2 մլրդ 137 մլն դրամ՝ հանրային տրանսպորտային համակարգի թարմացման նպատակով
Այսօր տեղի ունեցած ՀՀ Կառավարության հերթական նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդունվել է որոշում, որը պայմանավորված է հանրային տրանսպորտային համակարգի թարմացմամբ՝ ապահովելով էկոլոգիապես մաքուր և արդյունավետ ուղևորափոխադրում։ Տրոլեյբուսները, որպես մաքուր էլեկտրական փոխադրամիջոցներ, կարևոր դեր են կատարելու փոշու և աղտոտման նվազեցման, նոր երթուղային ուղեգծերի ներդրման ուղղությամբ։
Թվով 45 նոր տրոլեյբուսի գնումը թույլ կտա բարելավել երթուղային հաճախականությունը, ընդհանուր ծածկույթն ու ծառայության որակը։ Որոշման ընդունմամբ ակնկալվում է ապահովել ավելի ճկուն երթուղային մոդելներ, տրոլեյբուսային կայուն էներգետիկ համակարգի զարգացում՝ ավելի մաքուր և ցածր աղտոտում ունեցող երթուղիներով, նվազեցնել օդի աղտոտվածությունը:
Որոշման ընդունումը պայմանավորված է նաև բազմաբնակարան շենքերի բնակիչների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով, որ ներկայումս փոխարինման ենթակա վերելակների շահագործման ժամկետը գերազանցած է և, ըստ վիճակագրական տվյալների, վերջին տարիներին արձանագրվել են նաև վտանգավոր միջադեպեր: Թվով 104 հին վերելակի փոխարինումը կհանգեցնի շահագործման մակարդակային և անվտանգության արմատական բարելավման, կխնայի տարեցների և հաշմանդամ քաղաքացիների համար ենթակառուցվածքային բարձր մատչելիություն, միաժամանակ կապահովվի սպասարկման ծախսերի, անսարքությունների և արտակարգ դեպքերի զգալի նվազում:
Վարչապետը հետաքրքրվել է նաև Աջափնյակ մետրոյի կառուցման աշխատանքների ընթացքով և հավելել է, որ մետրոյի զարգացման գաղափարը քննարկվում է նաև Ակադեմիական քաղաքի նախագծի շրջանակներում: Նիկոլ Փաշինյանի խոսքով, քննարկվում է նաև մետրոյի «Աջափնյակ» կայարանից հետո զարգացնել ուղղությունը մինչև Ակադեմիական քաղաք և Ակադեմիական քաղաքի մետրոյի կայարանն ուղղորդել Չարբախ մետրոյի կայարան: Արդյունքում, վարչապետի խոսքով, մետրոյի շրջանաձև երթևեկություն կլինի, որն ավելի արդյունավետ կլինի:
Հրազդանի կիրճը ռեկրեացիոն գոտի դարձնելու մասին
Կառավարության նիստի ժամանակ վարչապետն անդրադարձել է նաև Հրազդանի կիրճը ռեկրեացիոն գոտի դարձնելու մասին, ուրախությամբ արձանագրել, որ արդեն կա ռեկրեացիոն գոտու մաստեր պլանը: Ըստ Նիկոլ Փաշինյանի, այս ծրագիրը ռազմավարական նպատակներից մեկն է, քանի որ այն կնպաստի Երևանում այսօր առկա բնապահպանական, օդի, միկրոկլիմայի հետ կապված խնդիրների լուծմանը:
Երևանի քաղաքապետի ներկայացմամբ, արդեն առկա են տարածքի ամբողջական վերլուծությունը, ռեկրեացիոն գոտու հստակ սահմանները, գույքագրվել են այդ սահմաններում գոյություն ունեցող բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչները, պատմամշակութային հուշարձանները: Տիգրան Ավինյանի խոսքով, աշխատանքները կշարունակվեն՝ ըստ սահմանված ընթացակարգի:
Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում Երևանի վարչական տարածքում անտառային տարածքներում ապօրինի սեփականաշնորհված կամ օտարված հողերի վերադարձին:
Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության
միջոցառման շարունակականությունը
Կառավարությունը որոշում է կայացրել, որով առաջարկվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 12,600.0 հազար դրամ՝ 1068 ծրագրի 12002 միջոցառման շրջանակներում: Որոշման արդյունքում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին կհատկացվեն համապատասխան ֆինանսական միջոցներ:
Հանրության շրջանում կխրախուսվի առողջ ապրելակերպ
և կխթանվեն երթևեկության այլընտրանքային ձևերը
Գործադիրը որոշում է կայացրել՝ պայմանավորված է ԿԳՄՍ նախարարության 2025 թվականի բյուջեով հաստատված «Հայաստանի Հանրապետության մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսում» և նոր՝ «Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանում» միջոցառումների իրականացման համար նախատեսված գումարների բավարար չլինելու, ինչպես նաև նախատեսվող միջոցառումները հավուր պատշաճի իրականացնելու հանգամանքով:
2025 թվականի պետական բյուջեի «1063. Մասսայական սպորտ» ծրագրի «11025. Հայաստանի Հանրապետության մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսում» միջոցառման շրջանակում պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում ՀՀ մարզերի մասնավոր լողավազաններում դպրոցահասակ երեխաներին լողի ուսուցման կազմակերպման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթին հաղթող ճանաչվող կազմակերպություններին գումարի հատկացման ապահովում։ Ինչպես նաև ՀՀ կառավարության 2025 թ. մարտի 27-ի N 341-Ն և օգոստոսի 24-ի N 1115-Լ որոշումներով հաստատված հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման ծրագրով ընտրված շահառուներին հեծանիվների ձեռքբերման նպատակով սուբսիդիայի տրամադրման ապահովում:





