Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին
Այսօրվա նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին: ՀՀ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, բյուջեի նախագծով համախառն ներքին արդյունքը կանխատեսվել է 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ, տնտեսական աճը կանխատեսվել է 5.4%, ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3 %: «Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ: Հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում՝ սպասողականի համեմատ 0.4 տոկոսային կետով»,- ասել է նախարարը:
Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ այս տարի առաջին անգամ բյուջեն ներկայացվում է եռամյա հեռանկարով։
Կապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին
և նպաստառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը՝ 2025 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապահովելու նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացնելու համար: Ըստ այդմ՝ առաջարկվում է հատկացնել 3 մլրդ 219 մլն դրամ:
Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, հետվճար տրամադրելու համար 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է ի սկզբանե 12 մլրդ 432 մլն դրամ: «Հետո ճշտվել է 13 մլրդ 152 մլն դրամ, սակայն միտումները հաշվի առնելով, այսօրվա որոշումն էլ ավելացնելով, տարեկան ընդհանուր կանխատեսումը մոտավորապես կլինի 16 մլրդ 371 մլն դրամ: Շահառուների թիվը նույնպես կանխատեսվածից ավելին է: Արդեն ունենք մոտ 350 հազար շահառու, որոնք օգտվում են այս ծրագրից, և ունենք ամսական մոտավորապես 2-3 տոկոս աճ,- ասել է նախարարը:
Կառավարությունը հավանություն է տվել «Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունմամբ կվերացվի ՀՀ զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների համար արհեստակցական կազմակերպության մասնակից լինելու բացարձակ արգելքը:
Միջազգային համագործակցություն. Նիդերլանդների Թագավորությունում
ՀՀ դեսպանությանը կից կգործի Եվրաջասթում համագործակցության հարցերով դատախազ
Կառավարության որոշմամբ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից կգործի Եվրաջասթում համագործակցության հարցերով դատախազ (ներկայացուցիչ), որի շնորհիվ կապահովվի անդրազգային հանցագործությունների բացահայտմանն ուղղված գործողությունների համար անհրաժեշտ տեղեկատվության և տվյալների փոխանակումը: Դա էլ իր հերթին, կնպաստի քրեական վարույթներով իրավական օգնություն ցուցաբերելու մասին օտարերկրյա պետության իրավասու մարմիններին ուղղված՝ ՀՀ կենտրոնական կամ իրավասու մարմինների հարցումների, այդ թվում՝ հանձնման (էքստրադիցիա) միջնորդությունների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների համապատասխան հարցումների արագ և օպերատիվ կատարմանը:
Ըստ հիմնավորման՝ Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) իրավասության շրջանակը բավական լայն է, հանցավորության դեմ պայքարի համատեքստում ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների շրջանառության, փողերի լվացման, մարդկանց և օրգանների թրաֆիքինգի, առևանգման և համանման մի շարք այլ հանցագործությունների դեմ պայքարը, ինչպես նաև ռասիզմի ու այլատյացության, ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների ոլորտները։
Եվրաջասթի հետ համագործակցության ընձեռած գործիքակազմի ամբողջական կիրարկումը հնարավորություն կտա ընդլայնել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության ու անդամ պետությունների պատկան մարմինների միջև համագործակցության շրջանակը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Համաձայնագրով նախատեսվում է Եվրաջասթի և ՀՀ պատկան մարմնի միջև ուղիղ կապ հաստատել, ինչը նպաստելու է անդրսահմանային հանցագործությունների բացահայտմանն ուղղված գործողությունների սահուն ընթացքի ապահովման նպատակով անհրաժեշտ տեղեկատվության և տվյալների փոխանակմանը։
Հաստատվել է Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2026 թ. ծրագիրը
Գործադիրը հաստատել է Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2026 թվականի ծրագիրը: Սույն ծրագրի շրջանակում աջակցություն են ստանում սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայրերի բնակիչներ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2026 թվականի ծրագրի իրականացման համար հատկացնել 1 048 000.0 հազ. դրամ։ Այսպիսով՝ սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար:





