործնականում չենք ունենալու  հայտարարագրի չներկայացման դեպք, նախատեսվում է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքից հանել հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախատեսված պատասխանատվության միջոցը, որը առաջին դեպքում նախազգուշացում էր, երկրորդ դեպքում՝ տուգանք։ Այդուհանդերձ, բոլոր այն հայտարարատուները, որոնք ունեն առողջապահության կամ կրթության գծով սոցիալական ծախսեր հետ ստանալու իրավունք և ցանկություն ունեն  իրացնել իրենց այդ իրավունքը, պետք է մուտք գործեն էլեկտրոնային կառավարման համակարգ և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնեն իրենց համար նախագծված հայտարարագիրը,- ասել է Արման Պողոսյանը: 
 
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ համընդհանուր հայտարարագրման համակարգը շատ կարևոր է. «Եվ ես ուրախ եմ, որ մենք այս ճանապարհը գտանք այդ համակարգը կայացնելու: Համակարգը սրանով արդեն ինքնաշխատ եղանակով կայանում է, և սա շատ կարևոր է: Հաջորդը՝ դարձյալ այդ նեգատիվը, որ ձևավորվում է հարկերի շուրջ: Կրկնում եմ՝ Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի, բացարձակապես ոչ մի քաղաքացի, ինքն իր ընտանիքի բարեկեցության համար չի ծախսում ավելի շատ գումար, քան ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն»: 
 
Վարչապետի դիտարկմամբ՝ այս փոփոխությունն էլ քաղաքացիների համար առավելագույն հարմարավետություն ստեղծելու տրամաբանությամբ է՝ հիմնված վիճակագրության վրա։ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ այս համակարգով  խնդիրն ամբողջապես և համակարգային ձևով լուծվում է:
 
Կառավարությունը միացել է կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման արշավին
 
Կառավարության այսօրվա նիստում, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերը կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս է և տարբեր միջոցներով հիշեցնում են կանանց հետազոտման և տարեկան անհրաժեշտ կանխարգելիչ հետազոտություններն անցնելու մասին: Նախարարը նշել է, որ  այս տարի ևս Երևանում մի շարք շենքերի վրա փակցվել են հիշեցնող պաստառներ: 
 
- Այս տարի պետությունը սկսել է սքրինինգային ընդլայնված ծրագիր՝ պետպատվերով փակվում է սոցփաթեթի շահառուների, հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալական տարբեր խմբերի անձանց համար մամոգրաֆիկ հետազոտությունների գումարը: Մեր ուսուցիչները, բժիշկները, տարբեր պետական ծառայողները, զինծառայողների ընտանիքի անդամները կարող են անվճար հետազոտվել: Մեր կարգախոսն է, որ 1 հետազոտությունը կարող է կյանք փրկել: Պետք է հիշեցնել, որ կրծքագեղձի քաղցկեղը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում բավականին մեծ հիվանդության և մահացության բեռ է, և նման արշավների միջոցով, գրագետ, ճիշտ, կանխարգելիչ միջամտությունների շնորհիվ մենք կարող ենք նվազեցնել թե՛ մահացությունը, թե՛, իհարկե, շատ ավելի լավ կյանքի որակ ունենալը: Եվ ես շնորհակալ եմ բոլորին, որ նաև Կառավարությունը միացել է այս իրազեկման արշավին,- ասել է Անահիտ Ավանեսյանը:
 
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե  առողջապահական ապահովագրության մեջ սքրինինգները ներառվելու՞ են, ինչին ի պատասխան  նախարարը հայտնել է. «Այո,  ապահովագրության նպատակը լինելու է հիվանդության հայտնաբերումը վաղ փուլերում: Ավելի վաղ փուլերում ավելի արդյունավետ բուժում է տրամադրում: 10-ից ավելի բժշկական կենտրոններ հիմա իրականացնում են պետական ծրագրով սքրինինգային հետազոտություններ, և ապահովագրության փաթեթում էլ ներգրավված լինելու են նման ծրագրերը»: 
 
Այլ որոշումներ
 
Գործադիրն ընդունել է «ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին» որոշում:  Հիմնավորման համաձայն՝ Դատապարտյալների հիվանդանոցի գործունեության շարունակական պահպանումը հակասում է բժշկական օգնության և սպասարկման ոլորտում ընդունված միջազգային ստանդարտներին:
 
Միաժամանակ, հիմնարկի գործունեության դադարեցումը հնարավորություն կտա առավել թիրախային և արդյունավետ օգտագործել հատկացված ռեսուրսները և ֆինանսական միջոցները, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող դատապարտված և կալանավորված անձանց բուժումը կազմակերպել առավել մասնագիտացված ստորաբաժանման կողմից: Հիմնարկում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բուժման գործընթացը կազմակերպել ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստեղծված Առողջապահության նախարարության Քրեակատարողական բժշկության կենտրոնի նոր տեղամասում, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը կազմակերպել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում: