Անվտանգության հենասյուներից մեկը պետք է լինի լեգիտիմությունը. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի բացմանը:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը հանդես է եկել ելույթով և ընդգծել անվտանգության օրակարգերի շուրջ հանրային համախմբվածության կարևորությունը․ «Համախմբվածությունը, իհարկե, շատ կարևոր է, բայց երբեմն մենք մոռացության ենք մատնում մի շատ կարևոր հանգամանք, որ պետք է հստակ և ճշգրտված լինի, թե ինչի շուրջ է համախմբվածությունը և ինչ նպատակ այն ունի»։
Վարչապետի խոսքով՝ հարկավոր է արձանագրել և ձևակերպել, թե ի՞նչ նկատի ունենք անվտանգություն ասելով, ում և ինչի անվտանգությունը նկատի ունենք և ի՞նչ պարամետրերով է այն արտահայտվում: «Իմ ընկալմամբ անվտանգությունը սեփական խոցելիությունները նվազեցնելու գործընթացն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ անվտանգության ապահովման և խոցելիությունը նվազեցնելու մեր պատկերացումների մեջ էական հանգամանքներ են փոխվել:
Երկրի ղեկավարի գնահատմամբ՝ հիմա մեր անվտանգության լեգիտիմության ռազմավարությունն ավելի է ամրապնդվել ս.թ. օգոստոսի 8-ին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումով և Վաշինգտոնի խաղաղության հռչակագրով։ «Այն, ինչ մենք անում ենք արտաքին միջավայրի հետ կապված, կապված է միայն ու միայն բացառապես անվտանգության լեգիտիմության ռազմավարության հետ», - ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ լեգիտիմության ռազմավարությունը կարևոր է նաև բանակի բարեփոխումների համար:
- Եվ այստեղ է մեր հաջորդ ռազմավարական վերաձևակերպումը, որը հնչում է և հնչել է հետևյալ կերպ՝ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս անելիք չունի, խնդիր չունի և բանակի խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն ապահովելն է։ Սա է լեգիտիմության ռազմավարությունը բանակի դեպքում և բանակի պարագայում, - ասել է վարչապետը՝ հավելելով, որ լեգիտիմության ռազմավարությունը մեզ տվել է կոնկրետ արդյունքներ, մասնավորապես, ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական համագործության շրջանակի ընդլայնումը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե որևէ բան կա, որ մեզ խոցելի է դարձնում կամ խոցելի է դարձնելու, և կարող է լեգիտիմացնել մեր խոցելիությունները, ուրեմն մենք պետք է այդ հարցերը լուծենք. «Այլևս չկան փոքր հարցեր, որովհետև երբ դու մեծերը հեռացնում ես, ամեն հաջորդ հարցը դառնում է այդ պահի ամենամեծ հարցը: Եվ անպատասխանատու է ասել, որ այդ հարցն ուրիշները կգան կլուծեն, ուրիշ չկա, կամ՝ ապագայում կլուծեն, ապագան այսօր է: Լուծվե՞ց այսօր, ուրեմն ապագան կա, չլուծվե՞ց այսօր, ուրեմն ապագան չկա։ Եվ սա է այն ռազմավարությունը, որ մեզ հնարավորություն է տալիս ասելու, որ մենք այսօր անկախ ենք, քան երբևէ, ինքնիշխան ենք, քան երբևէ, պետություն ենք, քան երբևէ, և թույլ տվեք ասել անվտանգ ենք, քան երբևէ։ Հայաստանի Հանրապետությունը երբեք ավելի անվտանգություն իր անկախության ընթացքում չի ունեցել, քան ունի այսօր՝ 2025 թվականի սեպտեմբերի 15-ին։ Եվ ես սա ասում եմ պատասխանատու կերպով»:
Անդրադառնալով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրին՝ վարչապետը նշել է, որ այն ենթադրում է ապաշրջափակում Հայաստանի համար, բայց որը ենթադրում է նաև Ադրբեջանի ապաշրջափակում Հայաստանի տարածքով:
- Կա՞ արդյոք անվտանգության երաշխիք: Իմ կարծիքով, այո՛, կա անվտանգության երաշխիք: Անվտանգության երաշխիքը խաղաղությունն է: Խաղաղությունից բացի որևէ ուրիշ անվտանգության երաշխիք պարզապես գոյություն չունի: Մենք այսօր ունենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունն ամենօրյա խնամք է պահանջում: Եվ առավել ևս՝ խաղաղությունը պահանջում է անընդհատ ինտսիտուցիոնալացում: Առաջին հերթին՝ նկատի ունեմ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը, - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Սակայն, ըստ վարչապետի, դրանից հետո էլ է խաղաղությունը պահանջում ինստիտուցիոնալացում, որովհետև դրանից հետո ի հայտ են գալու ամենատարբեր այլ հարցեր. «Այդ հարցերից որևէ մեկի լուծման արդյունքում խաղաղությունը շարունակելու է պահանջել ինստիտուցիոնալացում: Բոլոր, նույնիսկ 50 տարի գոյություն ունեցած խաղաղությունները ինստիտուցիոնալացման կարիք ունեն, որովհետև, եթե դու չես զբաղվում խաղաղության ինստիտուցիոնալացմամբ, խաղաղությունն ապաինստիտուցիոնալացվում է, այսինքն՝ քայքայվում է»:
Ամփոփելով խոսքը՝ վարչապետն անդրադարձել է գարնանն իր կողմից արված այն հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն:
- Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է,- արձանագրել է երկրի ղեկավարը:





