Անհրաժեշտ է երեք բան՝ կրթություն, կրթություն, կրթություն. Վարչապետ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԼԱՎ ՀԱՄԱԿԱՐԳ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Սիլիկոնային սարեր 2025» տեխնոլոգիական գագաթնաժողովի բացմանը, որը կրում է «Արհեստական բանականության անատոմիա» խորագիրը:
Գագաթնաժողովին ներկա են եղել Հայաստանի և աշխարհի առաջատար տեխնոլոգիական, գիտական ու նորարարական առաջնորդները։
Ողջունելով գագաթնաժողովի մասնակիցներին, Վարչապետն ընդգծել է, որ կարևորում է նման միջոցառումները տեխնոլոգիաների նկատմամբ հանրային վերաբերմունք և ընկալում ձևավորելու առումով․ «Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում այսօր տեխնոլոգիաների նկատմամբ վերաբերմունքի ձևավորման փուլ է, և տեխնոլոգիաների օգտակարության գործակիցն ավելացնելու ճանապարհին շատ կարևոր է տեխնոլոգիաների նկատմամբ ճիշտ ընկալում և վերաբերմունք ձևավորել հանրության շրջանում և դրանց օգտակար գործակիցը հասանելի դարձնել մարդկանց»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, տեխնոլոգիա երևույթը՝ որպես էություն և բովանդակություն, քաղաքակրթությանն ուղեկցող մշտական գործընթաց է, և տեխնոլոգիաների զարգացումն էլ անընդհատ գործընթաց է։ Այս համատեքստում, վարչապետն ընդգծել է. «Տեխնոլոգիաները եղել են, կան և շարունակելու են մնալ մարդու կյանքը լավացնելու, բարեկեցության աստիճանը բարձրացնելու միջոց և այդպիսին եղել էլ են միշտ, չնայած՝ մենք հիմա ասում ենք, որ տեխնոլոգիաները բերում են մարտահրավերներ և սպառնալիքներ, բայց այս երևույթը նույնպես նորություն չէ։ Բոլոր տեխնոլոգիաներն իրենց հետ բերել են սպառնալիքներ և մարտահրավերներ»:
- ․․․ Ես կարող եմ հիշատակել առաջին երեք քայլերը, որոնցով մենք պատկերացնում ենք, որ պետք է աջակցենք տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Դրանցից առաջինը կրթությունն է, երկրորդը կրթությունն է, երրորդը կրթությունն է։ Հաջորդ քայլերը թվարկելով կարող եմ հիշատակել ենթակառուցվածքները, լավ կարգավորումները, լավ քաղաքականությունները։ Բայց հարց է ծագում, թե ինչ է պետք անել և ինչ է պետք ունենալ լավ ենթակառուցվածքներ, կարգավորումներ և քաղաքականություններ մշակելու և ունենալու համար։ Կարծում եմ՝ այստեղ էլ պատասխանը նույն է։ Երեք բան է անհրաժեշտ՝ կրթություն, կրթություն և էլի կրթություն,- հավելել է Ն․ Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է տեխնոլոգիական ոլորտի ներդրումը և նշել, որ այն նոր դրսևորում է ստանում հանրակրթության ոլորտում:
- Ես համոզված եմ, որ սա ճիշտ ճանապարհ է, որն ապահովելու է մեր պետության զարգացմանը, անվտանգությանը, բարեկեցությանը, հարատևությանն անհրաժեշտ երեք հիմնական նախապայմանները. առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն,- իր խոսքն ամփոփել է Նիկոլ Փաշինյանը:
Գագաթնաժողովին որպես հատուկ հյուր հանդես է եկել Analog Devices Inc.-ի գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը, ով 2025 թ. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր է։ Գագաթնաժողովը հյուրընակալել էր նաև Flagship Pioneering-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, Moderna ընկերության համահիմնադիր և խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանին, Flagship Pioneering կենսատեխնոլոգիական ընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նախագահ և ռազմավարական խորհրդատու Անդրե Անդոնյանին, Picsart-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանին, Alexandrea Winery-ի հիմնադիր Ադամ Կաբլանեանին, Կենտրոնական և Հարավային Եվրոպայում Nokia շարժական ցանցերի ուղղության տեխնիկական տնօրեն Իվան Լեսիչին, Plug&Play Tech Center-ի խորհրդատու Թեոդորա Պրեդային, Cognaize-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Վահե Անդոնյանսին և Seaside Startup Summit-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանին։





